ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՈՐՅՈՒՆ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Ապրիլի 14-ին Արամ Մանուկյանի անվ. ռազմամարզական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Ողջունելով մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարարը նշել է, որ նման միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ երիտասարդ սերունդը պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ` տեր կանգնելու դարերի ընթացքում ձևավորված արժեհամակարգին: «Սա ազգ-բանակ գաղափարախոսության բաղկացուցիչն է: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր հույսը մենք ենք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, և համատեղ պիտի լինեն գրիչը, բահը և զենքը: Այս գաղափարախոսությամբ է, որ պետք է կառուցենք, ուժեղացնենք մեր երկիրը»,-ասել է Լևոն Մկրտչյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը հույս է հայտնել, որ մրցույթի ընթացքում ձեռք բերած հմտությունները կօգնեն «Կորյուն» ռազմամարզական խաղերի մասնակիցներին դառնալու մեր երկրի իրական պաշտպանները: «Այսօր այստեղ հավաքվածներդ, անցնելով դպրոցական, շրջանային և մարզային փուլերի միջով, ի վերջո «ձևավորեցիք» եզրափակիչ հանրապետական փուլի մասնակիցներին: Կարծում եմ, որ հաղթանակն արդեն իսկ նվաճել եք: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ ճաշակեցիք թիմային հաղթանակ ունենալու բերկրանքը»,-նշել է Արտակ Դավթյանը
«Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մասնակիցները պայքարելու են «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում: Առաջին անգամ խաղերի ծրագրում ներառված է նաև փեյնթբոլ մրցաձևը: