Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԴուռը բացվեց, ու երիտասարդ զինվորականը ներս մտավ` «Մարտական խաչը» կրծքին: Մենք խմբագրի աշխատասենյակում «Հայ զինվորի» գալիք համարն էինք քննարկում: Մի քանի վայրկյան` եւ բոլորս նկատեցինք «Մարտական խաչը»: Ու ասես հրամանով` կտրուկ ոտքի կանգնեցինք: Զինվորականը շփոթված ժպտաց: 

-Ես Ռազմիկ Գասպարյանն եմ: Եկել եմ հարցազրույցի…:

Տղաները հերթով մոտեցան ու սեղմեցին զինվորականի ձեռքը` ընդգծված ակնածանքով: Աղջիկները ժպտացին`սիրալիր ու հիացած:

 

-Ռազմի՛կ, չեմ դիմանում գայթակղությանը եւ հենց հիմա ուզում եմ լսել այն հերոսապատումը, որի համար «Մարտական խաչ» եք ստացել:

-Հա՛, հուզված եք….«Մարտական խաչի՞ց» այդպես ներշնչվեցիք:

-Այո՛: Բայց ավելի լավ է՝ Դուք ամենասկզբից պատմեք` մանկություն, պատանեկություն… Հա՛մ կխաղաղվեմ, հա՛մ էլ կծանոթանամ Ձեր կենսագրությանը:

-Մինչեւ յոթ տարեկան ապրել եմ մորական պապիս տանը ու այդ տարիներից ոչինչ չեմ հիշում: Հետո եկա մեր տուն ու սկսեցի ընկերություն անել Գասպար պապիս հետ: Պապս երեխա ժամանակ կորցրել էր ծնողներին ու մնացել էր մենակ: Մի օր մեկի տանը, մի օր` մյուսի, մեծացել էր: Ինձ մենակ պապս էր սիրում:

-Բա ծնողնե՞րդ:

-Ծնողներս անխնա պատժում էին, բայց ես էլի չարություն էի անում: Օրը չէր մթնի, եթե մի անկարգություն չանեի: Ամենօրյա ծեծկռտուքները սովորական բան էին, բայց, երբ դպրոցը վառեցի…

…Ես երրորդ դասարանից ծխել եմ: Դպրոցական երեխա՝ կաթի գործարանում էի աշխատում` ծանր բիտոնները մեջքիս դրած, որ ծխախոտի փող ունենամ: Չէի լսում մեծերին, կոպիտ պատասխաններ էի տալիս:

-Ինչո՞ւ:

-Ուզում էի արտասովոր լինել: Ուզում էի տարբերվել մյուսներից: Ուժեղի, անվախի, հզորի համբավ ունենալ: Ինձ համար տարվա ամենաերանելի ժամանակը ամառն էր, երբ պապիս հետ անասուններն առած` գնում էինք սարերը:

-Ձե՞ր անասունները:

-Չէ՛, գյուղի, ես Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղից եմ: Ես ու պապս հովիվ էինք: Սարերում վերջապես ազատվում էի ծնողներիցս ու վայելում ազատությունս սիրելի պապիս հետ:

….Ախր, դուք չգիտեք վարդենիսցիներին: Նրանք իրենց բնության նման սարթ են: Մեզ մոտ միայն մի քանի ամիս է ձյունը հալվում, շուրջբոլորը կոշտ ու կոպիտ բլուրներ են, ծիրան, դեղձ, բադրիջան, բիբար` նման «քնքուշ» բաներ մեզ մոտ չեն աճում: Մարդիկ էլ նուրբ բաների հետ գլուխ չունեն: Իսկ ես հոգուս խորքում… Լավ, էդ հեչ: Ամռանը բլուրները կանաչում էին: Ես չափչփում էի ծաղկոտ, գունավոր սարերը, իսկ երբ անձրեւ էր գալիս, ես ու պապս հագնում էինք յափնջին ու ջրի խշշոցի տակ զրույց անում: Պապս Հայրենական պատերազմից էր պատմում, ես` իմ երազանքներից:

-Դուք ի՞նչ երազանքներ ունեիք:

-Ուզում էի հեղինակություն դառնալ: Փորձեք հասկանալ: 10-13 տարեկան տղա` նշանակալի լինելու մեծ ցանկությամբ, որը չգիտի՝ ինչպես, որտեղ ծախսի իր եռանդը: Ու ամեն անկարգությունից հետո հավաքվում են դպրոցի ուժեղ տղերքը ու փորձում կոտրել տղային:

-Ովքե՞ր էին դպրոցի ուժեղ տղերքը:

-Տնօրենը, ուսմասվարը, փոխտնօրենը: Ու եթե էդ պահին Արցախյան պատերազմի հերոսներից պատմեին ինձ, կուզեի հերոս դառնալ, մահվան բերանը գնացող զինվորներից պատմեին, կուզեի զինվոր դառնալ:

-Պարզ է… Ասացիք՝ «հոգուս խորքում» ու կիսատ թողեցիք: Ոչինչ մի թաքցրեք: Առանց այդ էլ, արտառոց մարդ եք: Պիտի կարողանամ «բռնել» Ձեր կերպարը:

-Ես շատ լավ երգում եմ: Շատ լավ նկարում եմ: Փոքր ժամանակ ինձ Պելե էին ասում: Փողոցները չափչփելուց, քամու, արեւի տակ մնալուց՝ նեգրի գույն ունեի… ու շատ լավ ֆուտբոլ էի խաղում: Ասեցի՞, որ բոյս մետր ու 50 էր մինչեւ 18 տարեկան:

-Հիմա բարձրահասակ եք:

-Բանակում եմ բոյովացել: Բանակ ճամփելիս, երբ մամաս գրկեց, գլուխս մտավ մամայիս ծնոտի տակ: Երբ մորս հետ գրկախառնվեցի զորացրվելուց հետո, մորս գլուխը մտավ իմ ծնոտի տակ:

-Մետր 50 բոյո՞վ էիք ծեծկռտուք սարքում:

-Դուխը հոգու մեջ է, ոչ թե մկանների:

-Ասացիք՝ ինձ ոչ ոք չէր սիրում փոքր ժամանակ: Ես կսիրեի Ձեզ, պաշտում եմ անկարգ երեխաներին:

-Չէիք սիրի: Ինձ նույնիսկ աղջիկները չէին սիրում: Մի աղջկա մանկապարտեզից մինչեւ քսան տարեկան անպատասխան սիրեցի ու սպասեցի: …Երբ ես դուրս էի գալիս բակ, մայրերը բակում խաղացող իրենց աղջիկներին ներս էին տանում:

-Չափազանցո՞ւմ եք:

-Չէ՛: Դպրոցում միայն պատմություն առարկան էի սովորում: Բայց սովորության ուժով՝ այդ առարկան էլ էին բավարար գնահատում, թեեւ պատմություն բոլորից լավ գիտեի: …Տարիներ անց, երբ արդեն ստացել էի «Մարտական խաչս», ՊՆ-ից ինձ ասացին, որ ամենասիրելի, իմ դաստիարակության մեջ ամենամեծ դերն ունեցած դասատուիս անունն ասեմ, որ պարգեւատրեն: Իմ պատմության դասատուն «Մարշալ Բաղրամյան» մեդալ ստացավ՝ իմ հոգում հայրենասիրություն սերմանելու համար:

-Բայց սերմանե՞լ էր:

-Հա՛: Երբ նա պատմում էր մեր հաղթական ճակատամարտերի մասին, ես կլանված լսում էի, ու հոգուս մեջ ինչ-որ բան էր թրթռում: Շատ հուզիչ էր պատմում: Բայց նա չէր էլ նկատում իմ ապրումները: Ո՞ւմ մտքով կանցներ, որ դասատուս իմ պատճառով մեդալի կարժանանա:

Իսկ ինչպիսի՞ զինվոր էիք ժամկետային ծառայության ժամանակ:

-Վատ: Միակ մարդը, ումից քաշվել եմ եւ ում հեղինակությունն ընդունել եմ, ավագ եղբայրս է: Նա իմ հակապատկերն է, էլ չմանրամասնեմ: Եղբայրս ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որոշեց ծառայությունը շարունակել հատուկ նշանակության ստորաբաժանումում և ինձ էլ առաջարկեց ծառայության անցնել բանակում: Պապաս ասում էր` մի՛ գնա, ախպորդ խայտառակ ես անելու: Մի՛ հարամի… Բայց ես չլսեցի նրան: Ու սկսվեց իմ, ո՞նց եք ասում, աստեղային ճանապարհը: Ես գտա էն հունը, որն իմն էր, ու ամեն ինչ իր տեղն ընկավ: ….Գիտեք, պարաշյուտով թռչելիս ինձ չեն հրել: Շատ էի վախենում, բայց ինքս ինձ ասացի` տղամարդ ես, ո՞նց ես թույլ տալու, որ քեզ հրեն: Ու թռա:

-Ձեր անձնական գործում գրված է, որ «Դյուցազուն» եք ճանաչվել ծառայության ընթացքում:

-Վաշտի հրամանատար, մայոր Աճեմյանը` կռված, հարգված տղա, ասաց, որ «Դյուցազուն» որակավորման համար ցանկացողները կարող են ցուցակագրվել: Ո՞վ է ուզում՝ հարցրեց: Ասացի` ես: Աճեմյանը քմծիծաղ տվեց: Թերեւս մենակ ես նկատեցի, որ քմծիծաղ տվեց: Իմ բոլոր հաջողություններն էդ քմծիծաղից են սկսվել: Մեծ խմբից վերջում մնացինք 5 հոգի:

-Ո՞նց են ընտրվում էդ հինգը:

-Ինչ դժվարության, ինչ փորձության միջով ասես, որ չես անցնում: Վերջին փուլում առավոտից իրիկուն վազում ես` հսկա բեռը ուսերիդ, ցեխերի միջով, քարերի միջով, մագլցում ես պարաններով, թռչում ես ու լրիվ ուժասպառ հասնում ես ռինգ: Բեռն իջեցնում ես ուսերիցդ ու առանց հանգստանալու մտնում ռինգ: Ու քեզ ծեծում են մի քանի հոգով:

-Մենակ մրցում ես մի քանի հոգու հե՞տ:

-Այ սիրելիս, ի՞նչ մրցել, դու իրավունք չունես խփելու: Իրենք խփում են ամբողջ ուժով, դու պիտի ամեն ինչ անես, որ չընկնես: Միայն երեք անգամ իրավունք ունես ընկնելու: Այլապես կպարտվես:

-Դուք քանի՞ անգամ ընկաք:

-Ոչ մի: Ես հաղթեցի ու հռչակվեցի Դյուցազուն: Փոխգնդապետիս քմծիծաղը կորել էր:

-Ծանր գին եք վճարել:

-Առանց վճարելու չի լինի: Ընտրիր` ապահովություն կամ փառք:

-Հեղինակություն դառնալու երազանքն ո՞ւր մնաց:

– Իմ ուզածը զինվորականի ճիշտն էր ու հայրենիքը պաշտպանելու համար հերոսանալու փառքը:

-Զինվորականի ճիշտը… ո՞րն է:

