ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ
Ես իսկապես երջանիկ էի: Նույնիսկ եկածս ճանապարհով հետ գնալու անխուսափելի հեռանկարն ինձ չէր վախեցնում ու չէր խանգարում, որ լիուլի վայելեմ ազատությունս երկրորդ շարքի` ոչ ավել, ոչ պակաս, խորքի նստատեղին: Կարող եմ նույնիսկ բացել պատուհանը ու մաքուր օդ շնչել:
-Փակի՛ր, փչում ա,- ծխախոտից խանձված կիսականացի ձայնը լցվեց ուղիղ ձախ ականջիս մեջ: Ես արագ փակեցի լուսամուտը ու երջանկությունս կատարյալ դարձնելու համար կրկին աչքերով որոնեցի իմ եկած ուղին: Տեր Աստված, ո՞նց եմ ճեղքել մարմինների այս անբաղդատելի միաձուլումը: Դժվար էր հավատալ, որ անցել եմ նրանց միջով ու հայտնվել երկրորդ շարքի խորքի նստատեղին: Եվ հիմա ո՛չ կողքից են սեղմում, ո՛չ շնչում են քթիս տակ, ո՛չ էլ ոտքերս են տրորում բարձրակրունկ ճտքակոշիկներով փարթամ մորաքույրները:
Ասեմ, որ երբ բարձրացա երթուղային տաքսի, այն լրիվ դատարկ էր: Լրիվությամբ` կասեին նորաթուխ ճառասացները` խոսքին հանդիսավորություն հաղորդելու համար:
Այ սա է գայթակղությունը, երբ բարձրանում ես բոլորովին դատարկ երթուղային տաքսին… բայց մի քանի րոպե անց հայտնվում աքցանի մեջ: Ու սա է բախտի նվերը` երբ հրմշտոցներին դիմադրելուց հոգնած, հուսահատ, հանձնվում ես ճակատագրին ու… քեզ «գտնում» երկրորդ շարքի խորքի նստատեղին, լուսամուտի մոտ, որի բազում ճեղքերից, ի հեճուկս բաղաձայն կնոջը, այնուամենայնիվ, մաքուր հոսանք է լցվում ներս ու ցրելով գաղջ, բազմաբույր օդը, հաճելի սառնությամբ հպվում դեմքիդ:
-Ֆայմեիր, մի երկու տոպրակ վերցնեիր:
Ես նայում եմ ձայնի կողմը: Ձայնը կա, տերը` չէ:
-Մինչեւ չասես, չեն հասկանա:
Իսկապես, մեղավոր եմ, ո՞նց չէի նկատել: Կողքիս նստած կնոջ ոտքերի մոտ, գոգին, ձեռքին պայուսակների ու տոպրակների այնպիսի բուրգ է, որ կնոջ կանաչ ցիլինդրի միայն կեսն է երեւում:
-Ներողություն, ներեցեք խնդրում եմ,- ասում եմ ու արագ բեռնաթափում կնոջը: Պայուսակները մեծ արագությամբ մեկը մյուսի հետեւից հայտնվում են իմ գոգին: Մի վերջին անգամ շագանակագույն հսկա տոպրակի հետեւից վիզս երկարելով` ուզում եմ տեսնել` գո՞հ է արդյոք տիկինը, թե դեռ բարկացած է վրաս, ու….Կանաչ ցիլինդրի տակ տղամարդու դեմք է, նույնիսկ մորուք ունի: «Ձայներով փոխանակվեք հետեւի կնոջ հետ»` ասում եմ մտքումս ու ժպտում: Տղամարդը չի պատասխանում ժպիտիս. դեռ չարացած է: Ոչինչ, բան չկա: Նույնիսկ ավելի լավ, որ չեմ կարող տեսնել, թե ինչ է կատարվում երթուղային տաքսու մեջ: Կփակեմ աչքերս ու մի լավ բան կմտածեմ: Ասենք, առաջիկա հարցազրույցիս մասին, մի զորացրված զինվորի հետ պիտի հանդիպեմ` Ավետ Սուքիասյանի: Մասնակցել է ապրիլյան պատերազմին, սակրավոր է: Ինձ նրա մասին պատմել են: Ասել են` բարձրահասակ, թիկնեղ, շատ ուժեղ տղա է, միանգամից 100 կիլոգրամ բեռ է բարձրացնում` ութ ական: Զորացրվելուց հետո էլ չի կարողանում կտրվել բանակից, փորձում է օգնել զինվորներին , տարբեր ծրագրեր է մտմտում:… Ես հեռախոսով խոսեցի տղայի հետ, խնդրեցի զինվորական համազգեստով գալ հարցազրույցի, որ լուսանկարենք մեր թերթի համար: Քիչ հետո կտեսնեմ նրան` այդ հսկա պատանուն, ինչպես նրան բնութագրեց ընկերս՝ գովելով տղայի հայրենասիրությունը, խիզախությունը ու մյուս առաքինությունները…
-Կանգնի՛ր, զինվոր է,- խանձված ձայնով կինը այնպես բղավեց, որ պայուսակները թափվեցին գրկիցս` բացելով երթուղային տաքսու համայնապատկերը: Մեքենան կտրուկ արգելակեց: Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը կասի.
-Ո՞ր կանգնում ես, գլխի՞ս է նստելու:
Բայց ոչ ոք ձայն չհանեց, ու հաղթահասակ զինվորն աննկարագրելի ճարպկությամբ հայտնվեց մեքենայում: Երթուղայինը շարժվեց:
-Զինվո՛ր ջան, արի նստի իմ տեղը,- հանկարծ ասաց խանձված ձայնով կինը հետեւի շարքից: Ես տարակուսած նայեցի միաձուլված մարմիններին:
-Չէ՛, լավ է, շնորհակալ եմ, տեղ չկա անցնելու,- պատասխանեց զինվորը…
-Չէ՛, արի այստեղ, ես տեղ կտամ,- հետ չմնաց կողքիս նստած կանաչ ցիլինդրով տղամարդը:
-Ախր, ո՞նց գա, շարժվելու տեղ չկա,- անվստահ հակառակեց կանգնածներից մեկը` մի երիտասարդ աղջիկ:
-Մի քիչ նեղություն տուր քեզ, զինվոր տղա է, քի՞չ է կանգնել սահմանին, որ հիմա էլ տրանսպորտի մեջ կանգնի՞… Էս ինչ սերունդ է մեծանում,- բարկացավ ցիլինդրով տղամարդը:
-Տեղ տվեք զինվորին:
-Այս կողմ արի, զինվո՛ր ջան:
-Ցավդ տանեմ, բալե՛ս:
-Ճամփա տվեք…
– Ես քո ֆորմային մեռնեմ…
Երթուղային տաքսու տարբեր կողմերից մի քանի րոպե ներդաշնակ ու միաձայն՝ մարդիկ զինվորին էին առաջարկում իրենց տեղը:…. Կանաչ ցիլինդրովը հաղթեց ի վերջո: Ես մինչեւ հիմա էլ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես զինվորը հասավ, ավելի ճիշտ, նրան գրկից գիրկ փոխանցելով՝ հասցրին երկրորդ շարքին: Մեկ էլ էն տեսա, որ կողքիս կանաչ ցիլինդրի փոխարեն հարազատ զինվորական համազգեստ է: Կարողացա տեսնել, թեեւ կանգնելուց առաջ ցիլինդրով տղամարդը, իբր իմ բեռը քիչ էր, իր գոգի բոլոր տոպրակները դարսել էր վրաս:
Հետո անսպասելի, անբացատրելի բան կատարվեց: Երթուղայինում քրթմնջոցներն ու բողոքները մեկեն լռեցին: Էլ ոչ ոք մյուսին չէր ասում.
-Մի՛ հրի…
-Ոտքս տրորեցիր:
-Իջիր շալակիցս:
-Մի քիչ կամաց քշի, կարտոֆիլ չես տեղափոխում…
Լարված դեմքերին տարօրինակ խաղաղություն էր իջել: Այն, ինչ րոպեներ առաջ կռվի առիթ էր, կատակի թեմա էր դառնում:
-Քույրի՛կ ջան, ես հաջորդ կանգառում իջնելու եմ, ուսս տանելու եմ հետս, ուրիշ տեղից բռնիր:
-Մորքո՛ւր ջան, գլխարկդ երեք միջին չափի գլխի տեղ է զբաղեցնում: Հանի, էլի:
Ու ծիծաղում էին բարձրաձայն:
63-ի վերջին կանգառը պաշտպանության նախարարության մոտ է: Գայի արձան չհասած` մեքենան գրեթե դատարկվեց: Երբ երթուղայինը հասավ պաշտպանության նախարարության կանգառին, ես ու զինվորը ոտքի կանգնեցինք: Առաջինը զինվորը մոտեցավ վարորդին:
-Իջի՛ր, ես զինվորից փող չեմ վերցնում, բարի ծառայություն,- ասաց վարորդը: Զինվորը բացեց դուռը, ապա ձեռքս բռնելով օգնեց, որ իջնեմ մեքենայից:
-Պաշտպանության նախարարությո՞ւն եք գալիս,- հարցրի ես, երբ արդեն մայթին էինք, տղան գլխով արեց.
-Հարցազրույցի են կանչել «Հայ զինվոր» թերթից…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում