Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ«Հայ զինվորը» բանակի տարեգիրն է, բանակաշինության դժվարին, բայց փառահեղ ճանապարհի մշտական ու հավատարմ ուղեկիցը: Բանակի պես «Հայ զինվորն» էլ ծնվեց պատերազմի թոհուբոհում, առաջին մկրտությունն ստացավ ռազմի դաշտում՝ դառնալով անասելի քաջագործությունների, հանուն հայրենիքի ազատության հայ մարդու, զինվորի, սպայի, կամավորականի անձնվեր պայքարի ու սխրանքների վավերագրողը: «Հայ զինվորը» բանակի հետ մարտնչեց ռազմի դաշտում, հաղթանակած վերադարձավ մարտադաշտից ու անցավ խաղաղ բանակաշինության ռիթմին՝ դառնալով բանակի ձեռքբերումների ու բացթողումների, վերելքների ու վայրէջքների, բանակի հաղթանակների կենսագիրը` ձեռքը ժամանակի զարկերակին, միշտ ամենաթեժ կետերում: Հեշտ չէր շահել սպայի ու զինվորի, գեներալի ու ենթասպայի վստահությունը, դառնալ նրանց զրուցակիցը, դառնալ զինվորական խավի խոհերի, մտորումների, հույզերի ու մտահոգությունների արտահայտիչը, լինել լսելի ու ընկալելի հասարակության համար:

«Հայ զինվորում» լրագրողների երրորդ սերունդն է կրթվում-մասնագիտանում: Յուրաքանյուր խմբագիր իր ձեռագիրն ու հոգուց մի մասնիկ է թողել «Հայ զինվորում»՝ Գագիկ Մանասյանը, Վրեժ Իսրայելյանը, Մհեր Հրաչյանը, Սեյրան Շահսուվարյանը, Էդվարդ Ոսկանյանը… Նրանք՝ յուրաքանչյուրը, իր հնարավորության սահմանում ամեն ինչ արել են, որ թերթի ընթացը լինի անընդհատ ու անխաթար, որ թերթը կատարի բանակը ավելի հզոր ու մարտունակ, ավելի գնահատված ու սիրված դարձնելու առաքելությունը:

Արդեն 25 տարի «Հայ զինվորը» բանակի կողքին է՝ 25 տարիների փորձառությամբ, ուժեղ, կայացած, իր ներուժն ու նպատակները ճիշտ գնահատողի ինքնավստահությամբ ու վճռականությամբ, իր անկեղծ ու բազմաբովանդակ ասելիքով, իր ոգեւորող խոսքով:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


12/04/2018