Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 1991թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ



1991թ. սեպտեմբերի 2.– ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)` նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը (դեկլարացիա):

Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես` 1990թ. ապրիլի 3-ի ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

Սեպտեմբերին հայկական ինքնապաշտպանական ուժերը իրականացնում են մի շարք հաջող ռազմական գործողություններ, որոնց արդյունքում ազատագրվում են Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը: Այդ գյուղերի հայ բնակչությունը ադրբեջանական և խորհրդային ՕՄՕՆ-ի համատեղ գործողությունների հետևանքով տեղահանվել էր 1991թ. հուլիսի կեսերին:

1991թ. սեպտեմբերի 23.– Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկ քաղաքում տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև, որի արդյունքում ստորագրվեց Ժելեզնովոդսկյան համաձայնագիրը (կոմյունիկեն): Այն հռչակում էր հակամարտությունը կարգավորելու` կողմերի պատրաստակամությունը:

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի միջնորդական առաքելությունը փաստացի ձախողվեց, որովհետև Ժելեզնովոդսկի համաձայնագրի ստորագրման հենց հաջորդ օրը ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսեցին Ստեփանակերտի և այլ բնակավայրերի ռմբակոծությունը:

1991թ. նոյեմբերի 26.– Ադրբեջանի ԳԽ-ն ընդունեց օրենք, որով լուծարվում է ԼՂԻՄ-ը: ԽՍՀՄ Սահմանադրական դատարանն այն որակեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող ակտ:

1991թ. դեկտեմբերի 2.– ԼՂՀ-ում տեղի է ունենում անկախության հանրաքվե, որին մասնակցում է բնակչության 82.2 տոկոսը` 108736 մարդ, որոնցից 108615-ը կողմ են քվեարկում անկախությանը:

1991թ. դեկտեմբերի 28.– Տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները: Մեծամասնական սկզբունքով ընտրվեց 75 պատգամավոր:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հայկական ԽՍՀ-ում 1990-91թթ. զորակոչ չանցկացվեց, մինչդեռ Մութալիբովին խորհրդային իշխանությունները թույլ էին տվել Ադրբեջանում պահել տեղի զինակոչիկների ընդհանուր թվի շուրջ 60%-ը: Դա հնարավորություն տվեց Ադրբեջանին աստիճանաբար ստեղծել սեփական բանակային ստորաբաժանումները:

1991թ. աշնանը Ադրբեջանն ուներ շուրջ 12 հազար սպաներից ու զինվորներից բաղկացած ՕՄՕՆ, որը, սակայն, աչքի չէր ընկնում մարտական բարձր պատրաստվածությամբ և մարտունակությամբ:

1991թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը կարողանում է բռնագրավել խորհրդային բանակին պատկանող մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի տվյալներով, 1991թ. հոկտեմբերից մինչև 1992թ. մայիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի զորամասերի և պահեստների վրա իրականացվում է շուրջ 100 հարձակում, որի հետևանքով բռնագրավվում են հարյուրավոր զրահամեքենաներ, տանկեր, հրթիռային կայանքներ, 2 ՄԻ-24 ռազմական ուղղաթիռ, 1 գրոհային կործանիչ ՍՈՒ-25:

1991թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց հրամանագիր, որով նրա ենթակայության տակ անցան Ադրբեջանում տեղակայված բոլոր բանակային ստորաբաժանումները, սպառազինությունը և զինամթերքը:

Օգտագործելով իր տարածքում կենտրոնացված ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը` Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


02/09/2011