ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ
1908թ. Դարալագյազի Բաշքենդ գյուղում Ահարոն եւ Ելիզավետա Բունիաթյանների հարկի տակ ծնվեց Երազիկը: Նրա ծնողները ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորված մարդիկ էին, հեղափոխական գործունեության համար քանիցս հետապնդված ցարական ոստիկանության կողմից: Ամուսինների նախաձեռնությամբ, նախքան խորհրդային կարգերի հաստատումը, Բաշքենդում կազմավորվեց տարրական դպրոց, որտեղ երկու տարի սովորելուց հետո Բունիաթյանների ավագ որդին` Զարեհը, մեկնեց ուսանելու Վլադիկավկազի գիմնազիայում, ապա՝ Կիեւի բժշկական ինստիտուտում:
Իսկ Երազիկը քսաներկու տարեկանում ավարտեց Դոնի-Ռոստովի բժշկական ինստիտուտը եւ խնդրեց իրեն աշխատանքի նշանակել Գորկու մարզում, որտեղ աշխատում էր ավագ եղբայրը: Հենց Զարեհի որոշմամբ էլ Երազիկը մեկնեց Մուրոմի շրջան, այնտեղից էլ Գորկու բժշկական ինստիտուտի կլինիկա` մասնագիտանալու նեյրովիրաբուժության մեջ:
Տարիներ շարունակ միասին էին գործում քույր ու եղբայր: Վերջինս մեծ հոգատարությամբ ուղեկցում էր քրոջը ամենուր: Միասին աշխատեցին նաեւ Մոսկվայի մարզի Միտիշչիի շրջանային հիվանդանոցում, որտեղ եղբայրը գլխավոր բժիշկ էր:
Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը:
Քույր ու եղբայր համալրեցին Կարմիր բանակի շարքերն ու մեկնեցին ռազմաճակատ: Զարեհին հանձնարարվում է մերձմոսկովյան առողջարանների բազայի վրա կազմակերպել մի քանի հոսպիտալ: Այդ հոսպիտալներից մեկում էլ Երազիկը աշխատում է որպես բաժանմունքի վարիչ:
Ձգվում էին պատերազմական ծանր, մղձավանջային օրերը: Բժշկուհին կորցրել էր քուն ու հանգիստ: Վիրահատարանում ծանր վիրավորներին թիվ ու հաշիվ չկար: Բժշկուհուն երբեմն թվում էր, թե ահա, ուր որ է, կընկնի… Բայց նա անտրտունջ իր գործն էր անում:
1941թ. հոկտեմբեր: Թշնամին Մոսկվայի մատույցներում է: Տեղահանում: Հոսպիտալները լեփ-լեցուն են ծանր վիրավորներով: Անասելի դժվարություններով շարունակում է աշխատել հոսպիտալի անձնակազմը. «Ամուր մնանք մեր դիրքերում, եթե հարկավոր է, մահն ընդունենք արժանապատվությամբ»` խրախուսում էր Զարեհ Բունիաթյանը բոլորին:
Վորոնեժ: Նորից անքուն գիշերներ… Թշնամու ինքնաթիռները ռմբահարում են քաղաքը: Թշնամին ճեղքում է ճակատի գիծը, ձգտում մտնել քաղաք: Քաղաքի մատույցներում լսվում է տանկերի հռնդյունը: Հոսպիտալի պետ Զարեհ Բունիաթյանը կարգադրում է տեղահանել հոսպիտալը:
Նորից թափառումներ, նորից բացարձակապես ոչնչից հոսպիտալ ստեղծելու գերմարդկային ջանքեր: Բժշկուհի Երազիկ Բունիաթյանը նորից ղեկավարում է նեյրովիրաբուժական բաժինը: Հարավարեւմտյան ռազմաճակատի գլխավոր վիրաբույժ, գեներալ-մայոր Իշչենկոն այցելում է հոսպիտալ եւ շատ բարձր գնահատական է տալիս հոսպիտալի անձնակազմի աշխատանքին:
Ռազմաճակատային բուժաշխատողները բոլորն էլ հերոսական գործ էին կատարում, բայց նրանց մեջ առանձնապես աչքի էր ընկնում Բունիաթյանը: Նրա համբավը տարածվել էր ռազմիկների շրջանում: Մի խոսքով` քչերից մեկը:
Երազիկ Բունիաթյանը շատ դժվարություններ տեսավ առաջին գծում:
Պատերազմից հետո Բունիաթյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսության եւ աշխատել Մոսկվայի` ակադեմիկոս Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող:
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ
ավագ գիտաշխատող-
ֆոնդապահ
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Պատմության էջերից