Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՔԱՅԵԼ ԲԱՐՍԵՂՈՎԻ ՉՈՐՍ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՄ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼԸ



ՄԻՔԱՅԵԼ ԲԱՐՍԵՂՈՎԻ ՉՈՐՍ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՄ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼԸՀայ ժողովրդի արժանավոր զավակ, չորս պատերազմներում անձնազոհաբար ի պաշտպանություն իր հայրենիքի կանգնած զինվոր, զորավար Միքայել Բարսեղովի առաջին պատերազմը Առաջին համաշխարհայինի ժամանակ էր, երբ նա դեռ տասնյոթ տարեկան կամավորական էր: Ինչպես ինքն է նշում` նրան մեկ ամիս զինվորական գործ են սովորեցնում Թիֆլիսում եւ «լավ էլ սովորեցնում են»: 1916թ. մայիսի վերջին նրանք արդեն Երզնկայի մատույցներում էին: Տեղի հայերը դարձել էին զարհուրելի ցեղասպանության զոհ: Այն ամենը, ինչը հայկական էր, հրի էր մատնվել, պղծվել: Բարսեղովի մարտկոցը, որտեղ նա հրանոթային անձնակազմի հրամանատար էր, միանում է Սեբաստացի Մուրադի ջոկատին: Նրանք շարժվում են Կարին` ճամփա հարթելով փախստականների համար: Կարսի մոտ թշնամու գնդակից վիրավորվում է: Ութ ամիս բուժվելուց հետո` Ալեքսանդրապոլի եւ Թիֆլիսի հոսպիտալներում, բանակից ազատ է արձակվում, ունենալով արդեն երկու Գեորգիեւյան շքանշան:

Նրա երկրորդ պատերազմն սկսվում է 1918թ. գարնանը Միջին Ասիայում: Մարտկոցի հրետանային դասակի հրամանատար էր: Ապրիլին նրա մարտկոցը մտնում է Հայկ Բժշկյանի գվարդիայի Սամարղանդյան միացյալ ջոկատի կազմի մեջ: Մարտկոցի հրամանատար է նշանակվում Հակոբ Մելքումովի բրիգադում, որն էլ քսան թվականի աշնանը նրան ուղարկում է Տաշքենդի հրետանային ուսումնարան: Ինչպես Բարսեղովն է նշում` «այդպես ավարտվեց նրա երկրորդ պատերազմը»:

Սկսվում է նրա երրորդ պատերազմը: Ավարտելով հրետանային ուսումնարանը` Միքայել Բարսեղովը դառնում է արհեստավարժ զինվորական: Ճակատագիրը նրան նետում էր մեկ դեպի երկրի արեւմուտք, մեկ արեւելք: Ուսումնարանն ավարտելուց ուղիղ տասը տարի անց նա ընդունում է գնդի հրամանատարությունը: Ֆիննական պատերազմից առաջ Միքայել Բարսեղովն արդեն Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու պետն էր: Երբ սկսվեց պատերազմը, եւ կազմավորվեց 7-րդ բանակը, նա այդ բանակի հրետանու պետ նշանակվեց: Բանակը գործում էր Կարելական պարանոցում: 1940թ. մարտին նա իր երրորդ պատերազմում ցուցաբերած արիության եւ խիզախության, բանակի հրետանու հմուտ ղեկավարման համար արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Վրա հասավ չորրորդ պատերազմը:

1941թ. հունիսի 17-ին բանակի հրետանու գեներալ-տեսուչ, գեներալ-լեյտենանտ Միքայել Բարսեղովին նշանակում են Կիեւյան զինվորական հատուկ սահմանամերձ օկրուգի հրետանու պետ: Դեռ չէր հասցրել ծանոթանալ ենթակա զորամասերին եւ ստորաբաժանումներին, երբ ֆաշիստներն անցան պետական սահմանը: Թշնամուն նա դիմագրավեց սահմանի մոտ` Պերեմիշլի արեւելյան մասում, որտեղ տեղակայված էր 99-րդ հրաձգային դիվիզիան` լավագույններից մեկը ամբողջ օկրուգում: Հունիսի 22-ի լուսաբացին դիվիզիայի զորամասերը կռվի մեջ մտան. նախ՝ զգուշությամբ, մտածելով, թե այդ ամենը գուցեեւ սադրանք է: Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ դա ամենածանր, ամենադժնի պատերազմի սկիզբն է: Բարսեղովը հրամանատարական կետը թողած` դիվիզիայի գնդերը առաջնորդում է մարտի:

Այդ տարիներին հրետանին փաստորեն ռազմաճակատի, բանակի, զորամիավորման, դիվիզիայի ողնաշարն էր: Միայն հրետանին կարող էր իսկապես դիմագրվել ֆաշիստների տանկային զորամիավորումներին: Պատերազմի երկրորդ տարում Միքայել Բարսեղովը հարավային ուղղության գլխավոր հրամանատարի տեղակալն էր հրետանու գծով: 1942թ. հունիսի վերջին հակառակորդը հուժկու հարված հասցրեց Բրյանսկի ռազմաճակատի 13-րդ եւ 40-րդ բանակներին: Ռազմաճակատի հրամանատար Ֆիլիպ Գոլիկովը դիմեց գերագույն հրամանատարությանը` խնդրելով շտապ գտնել բանիմաց զորավարի եւ նշանակել Վորոնեժ նահանջող 40-րդ բանակի հրամանատար: Հարավային ուղղության գլխավոր հրամանատար, մարշալ Սեմյոն Տիմոշենկոն տվեց «ղարաբաղցի զորավարի» անունը (ծնվ. է 1899թ. ԼՂ Կոլխոզաշեն գյուղում): Ընկերական շրջանում այդպես էին անվանում Միքայել Բերսեղովին:

Վորոնեժի Փառքի թանգարանի սրահներից մեկում պահպանվել է բանակի հրամանատարի առաջին ուղերձը իր նոր ենթականերին, որ գրված է մատիտով, քարտեզի հակառակ երեսին: «Իմ բարեկամներ, մարտիկներ եւ հրամանատարներ, բանակը կենդանի պատ է: Պատի մեջ կարեւոր է յուրաքանչյուր աղյուսը: Թշնամին ճեղքվածք է փնտրում, պատում: Գերմանացին կանգ է առնում տոկունների առջեւ, նետվում է առաջ, երբ տեսնում է թուլամորթների: Եթե դու երերաս` Վորոնեժը կընկնի, կընկնի հայրենիքը: Այն կարելի է փրկել հենց այստեղ.

Ձեր բարեկամ եւ ընկեր՝ Միքայել Բարսեղով»:

Բանակի հրամանատարին հաջողվում է զգալի կորուստ հասցնել թշնամուն եւ մարտերում բեկում մտցնել: Բանակի հրամանատարի կուրծքը զարդարում է Կարմիր դրոշի նոր շքանշանը:

1942թ. կեսերից Միքայել Բարսեղովն ստանձնեց Հեռավոր Արեւելքում խորհրդային զորքերի հրետանու հրամանատարի պաշտոնը: Մի քանի օր անց ճապոնական թերթերը աղմուկ բարձրացրին. «Հեռավոր Արեւելքի ռազմաճակատի հրետանու պետ է նշանակվել Խորհրդային Միության հերոս Միքայել Բարսեղովը: Բոլշեւիկները մտադիր են հարձակվել Ճապոնիայի վրա»:

Բարձր գնահատելով Միքայել Բարսեղովի ծառայությունները Հայրենիքին եւ ժողովրդին` կառավարությունը նրան պարգեւատրել է ութ շքանշանով եւ բազմաթիվ մեդալներով: Նրա կուրծքը զարդարում էին Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալը, Լենինի` 3, Կարմիր դրոշի` 4, Սուվորովի երկրորդ աստիճանի շքանշանները: Հետպատերազմյան շրջանում նա ավարտել է Ռազմական բարձրագույն ակադեմիան եւ նշանակվել Հյուսիսային զինվորական օկրուգի հրետանու հրամանատար:

1958թ. Մ. Բարսեղովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Կյանքի վերջին տարիներին նա Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու հրամանատարն էր:

Մ. Բարսեղովը վախճանվել է 1964թ. ապրիլի 27-ին: Նրա գերեզման-հուշարձանը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի Բոգոսլովսկի գերեզմանատանը:

ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ

ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ

գլխավոր ֆոնդապահ

Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Պատմության էջերից


05/04/2018