-Հիմա կպատմեմ: Կոկորդս նոր էին վիրահատել. ես պիտի զորամասում մնայի: Կեսգիշերին արթնացա աղմուկից: Ադրբեջանցիները ինտենսիվ հրետակոծում էին: Արկը կպավ զորամասի պատին, ապակիները լցվեցին ներս: Իջա առաջին հարկ, տեսնեմ՝ հրամանատարներից մեկը հուզված պատմում է, որ ադրբեջանցիները մեծ խմբով անակնկալ անցել են սահմանը: Իր զինվորներից մի քանիսը վիրավոր են, մի քանիսը չկան: Էլ հրամանի չսպասեցի: Արագ վերցրի ինքնաձիգն ու բժշկի ու էդ հրամանատարի հետ վազելով նետվեցինք մեքենան և շարժվեցինք մեր սահմանը խախտած ադրբեջանցիների ուղղությամբ: Երբ հասանք բլուրին, մյուս կողմից աղմուկ լսվեց: Մեքենան կանգնեցրինք: Տղերքը մնացին մեքենայի մոտ, ես մենակ բարձրացա, որ տեսնեմ, թե ինչ կա բլրի մյուս լանջին: Շատ էին, մոտ 70 հոգի` հայկական բանակի համազգեստով: Ուրախացա. մտածեցի՝ լավ է, օգնության են հասել: Բղավեցի` մեր տղերքին տեսե՞լ եք: Մեկը ասեց` արի, արի ախպեր: Սկսեցի իջնել տղերքի մոտ: Մեկ էլ մոտակա հողաթմբի հետևից մի ձայն կամաց ասաց` մի՛ գնա, ադրբեջանցիներ են: Ամեն ինչ հասկացա: Նայեմ-տեսնեմ՝ հետեւիցս վարորդն է գալիս: Միակ ելքը հողաթմբին հասնելն էր: Վազի` գոռացի վարորդին: Ադրբեջանցիներն սկսեցին կրակել: Ուղղակի անհնար է պատկերացնելը, թե ոնց մեզ գնդակ չկպավ: Մի քանի տասնյակ ադրբեջանցի միանգամից կրակում էին մեր ուղղությամբ, գնդակների օղակի մեջ էինք, բայց հասցրինք նետվել հողաթմբի հետեւը: Կապիտանի զինվորներն այնտեղ էին: Շատ ուրախացա, երբ տեսա, որ տղաները գերի չեն ընկել, չեն զոհվել: Բայց մեկը վիրավոր էր ու արնաքամ էր լինում: Պետք էր նրան շտապ հանել կրակի գոտուց:

Մեկ էլ էն տեսա, որ ավելի քան տասը մինչեւ ատամները զինված ադրբեջանցի գալիս են մեր ուղղությամբ: Այլընտրանք չկար, դուրս եկա թմբի հետեւից, բոյով մեկ կանգնեցի ու սկսեցի կրակել: Երբ մեկը ընկավ, մյուսները փախան: Բայց նրանցից մեկի արձակած կրակահերթը մազերս ածիլելով անցավ ու գլխիս վրա մեջտեղից շերտ բացեց: Շոշափեցի, արյուն չկար: Վիրավոր զինվորին կրակի գոտուց հանելու համար 10 մետր թշնամու տեսադաշտով պիտի անցնեինք: Աչքերիս առաջ սեւանում է` ասեց զինվորը, ոնց որ՝ գիտակցությունս կորցնում եմ: Էլ չէինք կարող սպասել: Զինվորին ասեցի` պիտի վազենք: Ասեց` զոհվելու ենք: Ասեցի` ադրբեջանցիները ձախ կողմում են, դու աջ կողմով վազի, որ գնդակները ինձ դիպչեն: Զինվորի ձեռքն էնքան ամուր էի բռնել, որ երբ ընկնի, վազքս չընդհատեմ, քաշելով տանեմ (երբ տեղ հասանք, տեսա՝ մատներիս տեղը կապտել է, ոնց որ աքցանով սեղմած): …Անվնաս անցանք այդ 10 մետրը: Քաջ զինվոր էր: Մինչեւ վերջ կրակել էր «ՊԿ-ով», փակել ադրբեջանցիների ճանապարհը, որ գյուղ չմտնեն: Զինվորին հանձնեցի բժշկին, նույն ճանապարհով հետ դարձա թմբի հետեւում թաքնված զինվորների մոտ: Պետք էր բլուրը շրջանցել ու մենակ դուրս գալ ադրբեջանցիների դեմ:

