ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
25 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քելբաջարի ուղղությամբ: 1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում: Ադրբեջանի Լաչին-քելբաջարյան խմբավորումը հյուսիսարևմտյան և հարավարևելյան ուղղություններից սկսեց թիկունքային հուժկու հարձակողական գործողություններ ծավալել Մարտակերտի և Լաչինի շրջաններում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության առջև խնդիր դրվեց վնասազերծելու Քելբաջարում և Լաչինում տեղակայված կրակակետերն ու ջախջախելու Լաչին-քելբաջարյան խմբավորումը: Քելբաջարի ռազմական գործողությունը թելադրված էր Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող արցախյան ինքնապաշտպանական ուժերի թիկունքն ապահովելու նկատառումով: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը գիտակցում էր ձեռնարկվող ռազմական գործողության բարդությունը: Այստեղ ամեն ինչ դրվում էր զոհասեղանին. Պահանջվում էր ուժերի գերլարում, բարձր կարգապահություն, ռազմավարության հմտության և ինքնազոհության պատրաստակամություն: Մարտակերտում փոքրաթիվ ուժերով, բայց արդյունավետ պաշտպանություն կազմակերպելուց հետո, հայկական ուժերը 1993թ. մարտի 27-ին, կանխարգելիչ հարվածներից և հրետանային նախապատրաստությունից հետո ձեռնարկեցին Քելբաջարի շրջանի հենակետերի վնասազերծման և Լաչինի շրջանի՝ հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքների ազատագրման ռազմական գործողությունը մի քանի ուղղություններով. Հյուսիսային՝ Օմարի ուղղությամբ հարձակումներն իրականացնում էին Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ գործող Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակները:
Մարտակերտ-Քելբաջար ուղղությամբ գործում էր Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ղեկավարած խմբավորումը:
Վանք-Նարեշտար-Լաչին-Քելբաջար ճանապարհի ուղղությունում գործում էին Վանքի գումարտակը, Կիռխնիզ- Ալյազի ուղեհատվածում Ասկերանի պաշտպանական շրջանի, Կարեն Արզումանյանի գումարտակը, իսկ Ֆինգայի և Թիգիկ-1, Թիգիկ-2 ուղղություններում՝ 35-րդ գումարտակը, 53-րդ գումարտակը, 51-րդ գումարտակը: Մարտի 27-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի, կամավորական ջոկատների, հայաստանյան հարավային և հյուսիսային զորախմբերի կողմից իրագործված Քելբաջարի ազատագրման ռազմական գործողության շնորհիվ թշնամու ստորաբաժանումները հայտնվեցին շրջափակման մեջ: Օղակը ճեղքելու նպատակով հայկական զինուժի ուղղությամբ նետվեց հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 զինվոր: Պաշտպանական բանակի 30 հոգանոց ջոկատը, անհավասար մարտի մեջ մտնելով, ոչնչացրեց թշնամու 3 միավոր զրահատեխնիկա, մոտ 60 զինվոր և ձախողեց հակառակորդի մտադրությունը: Ռազմական գործողությունն ավարտվեց հակառակորդի Լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ և Օմարի լեռնանցքի գրավմամբ: Հայկական ուժերը մարտի 30-ից ապրիլի 1-ը ապահովեցին Լաչինի և Քելբաջարի շրջանների խաղաղ բնակչության անարյուն տարհանումն անվտանգ գոտի: Շուրջ 60 հազար մարդ հատկացված միջանցքով դուրս եկավ 3,8 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով ազատագրված շրջաններից:
Ապրիլի 2-ին Քարվաճառը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկն ամբողջությամբ վերահսկվում էր հայ զինվորի կողմից, իսկ 3 օր անց՝ ապրիլի 5-ին, Եռագույնը ծածանվում էր աննվաճ թվացող Օմարի բարձունքում: Հնգօրյա ազատագրական մարտերի արդյունքում ստեղծվեց շուրջ 300 կմ սահմաններով անվտանգության գոտի, ամրապնդվեց հայկական ուժերի ռազմավարական նախաձեռնությունը Օմարի լեռնանցքում, ապահովվեց Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անվտանգ երթևեկությունը: Բացվեց Արցախը ՀՀ-ին կապող Մարտակերտ- Վարդենիս երկրորդ ցամաքային ճանապարհը: Սա ազատամարտի տարեգրության մեջ նոր շրջափուլի սկիզբն էր. հայկական ուժերն առաջին անգամ ամենավճռական և պատմակշիռ հաջողությանը հասան ԼՂՀ սահմաններից դուրս և հարյուրամյակներ շարունակ բռնազավթված ընդարձակ հայապատկան տարածքներ ազատագրեցին: Չհաշտվելով 1993թ. գարնանը ձեռնարկված Քարվաճառի ռազմագործողության ժամանակ կրած պարտության հետ՝ թշնամին ուշքի գալով և կարճատև դադարի ընթացքում մեծ քանակությամբ կենդանի ուժ և տեխնիկա կուտակելով Քարվաճառի ուղղությամբ` 1993թ. դեկտեմբերին մարտական գործողություններ սկսեց Օմարի լեռնանցքին տիրելու համար: Իսկ այնուհետև, զարգացնելով հաջողությունը, սկսեց առաջանալ Քարվաճառի շրջանի խորքերը, քանի որ, ինչպես նշել էր Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը` «Քելբաջարից հետո պատերազմն Ադրբեջանի համար հեռանկար չունի….»:
Ադրբեջանի հրամանատարության նպատակը հայկական ուժերի պաշտպանությունը ճեղքելն էր, Քելբաջարը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկ դուրս գալը, վերահսկողություն հաստատելը ԼՂՀ-ի համար ռազմավարական նշանակության Վարդենիս- Մարտակերտ միջանցքի նկատմամբ:
Օմարի ուղղությամբ վերսկսված մարտական գործողությունների արդյունքում հայկական ստորաբաժանումները ոչ միայն կասեցրին հակառակորդի գրոհները, այլև, հակահարձակման անցնելով ռազմաճակատի մի քանի հատվածներում, առաջ ընթացան 1-2 կմ և տիրեցին ռազմավարական նշանակության մի շարք բարձունքների: Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկը՝ Արկադի Շիրինյանի հրամանատարությամբ, հակահարձակման անցնելով՝ համարձակ շրջանցումով հաղթահարեց Մռավի ձյունածածկ լեռնաշղթան: Փակելով Օմարի լեռնանցքը և հակառակորդի թիկունքը՝ զրկեց նրան ոչ միայն համալրումներ ստանալուց, այլև խոշոր ուժերով նահանջելու հնարավորությունից: Այդ համարձակ ռազմերթը, որը, կարծես, Հաննիբալի և Սուվորովի ալպյան անցումներն է հիշեցնում, հիրավի վճռորոշ նշանակություն ունեցավ հակառակորդի զորախմբերը ջախջախելու, Քարվաճառի հյուսիսն ու Օմարի լեռնանցքը ազատագրելու առումով: Հայկական զինուժի մյուս ստորաբաժանումները հակառակորդի գերակշռող ուժերի դեմ մարտեր էին մղում ռազմաճակատի այլ հատվածներում՝ ապահովելով Օմար գրոհող ստորաբաժանումների ռազմերթը: Ռազմաճակատի մյուս հատվածների կայունությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Օմարի ուղղությամբ առաջխաղացումը շարունակելու համար:
1994թ. փետրվարի 17-ին սկսվեց Օմարի լեռնանցքի գրոհը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, վնասազերծելով հակառակորդի կրակակետերը, Չիչագլու, Բաշիրսաղ, Յանշաղ և այլ գյուղերում հնարավորություն ստեղծեցին աջ և ձախ թևերից զարգացնելու գրոհները: Փետրվարի 18-ին Քելբաջարի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը, ամբողջությամբ անցավ պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Հակառակորդը մարտադաշտում թողնելով մեծաթիվ զոհեր ու ցրտահարվածներ, մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, շպրտվեց Օմարի լեռնանցքից անդին:
Այսպիսով՝ հակառակորդը չկարողացավ փակել Արցախը Հայաստանի հետ կապող երկրորդ «կյանքի» ճանապարհը, որը հատկապես կենսական նշանակություն ունի Մարտակերտի շրջանի համար: Վերահսկողություն սահմանվեց մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանի վրա՝ հակառակորդի նկատմամբ դիրքային առավելությամբ: Առ այսօր հայկական ստորաբաժանումները ամրացած են ռազմավարական կարևորագույն դիրք ունեցող Օմարի բարձունքում:
Դժվարին՝ առաջին հայացքից անիրագործելի թվացող առաջադրանքը իրականացվեց բազում նվիրյալների կյանքի գնով: Հայոց միջնաբերդում 25 տարի առաջ հաղթական ուռան հնչեց շնորհիվ հայ զինվորի վճռականության և նրա` պատմական հայրենիքի փոքրիկ հատվածն ազատագրելու անհագ ծարավի:
Քարվաճառի ազատագրումով Վերին Խաչենը, Թարթառի հովիտն ու հոգևոր ճարտարապետական կոթող Դադիվանքը կրկին վերագտան իրենց պատմական տերերին:
ՄԱՐԻՆԱ ՇԱԽԻԿՅԱՆ
ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ
գիտաշխատող-ֆոնդապահ
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից