ԲԱՆԱԿՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ՝ ՅՈԹՆԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ
Քննարկումներից ու լրամշակումներից հետո հաստատվեց բանակի արդիականացման 2018-2024 թթ. նոր՝ յոթնամյա ծրագիրը: Մարտի 19-ին հրապարակվեց ռազմավարական ուղեցույց-փաստաթղթի ոչ գաղտնի մասը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն անցած տարվա հոկտեմբերին էր խնդիր առաջադրել՝ մշակել բանակի զարգացման ճանապարհային քարտեզը: Նախագահը շեշտել էր. «Զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաեւ թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի»: Արդիականացման ծրագիրը մշակվել է ֆինանսների, ռեսուրսների հստակ հաշվարկով: Պաշտպանության ծախսերին այսուհետ կհատկացվի ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 4 տոկոսը: Բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. «Արդիականացման ծրագիրը զինված ուժերի գործողությունների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման, ներդրման աշխատանքային ուղեցույց է: Բոլոր վարչությունները, ստորաբաժանումներն ամեն օր իրենց գործողությունները պետք է պլանավորեն՝ հիմնվելով այդ փաստաթղթի վրա»:
Արդիականացման յոթ տարվա ծրագրում գնահատված են ռազմաքաղաքական եւ ռազմական բնույթի սպառնալիքները: Պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության առավելապաշտական մոտեցումները, ցածր է համարում 2018-2024 թթ. խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի վեջնական կարգավորման հավանականությունը: Ադրբեջանը կշարունակի «ակտիվ սահմանի» քաղաքականությունը, մշտապես բարձր կպահի լարվածությունն առաջնագծում, ձեռք կբերի հարձակողական բնույթի նոր զինատեսակներ, կիրականացնի ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստում: Պատերազմ հրահրելու հնարավոր պատճառներից մեկն էլ, ըստ փաստաթղթի, Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունների հավանականությունն է:
Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունները կանխելու համար ԶՈւ արդիականացման ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ»: Այն հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները վաղ փուլում շահավետ պայմաններով: Այդ նպատակով կավելացվի զինված ուժերի հարվածային եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը՝ գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության կարողությունների, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաեւ բազմաֆունկցիոնալ օդուժի զարգացման միջոցով: Որակական նոր մակարդակի կհասցվի նաեւ մարտական հերթապահությունը: Ծրագրված միջոցառումների շնորհիվ առաջնագծում կընդլայնվեն դիտարկման կարողությունները, կապահովվի մարտական հերթապահությունից պաշտպանության սահուն անցումը:
ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ
Երբ երկարաժամկետ տեսլական չունես, ամենօրյա պլանավորման մեջ որոշակի խնդիրներ են առաջանում՝ խոչընդոտելով առաջնահերթությունների հստակ սահմանմանը: Արդիականացման յոթնամյա ծրագիրը մատնանշում է, թե որ գործողությունների արդյունքում ինչ ենք ունենալու հեռանկարում: Ծրագիրը իրատեսական է, միեւնույն ժամանակ՝ հավակնոտ: Հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում առաջընթացի մեծ ակնկալիքներ կան: 2018-2024 թթ. բանակը պետք է վերազինվի հայրենական արտադրության նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Շեշտադրված են հատկապես կապի, ռադիոտեղորոշման տեխնիկայի, հետախուզական միջոցների եւ անօդաչու սարքերի ոլորտները, նաեւ որոշակի պլաններ ունենք զինամթերքի արտադրության վերաբերյալ: Ակնկալում ենք դրական արդյունք: Եվ քանի որ ծրագիրը ժամանակ առ ժամանակ վերանայվելու է, կատարվելու են լրացումներ, չեմ բացառում, որ ընթացքում սահմանենք աշխատանքային ավելի բարձր նշաձող:
ԳԵՆԱԴԻ ՏԱՎԱՐԱԾՅԱՆ
Ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր
Բանակի արդիականացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել ժամանակակից պատերազմի վարման բնութագրերն ու պահանջները: Այսօր պատերազմն ավելի սրընթաց ու կարճատեւ է: Հեշտացել է պաշտպանության ճեղքումը, զորամաս-գումարտակ օղակում մարտավարական փոխկապակցվածության կազմաքանդումը: Ելնելով վերոնշյալից՝ կրտսեր հրամանատարների գործողությունների մանրազնին վերահսկողությունն այլեւս արդյունավետ չէ, կենտրոնացած կառավարումը՝ ոչ նպատակահարմար: Այսինքն՝ մինչեւ կրտսեր հրամանատարը թույլտվություն ստանա իր վերադասից, վերջինս էլ իր վերադասից, մարտադաշտում իրավիճակը կտրուկ կփոխվի եւ անկառավարելի բնույթ կստանա: Որպեսզի կրտսեր հրամանատարը ի զորու լինի կանխելու, հակադարձելու կամ չեզոքացնելու սպառնալիքը, նրան տրվելու է որոշում կայացնելու նախաձեռնողականություն: «Հրամանատրում առաջադրանքով» կառավարման հայեցակարգի կենսագործման եւ դիմացկունության ապահովման համար գումարտակի հրամանատարը ձեռքի տակ ունենալու է բավարար ուժեր եւ միջոցներ, հարվածային եւ կրակային խոցման հնարավորություններ: Արդիականացման ծրագրով առաջին շարակարգի գումարտակներն ուժեղացվելու են համապատասխան քանակությամբ հրետանային, հետախուզական միջոցներով, սպառազինությամբ ու զինամթերքով, նաեւ՝ պարենամթերքով, ինչը անկանխատեսելի իրավիճակներում կրտսեր հրամանատարին ինքնուրույն որոշումներ ընդունելու եւ արագ գործելու հնարավորություն է տալու: Մինչեւ ծրագրի հաստատումն էլ գործընթացն իրագործման փուլում էր, բայց այժմ փոխվել է կատարման տեմպը: Պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի՝ զորքը համալրելու հրամաններն արդեն իսկ բխում են արդիականացման ծրագրի նոր սահմանումներից:
Ժամանակակից մարտի կարեւոր բաղկացուցիչներից մեկն էլ հոգեբանական գործողություններ վարելու, ռազմական խորամանկության դիմելու, օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրելու կարողությունն է: Արդիականացման գործընթացը ենթադրում է նաեւ տեղեկատվական գործողությունների եւ կիբեռ ռեսուրսների կիրառման ժամանակակից համակարգի գործարկում: «Շանթ-2018» զորավարժության ժամանակ կխաղարկենք տարբեր էլեմենտներ, այնուհետեւ հայեցակարգը կներկայացնենք հաստատման ու կգործարկենք:
Բանակի արդիականացման ծրագրի հիմքում նաեւ ամերիկացի ռազմագետ, տեսաբան, օդաչու Ջոն Բոյդի տեսությունն է: Դիտարկիր, կողմնորոշվիր, որոշիր, գործիր. եթե այս չորս հաջորդական փուլերից յուրաքանչյուրում մեզ հաջողվի առաջ անցնել հակառակորդից, ապա ինչքան էլ նա ուժեղ լինի, անպայման կհաղթենք:
ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օպերատիվ վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր
Նախկինում եւս ունեցել ենք գործողությունների ծրագիր, որի արդյունավետության աստիճանը ցածր էր: Այն ամբողջապես չէր արտացոլում այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր զինված ուժերի առջեւ: Այդ է պատճառը, որ առաջնահերթությունները վերանայելու եւ ավելի երկարաժամկետ պլանավորում իրականացնելու անհրաժեշտություն առաջացավ: Ծրագիրը ծավալուն է եւ առաջադրում է ռազմաքաղաքական ու ռազմական հնարավորությունների արդյունավետ օգտագործման լուծումներ, սահմանում է մեր անելիքները հուսալի պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելու տեսանկյունից: Այո՛, մենք անմիջական սպառնալիք ենք համարում Ադրբեջանի հետ դիմակայությունը, քանի որ այսօր էլ հակառակորդը պարտադրում է ռազմական լուծումներ: Կարելի է, իհարկե, Ադրբեջանի նախագահի՝ Երեւանը գրավելու հայտարարությունը զառանցանք որակել, բայց զինվորականներս պարտավոր ենք վտանգ տեսնել նման խոսքերում: Երբ երկրի ղեկավարը բարձրաձայնում է իր նվաճողական մտադրությունները, բնականաբար, նրա ենթակայությամբ գործող կառույցները, հատկապես բանակը, ուղղորդվում են այդ տրամաբանությամբ: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու նման ագրեսիային: Նախատեսում ենք առանց սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու հասնել ուժերի որակական գերազանցության՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցնելով հակահարձակողական հարվածներ մարտավարական խորքում:
ԼԵՎՈՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Պաշտպանական քաղաքականության վարչության պետ
Զինված ուժերի արդիականացման ծրագիրը կառուցված է մի շարք վերլուծությունների վրա, որոնք կանխատեսում են ռազմաքաղաքական հակասություններ, չլուծված հակամարտություններ: Որպես պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման մարմին՝ մեր քաղաքականությունը մշակել ենք ելնելով վատատեսական սցենարներից: Ըստ այդմ՝ նախատեսում ենք զարգացնել դաշնակցային ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաեւ ավելի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ստեղծելով գործուն մեխանիզմներ իրավապայմանագրային դաշտի կիրառման համար: Զուգահեռաբար խորացնելու եւ ընդլայնելու ենք զինված ուժերի փոխգործունակությունն անվտանգության մյուս կազմակերպությունների՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, եվրոպական մի շարք գործընկեր-պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ: Համագործակցության արդյունքում նախատեսում ենք մի շարք ոլորտների՝ կրթություն, մարդու իրավունքներ, համապատասխանեցում միջազգային չափանիշներին: Արդիականացման ծրագիրը սեւեռում է մեր ուշադրությունը նաեւ Մերձավոր Արեւելքի, Ասիական տարածաշրջանի, արաբական պետությունների ուղղությամբ, որոնց հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունենք:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում