Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ…



ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ...Համացանցում ուշադրությունս մի տեսանյութ գրավեց. Իսրայելի հեռուստատեսության ուղիղ եթերից արաբ հաղորդավարուհին` աշխատանքից հեռացվելու վտանգն անտեսելով, անգլերենով հիշեցրեց` «Թել-Ավիվի քթի տակ՝ Սիրիայում, ցեղասպանություն` Հոլոքոստ է իրականացվում: Մինչդեռ միջազգային հանրությունը, գերտերությունները լուռ ու անտարբեր են: Նա 21-րդ դարի խայտառակություն անվանեց Սիրիայում տիրող իրավիճակը: Քաջարի աղջիկը իր խոսքում հիշեցրեց նաև հայերի  ցեղասպանությունը, Ռուանդան, Բոսնիան, Դարֆուրը, Երկրորդ համաշխարհային պատերազմը… խոսքն ավարտեց Էյնշտեյնի հետևյալ խոսքերով. «Աշխարհը կործանելու են ոչ թե նրանք, ովքեր չարիք են գործում, այլ այդ ամենին անտարբեր հետևող ու ոչինչ չանողները…»:

 

Տիկին Մարին և նրա երկու դուստրերը Սիրիայում այժմ էլ շարունակվող  պատերազմի սարսափների անմիջական վկաներն են՝ վերապրածները: Նրանք հիմա իրենց երևանյան բնակարանն ունեն: Հալեպի  պատերազմական գոտու ամենաթեժ թաղամասերից մեկում` Ջդեյդե-Սալիպեում, մեկ ու կես տարի շարունակ իրենց տունը չլքելուց հետո, հերթական ռմբակոծությունը նրանց հարկադրեց հեռանալ…  Շուտով համոզվելու էի, որ այս երեք խաղաղաբարո, նուրբ կանանց մեջ ոգու գերբնական ուժ կա:

 

Առաջին կորստի ցավը…

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ...Տիկին Մարիի պապը Իսկենդերունի (Ալեքսանդրեթ) Ղրըխան գյուղի գյուղապետն էր: «Պապս նարնջի, հոնի տնկիներ էր աճեցրել: Պտղակալել էին. բերքը պիտի հավաքեինք,- հիշում է տիկին Մարին, որ այդ ժամանակ հինգ տարեկան է եղել:- Մի օր էլ տեսա, որ մեր բոլոր դրացիները, մայրիկս շտապով հավաքում են իրերը: Մեզ՝ հայերիս, հանում էին տներից: Ֆրանսիացիները այդ շրջանը հանձնել էին Թուրքիային: Ճամփա ընկանք եզանը լծված կառքով: Նայում էի մեր այգիներին. նարինջները ծանր-ծանր մինչև գետին ճյուղերից կախվել էին, չորս-հինգ տեսակի թթենիները ճքճքում էին բերքի առատությունից: Այգուց մինչև երեսուն պարկ կաղին էինք հավաքում. մեծ մասը վաճառում: Ի՜նչ պարտեզ, խենթանալու բան էր…,- Տիկին Մարիի երկնագույն, ջինջ աչքերում ասես տեսնում եմ արևահամ մրգերով հարուստ այգու շքեղությունը,- գլուխս կառքից դուրս հանած՝ նայում էի այգու հասուն մրգերին, խաղողի հսկայական ողկույզներին: «Իսկ սրանցից մեզ չե՞ն տա»,- հարցրի մորս: Մայրս՝ արցունքն աչքերին, անթարթ նայում էր փարթամ այգուն… Չպատասխանեց»:

1937 թ.-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրեթի մարզը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ: 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը: 1939 թվականի հունիսին վերջինս միացվել է Թուրքիային: Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը տեղահանվել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում: Տարածքից տեղահանվել է նաև 20 հազար արաբ: Սիրիան չի ճանաչել այդ բռնակցումը:

Տեղահանվածները հանգրվանում են Հալեպի Կիլիկյան դպրոցում, որտեղ պետք է մնային մինչև բարեկամ-ծանոթի մոտ տեղավորվելը կամ տուն վարձելը: Գործ չունեին. իսկ տիկին Մարիի հայրը ընտանիք պահելու խնդիր ուներ: Նա ծառայության է անցնում ֆրանսիական բանակում: Որ պահին, որտեղ կարիք էր լինում, պետք է շտապ մեկնեին: Այս արշավներից մեկի ժամանակ 32 տարեկան հայրը հիվանդանում ու մահանում է:

Մեծ տան հարս մայրը ամուսնու մահվանից հետո աղախնություն է անում, որ երեք երեխաներին պահի, բայց, ավա~ղ, մեծատուն գյուղապետի թոռները որբանոց-այրիանոց տեղափոխվեցին… «Դժվար օրեր անցկացրինք… Մեր ապահով կյանքի պտուղները այդպես էլ չկարողացանք վայելել,- ծանր սրտով հիշում է տիկին Մարին: -Հորս մահվանից հետո որոշ ժամանակ հայրական տատիկի  տանն էինք մնում: Մի անգամ տեսանք, որ վարորդը մեր տան ուղղությամբ մարդ է բերում: Արաբ ամուսնու հետ մի գեղեցիկ կին իջավ դռան առջև. տարիներ առաջ ջարդերի ժամանակ տատիկիս կորած քույրն էր գտել մեզ… 15 տարեկանում կորել էր գաղթի ճամփին, հետո Դեր Զորում ամուսնացել էր իրեն ապաստան տված մահմեդական արաբի որդու հետ: Տարիներ անց, նա հիշել էր, որ Հալեպում քույր պետք է ունենա: Մի հայ վարորդի, որ հաճախ էր գնում-գալիս Հալեպ, խնդրել էր. «Այսպիսի մեկին կարո՞ղ ես գտնել»: Վարորդն անուն- ազգանունով գտել էր մեծ մայրիկիս:

Դրանից հետո արդեն ընտանիքով շուտ-շուտ այցելում էին մեզ: Դեր Զորից մեծ-մեծ ձկներ էին բերում: Ամուսինը, չնայած մահմեդական էր, բայց շատ բարի, լավ մարդ էր: Մեզ շատ էր սիրում»: 

 

Սիրիա` Հալեպ. Ջդեյդե-Սալիպե

Մեկ ու կես տարի շարունակ Հալեպի ամենավտանգավոր թաղամասերից մեկում՝ Ջդեյդե-Սալիպեում  իրենց տունն էին հսկում այս երեք փոքրակազմ, բայց քաջարի կանայք: Տարագիր նախնիների արյան կանչն էր, թերևս, ստիպում կառչած մնալ հայրենիք դարձած այս հողակտորին, սիրով հիմնած հարազատ տանը: Մինչև պատերազմն սկսվելը քույրերից կրտսերը՝ Մարգարիտը, գիշերները տարօրինակ թխկթխկոցներ էր լսել իրենց տան տակից: «Ականջս սուր է: Ասում էի` «Ինչ-որ բան են փորում»: Ծիծաղում էին վրաս: Բայց եկեղեցու պահակն էլ էր լսել: Հետո, մի գեղեցիկ օր, ահաբեկիչ-գրոհայինները դուրս եկան «գետնի տակից». պարզվեց՝ ստորգետնյա բազմաթիվ անցումներ են փորել՝ գաղտնի զենքեր կրելով՝ այստեղ հայտնվեցին»:  Միանգամից ամբողջ թաղը դատարկվեց: Իրենցից բացի, թաղամասում կառավարական զորքերն էին հսկում տարածքը: Նրանք ռմբակոծությունների ժամանակ միշտ զգոն էին, ուշադիր կանանց հանդեպ. «Ինչպե՞ս եք,- գոռում էին,- հո չվնասվեցի՞ք»:

Սակայն եթե դուրս գային տնից, հավանական է, որ կմտնեին, կթալանեին: Խեղճ մարդիկ մնացել էին այդ ամայի ու վտանգավոր փողոցներում. ի՞նչ պետք է անեին` մի կերպ իրենց գլխի ճարը պիտի տեսնեին…:

Քանի որ մենակ էին, կասկածամիտ էին դարձել. բա որ մեկը տանիքից ներս մտնե՞ր: Մի սենյակում երեքով էին քնում: «Մի օր, գիշերվա ժամը 3-ն էր: Քունս փախել էր,- պատմում է Մարգարիտը:- Ձայն լսեցի: Լամպը վերցրի, բարձրացա տանիք: Տեսա` երկու հոգի քաշքշում են խանութի դռները: Լույսը գցեցի վրաները: «Ո՞վ ես»,- հարցրեց նրանցից մեկը: «Տերն եմ,- պատասխանեցի,- սրանք էլ` իմ խանութներն են»: Մեր 7 խանութներից ոչինչ չմնաց. այրեցին, թալանեցին: «Դո՞ւ ով ես»,- հարցիս, «Մարդ ենք փնտրում»,- պատասխանեցին ու ձուլվեցին մթությանը:  

Մի անգամ էլ վաղ առավոտյան եկան. թը~խկ, թը~խկ, ուժգին սկսեցին ծեծել դուռը: Ոտքի հզոր հարվածից դուռը մեջտեղից բացվեց: «Ինչո՞ւ չեք բացում,- ասաց զինվորականը: -Պետք է վերև բարձրանանք: Մարդ ենք նկատել»:

Թաղի զինվորականներից շատ շատերն այս ընթացքում զոհվեցին. ջահել տղաներ: Մեկը կար, իրենց ավագն էր: Զոհվեց: Դեռ դին մեջտեղում դրված` տեսանք, թե զինվորները ինչպես են հագուստը` կոշիկները, գուլպաները հագից հանում… Այս է մարդ արարածը պատերազմում…»:

 

«Երկաթե» տիկինը

Տիկին Մարին այդ օրը որոշեց այցելել կողքի թաղամասում ապրող հարևանուհուն: Միշտ կանչում էր, բայց հրետակոծությունները խանգարում էին, չէր ստացվում այցելությունը: Երբ աղջիկների ուղեկցությամբ արդեն մոտենում է ընկերուհու տանը, հանկարծ ինչ-որ տաքություն է զգում կոնքի հատվածում, ոտքերը ծալվում են. թափառող փամփուշտը դիպել էր պատին ու հետհարվածով խոր մխրճվել կոնքի մեջ: Հասցնում են գրկել նրան. ոտքերն ամբողջովին արյան մեջ էին:

Հաջորդ օրը Մարգարիտը դպրոց չգնաց. անհանգստացել էին` ու՞ր է կորել իրենց պարտաճանաչ հաշվապահը: Պատերազմ է. անմիջապես վատ բան են մտածում: Հիվանդանոցի մոտ մարդկանց բազմություն էր հավաքվել. այստեղ էր դպրոցի ամբողջ ուսուցչական կազմը, եկեղեցու հոգևոր հայրը, զինվորականներ, հարևաններ: Վիրաբույժն ասաց. «Եթե այս կինն իմ մայրը լիներ, ես չէի վիրահատի. նախ՝ տարիքը, երկրորդը` այնքան խորն է փամփուշտը, որ դժվար է հանելը: Դեղեր կնշանակեմ, ամեն ինչ լավ կլինի»:

«Երեկոյան պիտի վիրակապը փոխեինք, իսկ ես արյուն տեսնել չեմ կարողանում,- պատմում է Մարգարիտը,- Պերճուկը քաջ-քաջ ասաց. «Ես կանեմ»: Դուրս եկա, որ չտեսնեմ: Երբ ներս մտա, Պերճուհին ուշաթափ ընկած էր»: 

Չնայած այս ամենի ողբերգականությանը, այնքան թեթև ու զվարճալի են պատմում քույրերն ու մայրը, որ ակամայից բոլորս բռնվում ենք անզուսպ ծիծաղով:

«Օրը մի քահանա գնում-գալիս էր, աղոթքներ էին կարդում»,- զվարճալի հնչերանգը պահելով` ասում է Մարգարիտը:  

«Չէ՞ որ ես ամեն օր եկեղեցի էի գնում: Հիմա էլ եկեղեցին էր գալիս իմ տուն»,- ծիծաղելով շարունակում է տիկին Մարին: «Երբ Հայաստան գալիս պետք է օդակայանում մետաղ որսացող սարքի միջով անցներ,- շարունակում է Մարգարիտը,- մեկ էլ` «ծը~նգ» լսվեց: Ստիպված էինք բացատրել, որ մետաղը մարմնի մեջ է: «Կուզե՞ք՝ նայեցե՛ք»,- ասացի: «Չէ՛, չէ՛, կարիք չկա»,- պատասխանեցին վախեցած:

 

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Ճակատագրեր


29/03/2018