ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ամենայն թշնամիք նորա»:
(Սաղմոս 67:2)
Սիրելի՛ հավատացյալ եւ հավատարիմ հայորդիներ,
Հարգարժան սպաներ եւ քաջահոգի զինվորներ Հայոց բանակի
Հաղթական հարություն է տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2018 թվականին: Հիսուս Քրիստոսի հարությունը տիեզերական իրադարձություն է, որն ընդգրկում է իր մեջ բոլոր մարդկանց եւ ողջ արարչությունը: Հարությունը պարզապես կյանքի շարունակության երաշխիք չէ: Հարությունը զորավոր իրականություն է, որ Եկեղեցու միջոցով արդեն ներկա է աշխարհում, եւ որն ամբողջանալու է Հարուցյալ Քրիստոսի երկրորդ գալուստով: Հայաստանյայց եկեղեցու զավակներս Հարության իրադարձությանն ենք մասնակից շուրջ երկու հազարամյակ ու այդ հավատքով է, որ սովորել ենք ոչ միայն ապրել, այլեւ հաղթել: Մահվան դեմ Տիրոջ հաղթանակն է, որ մեզ ավանդել եւ սովորեցրել է հաղթել ցանկացած ուժի, որ մահ է բերում: Կյանքի նկատմամբ սեր ու վստահություն է տվել մեզ հարուցյալ Փրկչին հավատալը: Այս փաստով է, որ հատկապես պետք է նշանավորվի Տիրոջ հարության տոնը 2018 թվականին, քանի որ այս նույն ժամանակահատվածում է, որ մենք վկայակոչում ենք Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակները: Հերոսամարտի եւ հանրապետության հռչակման իրադարձությունները հայտնի կերպով փոխկապակցված են: Եվ ահա նրանց է այս տարի նախորդում Քրիստոսի Հարության տոնը եւ մեզ հուշում, թե որտեղից են բխում այս պատմական ծայրահեղ ծանր պայմաններում իրագործված սխրանքները:
Հարության հաղթանակի ուժը այսօր ներկա է մեր բանակում: Թշնամությունը հեռանում ու թաքնվում է այդ զորությունից: Թշնամիները պարտվում են այնտեղ, ուր ներկա է Հարություն առած Տերը: Հիսուս Քրիստոս միշտ ներկա է խաղաղության պահապան զինվորների սրտերում:
Հարգարժան զորականներ Հայոց բանակի
Այս մեծասքանչ տոնին, «յարեաւ Քրիստոս» ավետիսով, զինված ուժերի գնդերեցների եւ իմ անունից օրհնություն ու բարեմաղթանքներ ենք բերում բանակի սպաներին, իրենց ընտանիքներին ու զինվորներին: Տիրոջ փրկագործ Սուրբ Հարության առաջին վկաները հենց զինվորներն են եղել, որի շնորհանորոգ խորհրդով այս օրերին ի խորոց սրտի աղոթքս է առ Հարուցյալ Փրկիչը, որ Իր Սուրբ Աջով միշտ պահպանի Հայաստան աշխարհը եւ նրա անվտանգության երաշխիք Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Հոգևոր-մշակութային