Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻ



ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻՏանկային վաշտը գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն ստորաբաժանումներից է: Մարտական հերթապահություն կատարող զորամասում առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տեխնիկայի անձնակազմի մասնագիտական գիտելիքների և մարտական պատրաստության կատարելագործմանը:

Տանկային վաշտի հրամանատարն է կապիտան Ռ. Բաղդասարյանը: Ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Զորամասի հրամանատարը, տեղակալները նրան ներկայացնում են որպես գերազանց պատրաստված, մշտապես կատարելագործման ձգտող սպա: Նշում են, որ վաշտում ռազմական գործի ուսուցումը, ծառայության կազմակերպումն ու կարգապահությունը ամուր հիմքերի վրա են:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻ-Ստորաբաժանումը մարտունակ է, պատրաստ է կատարելու բոլոր մարտական առաջադրանքները: Զինծառայողների շրջանում ուժեղ է մրցակցային ոգին: Յուրաքանչյուրը ձգտում է ամբողջությամբ տիրապետել կցված զինտեխնիկայի նրբություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արժանանալ լավագույնի կոչմանը:

Մասնագետները՝ տանկի հրամանատարները, նշանառու-օպերատորները և մեխանիկ-վարորդները, այստեղ տեղափոխվում են ուսումնական զորամասից։ Երիտասարդ մասնագետների հետ համապատասխան աշխատանքները նպաստում են նրանց հմտությունների զարգացմանը։ Ուսումնական ծրագիրն էլ կազմված է հենց այդ նկատառումով։ Տեսական դասընթացներին զուգահեռ կազմակերպում ենք գործնական վարժանքներ, զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ, ցերեկային և գիշերային պայմաններում,- ներկայացնում է վաշտի հրամանատարը։

Մեր այցելության ժամանակ զորամասի հավաքակայանում մեկնարկել էին սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ամառային շահագործման ռեժիմի փոխադրելու աշխատանքները: Դրանց նախորդել են համապատասխան նախապատրաստական միջոցառումներ, լրացուցիչ բացատրական պարապմունքներ:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻՑուցադրական պարապմունքների ընթացքում անձնակազմին պարզաբանվել են շահագործման ռեժիմը փոխելու նշանակությունը, օգտագործվող նյութերի հստակ տարբերակման կարևորությունը, նաեւ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի բարվոք վիճակն ու դրանց շահագործման և սպասարկման բարձր ցուցանիշները՝ զինված ուժերում մարտունակության մակարդակի բարձրացման կարևոր գործոններ լինելու հանգամանքը: Դրանցով էլ պայմանավորված է ռազմերթի, զորավարժության, մարտական առաջադրանքների կատարման ժամանակ ստորաբաժանման առջև դրված խնդրի գերազանց կատարումը:

Կապիտան Բաղդասարյանի հրահանգավորումից հետո անձնակազմի հետ պարապմունք անցկացրեց վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Հ. Թերզյանը: Սկզբում նա զինծառայողներին ևս մեկ անգամ հիշեցրեց վառելիքաքսուքային նյութերի հետ աշխատելիս անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Այնուհետև անցավ պարապմունքի բուն թեմաներին՝ ցուցապաստառի օգնությամբ մանրամասնելով շարժիչի լիցքավորման համակարգի սարքավորումների սպասարկման կարգը: Ուսումնական կետը համալրված էր անհրաժեշտ տեխնիկայով, վառելիքաքսուքային նյութերով, համապատասխան գործիքներով, այլ նյութերով: Քիչ հետո նախատեսվում էր օդի բալոնների և մարտկոցների լիցքավորումը:

Վաշտի հրամանատարը նշեց, որ նույնիսկ սեզոնային սպասարկման շրջանում անձնակազմի հետ տարվող մարտավարամասնագիտական պարապմունքները չեն դադարում: Տանկիստները յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինեն հավաքակայանից ռազմերթ կատարելու նախորոշված շրջան և զբաղեցնելու սահմանված դիրքերը: Զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ տանկային վաշտի անձնակազմը պարբերաբար պարապմունքներ է անցկացնում նաև հավանական մարտական իրավիճակին մոտ պայմաններում: Հետևաբար, տեխնիկան մշտապես սարքին վիճակում պահելն ու դրան ավելի վարժ տիրապետելը ամենօրյա ծանրաբեռնվածություն են պահանջում:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻՀենց հագեցած ու նպատակային պարապմունքների շնորհիվ էլ վաշտի անձնակազմը մարտական պատրաստության գերազանց արդյունքներ է գրանցում: Հրամանատարը ներկայացնում է առավել բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին: Սերժանտ Ռուբեն Մինասյանը տանկի հրամանատար է, ավագ նշանառու-օպերատոր, կրտսեր-սերժանտ Էրիկ Գյուլբուդաղյանի և ավագ մեխանիկ-վարորդ Արտյոմ Թադևոսյանի հետ մասնակցել է համաբանակային մրցույթին և տանկային անձնակազմերի մեջ գրավել երկրորդ տեղը:

Լավագույն նշանառու-օպերատորներից է Տիգրան Կարապետյանը: Տիգրանն ամռանը զորացրվելու է: Գերազանց պատրաստված մասնագետի համարում ունի, այժմ էլ իր գործնական հմտությունները փոխանցում է նոր անձնակազմերին: Իր տանկի հրամանատարի՝ սերժանտ Մուշեղ Բաղդասարյանի և մեխանիկ-վարորդ Ռաֆայել Համբարձումյանի հետ մեկ ամբողջական մարտական միավոր են, գործում են համաձայնեցված ու հստակ: Յուրաքանչյուր առաջադրանք կատարում են արագ ու ճշգրիտ:

Տղաները գիտակցում են իրենց զինվորական մասնագիտության կարևորությունը և ամեն հնարավորություն օգտագործում կատարելագործվելու համար: Նրանք մարտական հերթապահություն են կատարում՝ միշտ պատրաստ լինելով անհրաժեշտ պահին շարժվելու առաջնագիծ, ինչպես բազմիցս եղել է սահմանային լարվածության օրերին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/04/2018