Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼ ՎԱՐԴԵՐ՝ ԶԻՆՎՈՐԻՑ



Ժամանակն ինչքան արագ է թռչում…

 ԱԼ ՎԱՐԴԵՐ՝ ԶԻՆՎՈՐԻՑՈրդիս՝ Արմենը, արդեն զինվոր է, ես՝ զինվորի մայր… ու թե ինչ հույզեր ու  զգացողություններ են սրտիս, հոգուս մեջ,  կարծում եմ, ինձ  լավ կհասկանան միայն զինվորի մայրերը: Ամբողջ օրը, ինչ գործ էլ որ անեմ, առօրյա մեծ ու փոքր  հոգսերի  մեջ ուշքումիտքս  զինվոր զավակիս կողմն են:

Արմենը Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի ծրագրային ճարտարագիտություն բաժնի երկրորդ կուրսից  է զորակոչվել:

Գիտեմ, որ որդիս առանձնակի նվիրումով է ծառայում՝ ամուր եւ անսասան պահելով իր քաջ հորեղբոր՝ Արմեն Ապրեսյանի, մեր մյուս հերոս տղաների կյանքի գնով է՛լ ավելի սրբացած ու թանկ դարձած հողը:

…Վերջերս ընտանիքով գնացել  էինք Արմենի զինվորական երդման արարողությունը մասնակցելու: Ամբողջ ճանապարհին հազար տագնապ, անհանգստություն ու անորոշություն էր սրտումս. տեսնես՝ որդիս ոնց է հարմարվել բանակային կյանքին, ոնց է հաղթահարում ծառայական կյանքի դժվարությունները, խնդիրներ հո չունի, տեսնես՝ ամեն ինչ հարթ է…

Զորամասի շարահրապարակում կանգնած էին զինվորները, մեկը մեկից ձիգ ու պարթեւ, մեկը մեկից խրոխտ ու առնական: Զինվորական միանման համազգեստով, իրար այնքան նման տղաների մեջ  փնտրում էի որդուս: Գտա: Ինքը մեզ վաղուց էր նկատել ու անուշ ժպտում էր: Որդու լուսավոր ժպիտը  թերեւս պատասխանն էր ինձ հուզող  բոլոր մտահոգությունների ու տագնապների…

Մեր զինվոր որդիները՝ հայրենիքի զինվորները, երդվում էին… Իսկ թե ինչ  էր կատարվում մեր սրտերում, որքան էլ որ շքեղ ու հարուստ բառագանձ ունի մեր հայոց լեզուն, միեւնույն է՝ բառերը չեն հերիքում այդ զգացողությունները նկարագրելու. դեռ երեկ մեր որդիները մեր պաշտպանությունն էին վայելում, այսօր իրենք են պաշտպանում մեզ, հայրենիքի սահմանները…

Երդման հանդիսավոր արարողության ավարտից հետո ծնողներով խմբվել-հավաքվել էինք դարպասների առաջ ու անհամբեր սպասում էինք: Չգիտեմ՝ որքան տեւեց այդ սպասումը, գուցե րոպեներ,  գուցե նույնիսկ  վայրկյաններ, բայց  կարոտած ծնողների համար, հավատացեք, դարից երկար ձգվեց  այդ ժամանակը…

Մեկ էլ լսում ենք մեր երեխեքի  խրոխտ երգն ու ոչ պակաս խրոխտ քայլքի ձայնը,  որ գնալով  ավելի ու ավելի էր ուժգնանում: Վերջապես բացվեցին զորամասի  դարպասներն ու… Հիմա էլ հուզվում եմ այդ պահը հիշելիս՝ մեր զինվոր զավակները շքեղ ալ վարդերով, ուրախ-զվարթ շտապում էին մեզ ընդառաջ ու ծաղիկները նվիրում իրենց տեսակցելու եկած մայրերին, տատիկներին, քույրերին, սիրած աղջիկներին: Փարվել էի  տղայիս ու արցունքներս հազիվ էի զսպում: Ինձ թվում էր՝ ամբողջ աշխարհն ինձ էին տվել:

Որդուս ծառայավայրից վերադարձա խաղաղված: Տան որ անկյունում որ նստում էի կամ գործ անում, Արմենիս նվիրած վարդերը պարտադիր  աչքիս առաջ էին: Վարդերը երկար-երկար  թարմ մնացին… Ասում են՝ սիրով, նվիրումով տրված ծաղիկները երկար են թարմ մնում:

Ուզում եմ բոլոր մայրերի, քույրերի, տատիկների անունից շնորհակալության  ու երախտիքի ջերմ  խոսքեր հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ իրագործվել էր այս գեղեցիկ ու անչափ հաճելի անակնկալը: Գուցե շատերի համար սովորական ու աննշան  թվա այս ամենը, բայց  ոչ զինվորի ծնողի համար. յուրաքանչյուր ուշադրության դրսեւորում զինվորի հարազատի հանդեպ ջերմացնում է մեր սիրտը ու միաժամանակ՝ շատ բան ասում զորամասի մասին:

 

ԱՆՈՒՇ ԲԵԳԻՅԱՆ

Երեւան

Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Բանակ և հասարակություն


29/03/2018