Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ARMHITEC» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ



«ARMHITEC» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի մամուլի ասուլիսը: Նա խոսեց «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի ծրագրերի մասին:

Դավիթ Փախչանյանը նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է լինելու ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը և մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի ստեղծմանը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ կոնֆերանսների, կլոր սեղանների ձևաչափով: Կանցկացվի հայ-ռուսական կոնֆերանս ոլորտի պատասխանատուների և բիզնես շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը և այլն: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 14 երկրներից 30 ընկերություններ, նաև մեր հայկական բոլոր ընկերությունները: Շատ ընկերություններ, այդ թվում` արտասահմանյան, չեն ունենա սեփական տաղավարներ, բայց կմասնակցեն գործարար ծրագրերին: Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը հայտնեց, որ ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու պետական բարձրաստիճան պատվիրակություններ տասը պետություններից:

Այնուհետև Դավիթ Փախչանյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նշեց, որ ցուցահանդեսը նոր հարթակ է լինելու համագործակցություն հաստատելու համար:

-Ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ արդեն իսկ կա համագործակցություն, մասնավորապես` ռուսական «Ուրալվագոնզավոդի», «Ռոսօբորոնէքսպորտի», «Ալմազ-Անթեյի» և այլն: Մի շարք ընկերությունների հետ բանակցությունների փուլում ենք, համագործակցության ուղիներ ենք մշակում: Օրինակ՝ ներկայացված են լինելու հնդկական երկու ամենախոշոր ռազմական ընկերությունները:

Խոսելով 2016թ. ապրիլից հետո ռազմարդյունաբերության ոլորտում հայկական մտքի կարողությունների օգտագործման մասին՝ Փախչանյանը հայտնեց, որ բավականին առաջընթաց ունենք: Ցուցահանդեսի ընթացքում լինելու է նաև փակ ցուցադրություն՝ միայն գաղտնիության թույլտվություն ունեցող անձանց համար: Այնտեղ  ներկայացված են լինելու մեր ամենաթարմ մշակումները:

«ARMHITEC» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋԱնդրադարձ եղավ նաև ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտադրական հնարավորություններին: Նախարարի տեղակալն առանձնացրեց մեզ համար կարևոր և արդեն որոշակի հաջողություններ գրանցած ուղղությունները:

-Հաջողությունները տեսանելի են էլեկտրոնիկայի, կապի, ռադիոտեղորոշման, հետախուզության, ռոբոտացված համակարգերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների, օպտիկա-էլեկտրոնային, լազերային տեխնիկայի և այլ ուղղություններում: Այդտեղ մենք միանշանակ ունենք հնարավորություններ և հիմնականում շեշտադրում ենք հայկական արտադրության սպառազինություն ունենալը: Տանկերի, ՀՕՊ համակարգերի արտադրություն կազմակերպելու հնարավորություններ Հայաստանում առայժմ չունենք, բայց արդիականացման որոշակի աշխատանքներ անում ենք նաև այդ ուղղությամբ:

Լրագրողների հարցերի մի մասն էլ առաջնագծի տեխնիկական վերազինման մասին էր:

-Տեսադիտարկման տեխնիկայով առաջնագիծը հագեցնելու վերաբերյալ շատ լուրջ առաջընթաց ունենք: Ի դեպ, ցուցահանդեսի ժամանակ առցանց ռեժիմով կցուցադրենք առաջնագծից որոշակի պատկեր, նույնիսկ հնարավորություն կլինի այդ տեսախցիկը շարժելու: Կարող է անընդհատ թույլ չտանք աշխատեցնել այն, որովհետև զինվորի անվտանգությունն ավելի կարևոր է, քան ցուցադրությունը: Աշխատում ենք նաև ռոբոտացված համակարգերի ստեղծման ուղղությամբ: Դրանցով հնարավոր կլինի հեռակառավարվող միջոցներով կրակային խոցման հնարավորություններ ստեղծել՝ առաջնագծում մեր զինվորների գտնվելն ավելի անվտանգ դարձնելով:

Փախչանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի, մասնավորապես՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման, Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների՝ Հայաստանի համար հավանական հետևանքների վերաբերյալ և այլն:

-Ակնհայտ է, որ մենք որոշակի դժգոհություն ունենք Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման առումով: Ռուսական կողմից այժմ հնչեցվում է, որ այդ մատակարարումների քանակները խիստ նվազելու են: Նշեմ, որ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ հիմա ընթանում է բավականին արդյունավետ: Այն, ինչ նախատեսված էր առաջին վարկի շրջանակներում, արդեն ամբողջությամբ մատակարարված է: Կա պայմանավորվածություն աշխատանքը շարունակելու առումով և, դա մեր սպառազինության գնումների լուրջ մասն է կազմում:

Իհարկե, ամերիկյան պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց, և այդ հարցում մենք առաջնորդվելու ենք մեր շահերով:

Հայկական ռազմարդյունաբերության համալիրի արտադրանքի ներկայացվածությունը  միջազգային շուկայում փոխնախարարը անբավարար է համարում:

-Մենք նոր-նոր ենք սկսում այդ աշխատանքը: Ռազմական տեխնիկայի շուկան շատ բարդ է, ու նման շուկաներ արագ մտնելը գործնականում անհնար է: Դու պետք է փորձով համոզես, հաստատես, որ քո արտադրած տեխնիկան կբավարարի համապատասխան պահանջներին: Սա երկար աշխատանք է, և մենք պատրաստ ենք դրան: Մեր ցուցահանդեսին ներկա են լինելու մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն իսկ հետաքրքրված են հայկական արտադրությամբ:

Արսեն Աղեկյան

Լուս,՝ Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ Նորություններ


28/03/2018