Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐԸ



 

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐԸԵւս մեկ տոն հայ ժողովրդի, հայ ընթերցողի համար։ Հայկական բանակի տարեգրության փոթորկահույզ ծով դուրս եկավ մի նավ, որի կողեզրին տպված է՝ «Հայ զինվոր»։

Շուտով կլրանա կես դար, որ ես աշխատում եմ հրապարակախոսության բնագավառում եւ երբեք չեմ կարողացել հաշտվել տարածված այն ճշմարտության հետ, թե «թերթը մի օրվա կյանք ունի»։ Կարծում եմ՝ նա, ով առաջինն է արտահայտել այդ միտքը, նկատի է ունեցել զուտ խմբագրական աշխատանքը՝ ժամանակին հասցնել լրագրի համարն ու անմիջապես մտահոգվել հաջորդի հրատարակման մասին։ Իրականում թերթը, նրա ամեն մի համարը ապրում է հավերժորեն։ Բավական է նայել «Հայ զինվորի» տասնամյա տարելիցի բարձունքից, համոզվելու համար, որ թերթը իսկապես անփոխարինելի հիմք է հանդիսանում ոչ միայն հայկական բանակի տարեգրության, այլեւ ամբողջ Ղարաբաղյան շարժման, մեր ազգային¬ ազատագրական պայքարի համար։ Անշուշտ, ապագա պատմաբանները արխիվներում սրտի թրթիռով են ուսումնասիրելու «Հայ զինվորի» համարներն ու այնտեղից կորզելու նյութեր, որոնցում արտահայտված են նրանց ճակատագրերը, ովքեր կանգնած են եղել բանակի ստեղծման ակունքներում, ովքեր մոտեցրել են հաղթանակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ազատության։ Եվ ապա հետազոտողների աչքի առաջ, ինչպես էկրանի վրա, միմյանց հաջորդելու են հայ ժողովրդի եւ հայ զինվորի հերոսական ուղու փուլերը։

Ամենեւին չեմ կասկածում, որ «Հայ զինվորի» դարսակները անգնահատելի նյութեր կմատուցեն գրողներին ու արվեստի գործիչներին՝ կերտելու համար մեր զինվորի սխրանքին արժանի ստեղծագործություններ։ Քաջ հայտնի է, որ արդի գրականության արժեքն ու նշանակությունը պայմանավորված է նրա մեջ հատկապես հրապարակախոսական տարրի առկայությամբ։ Զինվորական ժուռնալիստիկան օգնում է գրողին մշտապես գտնվել, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ սպորտային ձեւի մեջ։ Այն օգնում, նույնիսկ պարտադրում է ինքնամոռաց սիրել գրողական ոչ դյուրին աշխատանքը։ Զինվորական ժուռնալիստիկան գրողին դարձնում է յուրօրինակ հետազոտող, որը, պրպտելով, հասնում է բանակի առանձնահատուկ խնդիրների բուն էությանն ու իմաստին։

Թերթելով հոբելյարի էջերը՝ ես կրկին վերապրեցի այն ամենը, ինչ ապրել է մեր ժողովուրդը։ Թերթը ոչ միայն երեւան է հանում թեմաների լայն լուսապատկերը, որոնցում արտահայտված է ազգային բանակի կայացման գործընթացը, այլեւ ինքն է համարից համար դառնում ավելի մարտական եւ պրոֆեսիոնալ։ Նրանում կարելի է հանդիպել արդի ժուռնալիստիկայի բոլոր ժանրերը։

Մեր բանակի տասնամյակին նվիրված իր զեկուցման մեջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կոնկրետ բնութագրել է հայրենիքի զինված ուժերի կառուցման երեք փուլերը.

ԱՌԱՋԻՆ. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ Ղարաբաղյան շարժման ակտիվացման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

ԵՐԿՐՈՐԴ. 1992 թվականի հունիս¬1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի Հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաեւ ազգային բանակի ստեղծմանը։

ԵՐՐՈՐԴ. 1994 թվականի հունիս¬մինչ օրս, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձեւավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ։

Եւ ահա այս երեք փուլերն էլ հանգամանորեն տարեգրվում են «Հայ զինվորի» մոտ հինգ հարյուր համարներում, որի համար խմբագրության եւ հեղինակների առաջ խորապես գլուխ են խոնարհելու ապագա պատմաբանները, որոնք, ես խորապես համոզված եմ, մեր ժամանակը, Անկախ Հայաստանի եւ ազգային բանակի ստեղծման ժամանակը համարելու են ոսկեդար, ինչպես Մովսես Խորենացին է ոսկեդար անվանել այն ժամանակը, երբ հայ ժողովուրդը ճակատագրական հաղթանակ տարավ Ավարայրում։

Մնում է միայն սրտանց շնորհավորել հոբելյարին եւ նրա ընթերցողներին։ Եվ, որ ամենակարեւորն է, «Հայ զինվորին» մաղթել բարի երթ եւ, իհարկե, յոթ ոտնաչափ՝ ողնուցի տակ։

 

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


12/04/2018