-70 հոգու դե՞մ:

– Մտածում էի` կքողարկվեմ մթության մեջ ու անաղմուկ զենքով հատիկ-հատիկ կթրխկացնեմ: Բարեհաջող շրջանցեցի բլուրը. մի հարմար դիրք ընտրեցի, որ ադրբեջանցիներն իմ տեսադաշտում լինեն ու սկսեցի: Ոչ մի շշուկ: Հերթով տապալվում էին: Քիչ անց սարալանջին շարժումը դադարեց: Մեռելային լռություն էր…

Չորս մագազին կրակեցի: Փամփուշտները վերջացան: Զրահաբաճկոնիս գրպանից հանեցի հոգեպահուստ երեք փամփուշտը, որոնք միշտ գրպանումս են: Դրեցի ափիս մեջ. հետդարձի ճանապարհին կարող էր պետք գալ: Մեկ էլ տեսնեմ՝ փամփուշտի վրա ինչ-որ բան կաթեց: Ձեռք տվի, արյուն չէր, նայեցի երկինք, անձրեւ չէր գալիս: Լավ, չասեմ, ամոթ է…

-Ասե՛ք…

-Արցունք էր… Ինքս ինձ ասեցի՝ գժվե՞լ ես, արա:

-Արցունք՝ ադրբեջանցի զոհված զինվորների համա՞ր…

-Չէ՛, սպասեք, երեւի դրանք հայկական համազգեստով էին, դրա համար…

-Պարզ է, իզուր մի «արդարացեք»… հետո՞:

-Մեկ էլ գլուխս բարձրացնեմ, տեսնեմ՝ մի ադրբեջանցի երեք-չորս մետրի վրա՝ ժպտալով նայում է ինձ: Չհասցրեց կրակել: Ես ավելի արագ կրակեցի: Գլխին կպավ: Նրա ժպիտը չհասկացա. կա՛մ գժվել էր յուրայինների կորուստը տեսնելուց, կա՛մ մտածում էր՝ անզեն եմ:

Ապրիլյան պատերազմում սա իմ ամենածանր մարտն էր:

-Ուրիշ մարտե՞ր էլ եղան:

-Իհարկե: Տեղեկություն եկավ, որ սարի վրա ադրբեջանցիներ են, մոտ 30 հոգի` ամբողջովին զինված, իսկ սարալանջին մեր ծառայակից ընկերն է` վիրավոր ու անօգնական: Ադրբեջանցիները կրակում են ու չեն թողնում մոտենալ և օգնել վիրավոր սպային: Պետք էր ռիսկի գնալ: 6-7 հոգով 300 մետր թշնամու տեսադաշտում, կրակի տակ վազեցինք ու կարողացանք մտնել անտառ: Հետո հարձակվեցինք ադրբեջանցիների վրա: Նրանք չկարողացան դիմակայել ու շարժվեցին մեր 170 դիրքի ուղղությամբ` միանալու այնտեղ ամրացած ծառայակիցներին:

-Ես մի քանի օր առաջ եմ զրուցել 170 դիրքի ազատագրության գործողությունը ղեկավարած Արտյոմ Գեւորգյանի հետ: Ձեր կրակից փախած ադրբեջանցիները չեն կարողացել միանալ 170 դիրքը գրավածներին, մերոնք դիրքը շրջափակել ու ոչնչացրել են նրանց:

…Վիրավոր կապիտանին հաջողվե՞ց փրկել:

-Այո՛: Ծնկից էր վիրավորվել: Հետո ես միացա սպայական գումարտակին ու մասնակցեցի էլի մի քանի գործողությունների: …Ի՞նչ եք մտածում:

-Զինվորականի ճի՞շտը որն էր:

-Կյանքդ՝ հանուն պատվի, հանուն զինվորիդ կյանքի, հանուն մի թիզ հայկական հողի… Հանուն հաղթանակի:

-Շնորհավոր հաղթանակդ: Բոլոր հաղթանակներդ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/03/2018