Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ



 

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ

Օմարի լեռներում ձյունը երբեք չի հալչում, համազգեստը միշտ ձմեռային է, իսկ վտանգը, դժվարություններն ու ուրախությունները՝ ընդհանուր: Այստեղ ամեն ինչ իսկական է՝ խոսքը, գործը, հայրենիքը, ընկերությունը, նույնիսկ… հոգնությունը:  Այս ռեպորտաժը 3000-3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած այն տղաների մասին է, որոնք վաղուց հաղթահարել են իրենց վախերն ու կասկածները, որոնք առույգ են, ուժեղ, եռանդուն եւ իրենց վստահված հողակտորի պատասխանատուն են ու տերը:

 

 

Բարձունք տանող ճանապարհին

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՕմարի լեռները բարձրում են. վերելքի ավարտին դեռ կտրուկ ու ծուռ ոլորաններ կան անցնելու:  Իսկ մեր մեքենան մտել է անցակետ ու կանգ առել:  Անվադողերից օդ է պետք բաց թողնել` ճանապարհին սառցապատ հատվածները քիչ չեն: Հենակետերի թիկունքն ամուր պահող մարտկոցի հրամանատարը՝ կապիտան Էդվարդ Մխիթարյանը, թերահավատորեն մերթ մեզ, մերթ «ուազին» է նայում: «Չի բարձրանա,- լրջորեն անհանգստանում է նա,- ճամփան կոշտ է»:  Օմար տանող սղլիկ բլուրները հաղթահարելու հույսը սեղմվում  է եւ զորություն առնում, երբ նկատում եմ լեռնալանջի ձյունը ակոսող խոշորատամ տեխնիկան:

 

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՍպասում ենք: Եղանակը մի քանի անգամ փոփոխվում է: Մի մեծ, գորշ ամպ ծավալվում, փակում է արեւը՝ կանգնելով մեր գլխավերեւում: Երկինքը պողպատի գույն է առնում: Սառը, հետապնդող քամին, որին այստեղ թիփի են ասում, ներխուժում է մուշտակիս մեջ, հետո փաթաթվում ոտքերիս: Այստեղ ծառայող զինվորը ձնաբքից ու թշնամուց հավասարապես է վտանգված: Սուլումներով փչող ցրտաշունչ քամուց պատսպարվում եմ փակ դիտակետ-կրակակետում: Շարքային Ֆելիքս Խաչատրյանը ձեռքով սահմաններ է գծում, ծանոթացնում իր վերահսկողության գոտիներին: Վերջին անգամ հակառակորդի շարժ տասը տարի առաջ է գրանցվել: Իմ ուշադրությունը զինվորի՝ խոհարարի բռնիչ հիշեցնող մուգ ու փափուկ ձեռնոցն է գրավել:  «Ձեռքերդ տա՞ք է պահում,- հարցնում եմ Ֆելիքսին ու, նկատելով նրա շփոթված հայացքը, նորից հարցնում. -բա չե՞ս մրսում»: Զարմանում է. «Ի՞նչ մրսել, աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններն իմ դիտակետից են բացվում»: Մյուս դիրքապահը՝ Արաբոն, ոգեւորությամբ միջամտում է. «Ամենակարեւորը՝ բնությունից չվախենաս»: Հեշտ է այդպես ասել, հատկապես, եթե բռնցքամարտի բազմակի չեմպիոն ես:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ

 

Դե ինչ, մեզ ուղեկցող մայորը՝ Դավիթ Դավթյանը, հեռվից ձեռքով նշան է անում. շարժվելու ժամանակն է: Հարմար տեղավորվում ենք մեքենայում: Կացարանից հազիվ ենք մի քանի մետր հեռանում, երբ մեկ էլ անվադողերը  ետ են սահում. սառույցը թույլ չի տալիս մոտենալ բնության բերդին: Լեռան պռնկին կանգ ենք առնում: Մեքենան ճոճվում է անորոշության մեջ: Վտանգավոր է: Նորից անցակետ ենք վերադառնում: ««Կամազով» կբարձրանանք»,- իրավիճակից ելք է գտնում կապիտան Մխիթարյանը: «Կամազը» ժամանակակից է, նոփ-նոր: Ամեն գումարտակ այսպիսի մի քանի հսկա ունի, որ ավելի ապահով են դարձնում մարտական հերթափոխի կատարումը: «Թիթեռի պես ճախրում է,- նկատում է մայոր Դավթյանը,- արգելք չկա, որ չհաղթահարի: Զինծառայողների գործը թեթեւացել է,- ասում է եւ վերհիշում,- նախկինում վատ եղանակի դեպքում մի քանի օրվա սնունդը, զենք- զինամթերքն ուսապարկերով, արկղերով էին տեղափոխում»:

 

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ

 

Օմար տանող ուղիները կարծես խճճվել են սարերի ճակատին: Թվում է՝ քեզնից առաջ ոչ ոք այստեղ ոտք չի դրել: Տեղ-տեղ մեքենան ասես լողում է ամպոտ երկնքում: Կտրուկ շրջադարձերին սովորաբար մի քանի բառ ենք փոխանակում, որ դժվարությունն աննկատ դառնա: «Բոլոր իշխող բարձունքները մերն են»,- մայոր Դավթյանը ցույց է տալիս երկինք նայող սարերը, որ պրկված բռունցքների են նման:

 

 

 

Օմարի տիրական հայացքի ներքո

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՀենց այդպիսի մի սարի ուսին է գումարտակի հրամանատարական կետը. հայրենիքի տանիքին ենք բարձրացել: Աչքերս չեն կշտանում: Ակամա պահում եմ շունչս՝ ներդաշնակությունը հանկարծ չխախտվի: Մեզ դիմավորում է «տանտերը»՝ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը:  Անմիջական է, ինչի շնորհիվ էլ շատ արագ համակրանք է նվաճում: «Եղանակը խիստ է, լեռները խիստ են, գոնե ես պիտի բարի լինեմ»,- անկաշկանդ ժպտում է գումարտակի հրամանատարը: Այլեւս անիմաստ է հարցնել՝ ինչու է նրա ստորաբաժանումը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում լավագույնը զինված ուժերում: «Իմ տղաները քաջ են, առողջ, ուժեղ, սիրուն: Եվ լավ գիտեն՝ ինչ գնով էլ լինի, պիտի սահմանն անառիկ պահեն, ու պահում են՝ արհամարհելով զրկանքները»,- ասում է հրամանատարը:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՇրջանցում ենք ահռելի սառցակտորն ու կանգնում ցածրիկ դռան մոտ, որ քարանձավի մուտք է հիշեցնում: Փոխգնդապետ Խաչատրյանը ներս մտնելու իրավունքը մեզ է զիջում: Մութ է տարածքում: Ոտքերս առաջին անգամ ձյան փոխարեն հող են տրորում: Հրամանատարը վառում է լույսը: Երբ աչքերս փոքր-ինչ վարժվում են, հասկանում եմ՝ խրամատում ենք: Ապահով, հարմար, տաք, ընդարձակ: Թվում է՝ այն կառուցելու համար լեռ են հրել: «Երկար ու անընդմեջ աշխատանքի արդյունք է: Տեղանքը դիտարկվող է. ամեն ինչ ձեռքով ենք արել: Ոչ մեկն իրեն չի խնայել: ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՕմարի ամենակարեւոր՝ հակառակորդի հավանական առաջխաղացման կետն է»,- բացատրում է հրամանատարը: Խորքում կրակակետերն են, ամենադիպուկ հրաձգային զենքերը եւ  ձյունի պես մաքուր դեմքով դիրքապահները: Փոխգնդապետ Խաչատրյանը բոլորի անունները գիտի, բայց, որ զարմանալին է, գիտի նաեւ բնավորությունները: Ասում է՝ Նարեկն անդրդվելի համբերություն ունի: Իսկ Նարեկը ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան: Հետո մոտենում է դիտակետին, բացում փեղկը, եւ ձյունախառը քամին խրամատ է խուժում: Զինվորն անգիր գիտի հակառակորդի դիրքերի դասավորությունը:  «Մեր գիծն ավելի ամուր է,- պնդում է նա եւ մատը վեր ուղղում,- էս էլ մեր Օմարի գագաթը: Այնքան հզոր է, որ նրա ներկայությամբ ամաչում ես տրտնջալ»: Օմարի գագաթը, իսկապես, տիրական է: Տիրական է ու անհաղթելի՝ կողքիս կանգնած զինվորականների պես:  Հենակետի ավագ, լեյտենանտ Արմեն Առաքելյանից, որ մինչ այդ մեր զրույցին չէր մասնակցում, լուռ լսում էր,  հարցնում եմ՝ 23 տարեկան երիտասարդի համար դժվար չէ՞ սարի գլխին ապրելը. «Եթե քո ուզած սարի գլխին ես՝ չէ՛,- ասում է՝ աչքը չկտրելով Օմարից: -Այստեղ միշտ մառախլապատ է: Եվ երբ հանկարծ եղանակը պարզվում է, ու ոտքերիդ տակ ծայրից ծայր տեսնում ես այն ահռելի տարածությունը, որ քոնն է, որի համար նաեւ դու ես պատասխանատու, քեզ լիուլի վարձատրված ես զգում»: Հիմա էլ ես հայացքս չեմ կտրում Օմարից.  նման է այն հորը, որին շրջապատել են ակնածող զավակները:

 

Երբ հաղթել ես ինքդ քեզ…

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆԼեռնալանջն այնքան թեք է, որ չեմ համարձակվում ներքեւ նայել: Դժվարությամբ եմ շնչում: Մի պահ վարանում եմ: Հետո շարունակում եմ քայլել՝ վերջին ուժով: Ոտքերս խրվում են ձյան մեջ, որ հաստ շերտով ծածկել է հենակետ տանող ծուռումուռ արահետը: Ձյան մի գունդ անզուսպ կատաղությամբ սուրում է կիրճ: Փորձում եմ լիակատար անտարբերություն ցույց տալ՝ ամուր սեղմելով ինձ ուղեկցող սպայի թեւը. միայն թե հավասարակշռությունս հանկարծ չկորցնեմ: Երկինքն այնքան մոտ է՝ ասես մեզ հետեւող մի մեծ աչք լինի: «Ոտի սովոր ճամփա է,- փոխգնդապետ Խաչատրյանի պարզաբանումը փոքր-ինչ մեղմում է տագնապս,- տղաներն այսպես են դիրք բարձրանում՝ հետն էլ ուսապարկով, զենք ու զրահով»: Երեւի հենց այս ուղիները հաղթահարելու համար են այստեղ ծառայող զինվորներն «Օմարի արծիվ» կոչմանն արժանացել:

Քարակուռ գետնատնակը սառցապատ լեռների մեջ է: Թույլ լուսավորված սենյակում շունչս տեղն եմ բերում, ինչպես հետապնդումից ազատված մեկը: Աչքերս դեռ մշուշված են. ոչ մեկին չեմ նկատում: Հետո ավելի ու ավելի հստակորեն ուրվագծվում են տղաների՝ հողմերում թրծված դեմքերը:  Զոհրաբն է, Գոռը, Խաչատուրը, Վոլոդյան, որ աղմուկով տեղավորվում են սեղանի շուրջ, սրամտում: Իրար հերթ չտալով պատմում են, որ ամեն գործ՝ հաց ուտել լինի, թե խրամատ մաքրել, միասին են անում, որ դժվարությունները մտերմացնում են մարդկանց, որ ազատ ժամանակ շախմատ են խաղում, որ Օմարում առաջին երեք ամիսներն են անսովոր, հետո ընտելանում ես: Հարցնում եմ՝ իսկ ոչինչ, որ ծառ չկա, թուփ չկա, կանաչ չկա, գարուն չկա: «Բայց արեւածագն առաջինը մենք ենք տեսնում»,- Վոլոդյան կարծես ակնարկի՝ մի՞թե երջանկությունը սրանից դուրս է:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆԶինվորներից մեկն էլ փայտ է գցում կրակի մեջ: Նայում եմ կոկիկ դարսված փայտի խուրձին, ու աչքիս առաջ թանձր ձյունով ծածկված ծուռտիկ արահետն է գալիս: Եվ տղաներն այնքան հարազատ ու հասկանալի են դառնում: Դռան մոտ էլ արկղերով շարված են պահածոյի տուփերը. պահուստային պաշարն է, պետք կգա, եթե ճանապարհը անանցանելի լինի: Փոխգնդապետ Խաչատրյանը պատմեց. երբ դեռ նոր էր նշանակվել, զարմացավ՝ ճաշի սեղանին սալ, երշիկ, ջեմ ու մուրաբա տեսնելով: Մտածեց՝ երեւի տղաները «տուլիկ» են ստացել: Հետո արդեն պարզեց՝ ճաշացանկն է այստեղ ուրիշ, ուրիշ է համազգեստի տրման կարգը, դիրքապահները նաեւ լրացուցիչ տաք վերնահագուստ ունեն, իսկ հերթապահությունն ստանձնելիս զինվորական կոշիկները «վալինկաներով» են փոխարինում: Անջրաթափանց սրունքակալն էլ վերջին նորամուծություններից է. ամրացնում ես կոշիկիդ ու պաշտպանում ոտքդ եղանակային հարձակումներից: Ձյունով զրահված խրամատում այն իսկ եւ իսկն է:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ
Հերթապահող տղաներից առաջինը Սարիբեկն է մեզ նկատում: Խոշոր ու խաժ աչքերում մի փոքր շփոթություն է նշմարվում, կարծես ասի. «Անսպասելի է նոր մարդ տեսնել այս բարձր տեղում»: Բազկամարտի չեմպիոն է, բայց՝ ամաչկոտ ու քչախոս: Իրենից չի պատմում, համառորեն շրջանցում է թեման: «Էսօր էնտեղ հացը մի քիչ ուշացրել են»,- ասում է՝ ցույց տալով դիմացի լեռան վրա փռված ադրբեջանական հենակետը: Հասկանում եմ՝ մեր զինվորները ծայրագույն բծախնդրությամբ են կատարում իրենց մարտական խնդիրը:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆՀաջորդ կետում տեսարանը փոխվում է: Վաղինակը խոժոռել է հոնքերը, հրետանային դիտարկում է կատարում: Բուսոլը խրել է ձյան մեջ եւ ուշադիր հակառակորդի զբաղեցրած դիրքերի անկյուններն ու հեռավորությունն է չափում: Խուզարկուի «առեղծվածային» տեսք ունի: «Հանրային կառավարման ապագա մասնագետ եմ: Բայց, կարելի է ասել, բանակում եմ յուրացրել մասնագիտությանս սկզբունքները, հասկացել կազմակերպվածության ու կարգապահության կարեւորությունը: Այստեղ սովորել եմ ձգտել ավելիին, չդժգոհել եւ լավատեսորեն նայել կյանքին»,- ասում է եւ նորից գործի անցնում: Հանում է ծոցատետրն ու մի քանի տվյալ գրանցում:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆԴիրքում հերթափոխ է: Արման Գալստյանն ստանձնում է հերթապահությունը: Զինվորն այնքան հաղթանդամ է, որ երեսուներկու կիլոգրամանոց «Կորդ» գնդացիրը մի հպումով է տեղավորում  գոգավոր կրակակետում: Եվ իմ մտքում կենդանանում է վիշապաքաղ Վահագնը: Արմանի աչքերը փայլում են ձյունոտ սարերի պես, երբ պատմում է, թե ինչպես է հրաձգարանում նոր զենքով խոցել բոլոր թիրախները: ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող է, երեք տարի անընդմեջ էլ «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի Հայաստանի չեմպիոն է եղել: Ասում է. «Շատերին եմ հաղթել ռինգում, իսկ Օմարում ինքս ինձ հաղթեցի»: Եթե ինքդ քեզ արդեն հաղթել ես, ձյունն ու ապառաժն այլեւս խոչընդոտ չեն:

Գնալու ժամանակն է: Հրաժեշտից առաջ ուզում եմ մի լավ, մի ջերմ բան ասել տղաներին, բայց բառերը չեն հերիքում… ավելորդ են դառնում:  Բարեկամական եւ ամուր ձեռքսեղմումով ենք բաժանվում:

…Վերադառնում եմ մայրաքաղաք: Գարնան արեւը «քերծում է» դեմքս:  Իսկ ես սրտում եւ մտքում պինդ պահել եմ Օմարի ձյունոտ հմայքը, «թարմ» քամին, երկնամերձ բարձունքներում խաղաղությունը հսկող  տղաներին…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/04/2018