ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՆԱԽԱՆՇՎԵՑԻՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Պաշտպանության նախարարությունում ամփոփվեցին զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները: Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգրկուն զեկույցում մանրամասն անդրադարձավ գործնական վարժանքների ընթացքում բանակային զորամիավորումների հրամանատարների եւ նրանց տեղակալների ընդունած որոշումների արդյունավետությանը: Գլխավոր շտաբի պետը բարձր գնահատեց հնգօրյա հավաքներում ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված մարտական խնդիրների լուծման եւ որոշումների ընդունման առումով:
Առանցքային խնդիրների, անելիքների ու առաջիկա միջոցառումների մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ զորքերի մարտունակության բարձրացման կարեւոր նախապայմանն այսօր նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի ներդրումն է, կիրառման առանձնահատկությունների ուսուցումը, ինչպես նաեւ՝ գիշերային պայմաններում մարտ վարելու կարողությունների զարգացումը:
Աշխատանքային փուլում է զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձեւավորումը: Վիգեն Սարգսյանն առանձնացրեց ակտիվ պահեստազորում ընդգրկվածների նեղ մասնագիտական գիտելիքների կատարելագործման հարցը, կարեւորեց զորահավաքային ռեսուրսի պարբերական վարժանքների կազմակերպումը:
Առաջիկայում կկրճատվի զինկոմիսարիատների թիվը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դրանք կխոշորացվեն՝ բազմապատկելով իրենց հնարավորությունները: Նախարարն արդեն հանդիպել է այն զինվորականներին, որոնք կնշանակվեն վերոնշյալ պաշտոններում: Նախապատվությունը տրվելու է զորային օղակում ծառայածներին: Անդրադառնալով կաշառք վերցնելու համար կալանավորված զինկոմի տեղակալին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ այսուհետ եւս լինելու է խիստ մոտեցում խիստ հետեւանքներով. «Այլ ճանապարհ պարզապես չկա: Մեր հանրության համար նման դեպքերն այն կարմիր գիծ են, որ ստվեր են գցում կառույցի վրա: Խրամատում հակառակորդի դիմաց կանգնած զինծառայողներն ամենեւին պարտավոր չեն կիսելու պատասխանատվությունը այն մարդկանց հետ, որոնք սովոր են պարկետի վրա գումար վաստակել»:
Պաշտպանական գերատեսչությունում կատարվել է նաեւ կադրային փոփոխություն. նշանակվել է ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության նոր պետ: Վարչության հիմնական խնդիրը լինելու է զորային կառույցում հաշվապահական հաշվառման համակարգի գործարկումը. «Մենք՝ որպես կառույց, չենք կարողանալու լավ ապրել, քանի դեռ չունենք հստակ պատկեր, թե որտեղ է արձանագրվում ավելորդ, չհիմնավորված ծախս, եւ ինչպես կարող ենք կարգավորել այդ ծախսը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով զինվորական կրթությանը՝ նախարարը դրական լուր հայտնեց: Հանրապետության հինգ մարզերից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել դպրոցականներ: Հինգ հարյուրը ցանկություն է հայտնել ուսումը շարունակելու այդ վարժարանում. «Եվ սա դեռ Երեւանը, Արցախը եւ մյուս մարզերը չհաշված: Այսինքն՝ մեկ տեղի համար 10 դիմորդի մրցակցությունն իրատեսական է դառնում, ինչը հնարավորություն կտա զինված ուժեր ներգրավել լավագույններին»:
Նախատեսվող միջոցառումներից Վիգեն Սարգսյանն առանձնացրեց սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու են տասը երկրներից ներկայացուցչական պատվիրակություններ. «Աճում է հետաքրքրությունը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի շուրջ տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այս ցուցահանդեսը կդառնա ամենահեղինակավորը մեր տարածաշրջանում»:
Վիգեն Սարգսյանը հանձնարարականներ տվեց «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նշեց՝ հենց այս զորավարժության ընթացքում է առաջին անգամ փորձարկվելու խորհրդարանական հանրապետության կառավարման նոր ուղղահայացը հնարավոր մարտական գործողությունների ժամանակ:
Շուշան Ստեփանյան
Լուս.՝ Արեգ Վարդանյանի
Խորագիր՝ Նորություններ