ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Նոյեմբերի 6-ին ուսումնական զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ազգային բանակի հետախուզական զորքերի եւ ստորաբաժանումների տասնութերորդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի տեղակալներ, վարչությունների պետեր, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատների զինվորական կցորդներ, մայրաքաղաքի եւ Կոտայքի մարզի տարբեր դպրոցների մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր։ Մինչ միջոցառումը սկսելը, նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ հյուրերը բացազատված ուսումնական կետերում ծանոթացան հետախույզների զինանոցում առկա զենքերին, օգտագործվող հանդերձանքին, կապի եւ դիտարկման մասնագիտական միջոցներին, պարաշյուտների տեսակներին։ Միաժամանակ ուսումնական կետերում հետախուզական փոքր ստորաբաժանումները ներկայացրին ռազմադաշտում առաջին բուժօգնություն ցույց տալու, վիրավորներին մարտադաշտից հանելու, թշնամու թիկունքում պայթեցումներ իրականացնելու, սառը զենքով հարձակումներ կազմակերպելու, հակառակորդի ժամապահներին վնասազերծելու եւ գերեվարելու, թշնամու թիկունքում դիտարկումներ կատարելու եւ այլ մասնագիտական գործողություններ։
***
…Շարահրապարակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ զորամասերի ստորաբաժանումների շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց եւ շնորհավորեց հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ։ Ի պատասխան հնչեց հաղթական ուռան, որին էլ հաջորդեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։
Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 23-ին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված կապիտան Կարեն Մարտիրոսյանի հիշատակը։
***
Ելույթ ունենալով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասաց.
-Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հյուրեր. յուրաքանչյուր այսպիսի տոնական օր մեզ հնարավորություն է ընձեռում առաջին հերթին հետադարձ հայացք նետելու մեր անցած ճանապարհին, արժեւորելու եւ իմաստավորելու կատարված աշխատանքը։ Հայ հետախույզները փառավոր ճանապարհ են անցել։ Խորհրդային Միության տարիներին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ կարգավորվել են միջազգային կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Հայ հետախույզները նույնպիսի փառավոր ճանապարհ են անցել մեր նորագույն պատմության՝ Արցախյան ազատամարտի ընթացքում։ Այսօր, անընդհատ կատարելագործելով մասնագիտական հմտությունները, համագործակցելով մյուս զորատեսակների ստորաբաժանումների հետ, հետախույզները մեկ անգամ եւս փաստում են, որ կանգնած են իրենց բարձունքի վրա։ Մենք մեծավ մասամբ նրանց օգնությամբ ենք առաջնորդվում, որոշումներ ընդունում։
Մեր հետախույզներն ունեն մարտական բարձր պատրաստականություն, հարուստ գիտելիքներ, հմտություն եւ դրանք անընդհատ զարգացնում եւ կատարելագործում են դաշտային պարապմունքների ընթացքում։ Վստահ եմ, որ հայոց բանակի հետախույզների համար անհաղթահարելի սահմաններ չկան։
***
Շնորհավորելով ազգային բանակի հետախույզներին՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասաց.
-Վարչության ենթակա զորամասերը եւ զորամասերի հետախուզական ստորաբաժանումները իրենց ստեղծման առաջին իսկ օրվանից պատվով են կատարել առաջադրված բոլոր խնդիրները՝ իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալով հայրենիքի պաշտպանության գործում։ Ընթացիկ տարին փորձության պատասխանատու շրջան եղավ մեր ստորաբաժանումների համար։ Առաջնագծում հակառակորդը կատարեց մի շարք ոտնձգություններ, որոնցից եւ ոչ մեկը անպատիժ չմնաց։ Այսպես եղել է եւ այսպես կլինի նաեւ ապագայում։ Հակառակորդի ոտնձգություններին կտրվեն համարժեք պատասխաններ։ Վստահեցնում եմ, որ հետախույզներն այսուհետ եւս փառքով են կատարելու իրենց առջեւ դրվող բոլոր խնդիրները։
***
Այնուհետեւ Ավ. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոցի աշակերտներն ընթերցեցին դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանի ուղերձը՝ ուղղված հայ հետախույզներին։ Տոնական միջոցառումը շարունակվեց հետախուզական խմբերի եւ ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով։ Առաջինն իրենց վարպետությունը ցուցադրեցին ռազմական թեյքվոնդոյի եւ քինգ-չու մարտարվեստի ֆեդերացիաների սաները, որից հետո սկսվեց «հակառակորդի օդանավակայանի գրավման» գործողությունը։ Եվ մինչ այդ նպատակով դեսանտ կիջեցվեր, իսկ առանձին տեղամասերում կվնասազերծվեին հակառակորդի ստորաբաժանումներն իրենց մարտական տեխնիկայով, բանակային տարբեր զորամիավորումների հետախույզները ցուցադրում էին իրենց մասնագիտական հմտությունները։ Օդանավակայանի գրավման ժամանակ ներկաներին ցուցադրվեց դարանակալում, ավտոշարասյան եւ կենդանի ուժի ոչնչացում, զրահամեքենայի առգրավում։ Գործողություն, որին մասնակցեցին նաեւ «Փոքր Մհեր» վարժարանի սաները։ Հատկապես տպավորիչ էր Մի-8 ուղղաթիռներից պարանների միջոցով մեծաքանակ դեսանտի իջեցումը, որի անվտանգությունն ապահովում էին ուղեկցող ուղղաթիռները։ Ցուցադրվեց նաեւ պարաշյուտներով դեսանտի իջեցում, ինչպես նաեւ առաջադրանքը կատարելուց հետո հավաքման գործողություն։ Միջոցառման վերջնամասում հետախույզները ցուցադրեցին ուժային վարժություններ։ Տոնն ավարտվեց պարգեւատրման արարողությամբ։ Նախարար Սեյրան Օհանյանի եւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամաններով մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՄՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