ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Միջոցների խնայողությունը վտանգի առաջ է կանգնեցրել Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը և սպառնում է զիծառայողների անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի` զինված ուժերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգսհաուսը:
Նրա կարծիքով, առավել մտահոգիչ է ուսումնական և մարտական զինամթերքի պակասը, ինչպես նաև Աֆղանստանում գերմանական ստորաբաժանումների թույլ սպառազինումը խոշոր տրամաչափի զինատեսակներով: Զինամթերքի պակասի պատճառով զինվորները պատշաճ կերպով չեն տիրապետում հրաձգային զենքին:
Բացի այդ, կտրուկ կրճատվել է օդաչուների թռիչքների տևողությունը, իսկ Աֆղանստանում գերմանացի զինվորները կիրառում են հնացած ջերմացուցիչներ և ռադիոկայաններ:
Այս և մյուս խնդիրների լուծման համար Կենիգհաուսն առաջարկել է ավելացնել ֆինանսական հատկացումները բանակին, մինչդեռ կառավարության հայտարարած ծրագրերի համաձայն` ռազմական բյուջեն աստիճանաբար կրճատվելու է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական