Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎՕրերս Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1, Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 և Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ. միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները, իրենց դասղեկների և ռազմագիտության ուսուցիչների, ծնողների ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվ. ռազմամարզական վարժարան: Այցը մասնագիտական կողմնորոշման նպատակով էր և կայացավ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի ու պաշտպանության նախարարությունների համատեղ ծրագրով: Ուսումնարանի պետի տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը, ողջունելով աշակերտներին, նրանց ուսուցիչներին, ներկայացրեց ռազմական կրթօջախի պատմությունը՝ նշելով, որ այն Արցախում եզակի ուսումնական հաստատություն է: Այժմ վարժարանում սովորում են մոտ 100 աշակերտներ, որոնցից 13-ը՝ աղջիկներ: Տեղեկացրեց՝ 2001 թվականից գործող կրթօջախում ընդունելությունը կատարվում է  9-րդ դասարանից սկսած՝ ավագ դպրոցի սկզբունքներով: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրերի հիմքի վրա, որին ավելանում են նաև մասնագիտական առարկաները: Այժմ ընդունելությունը առանց քննության է: Անցողիկ են հիմնական դպրոցի ավարտական քննությունների գնահատականները, կարևորվում է դիմորդի առողջական վիճակը և ֆիզպատրաստվածությունը: Մյուս առարկաների դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով: Այնուհետև դպրոցականները շրջեցին վարժարանում, ծանոթացան պայմաններին, շարահրապարակում կատարեցին շարային վարժանք, ճաշեցին վարժարանի ճաշարանում, զրուցեցին զինվորականների, վարժարանի սաների հետ: Հ. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Արցախյան գոյամարտի մասնակից է, մասնակցել է Շուշիի, Բերդաձորի և Բերձորի (Լաչին) ազատագրման մարտերին: Վարժարանի դասարաններից մեկում պահվում է նրա՝ պատերազմական ժամանակների զրահաբաճկոնը: Տեղեկացրեց, որ իրենց վարժարանից շատ շրջանավարտներ հետագայում ընդունվել են Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարան և այլ ռազմական բուհեր: Վարժարանի նախկին սաներից 4-ը վերջին տարիներին զոհվել են առաջնագծում: Նրանց անուններով դասարաններ են անվանակոչվել վարժարանում: Աշակերտները տեղեկացան, որ վարժարանը համագործակցում է Երկրապահ կամավորականների միության հետ, հաճախ են սաներն այցելում Երևան, լինում Եռաբլուրում, տեսարժան ու պատմամշակութային վայրերում: Ռազմամարզականի սաները նաև մասնակցում են Ստեփանակերտում գործող «Թումո» կենտրոնի դասընթացներին: Կրթօջախի աղջիկ սաներից 2-րդ կուրսեցի Լենա Ամիրխանյանը Քաշաթաղի շրջանի Կերենի միջնակարգ դպրոցի սաներից է, ասաց՝ գոհ է, որ ընտրել է զինվորականի մասնագիտությունը: Արփինե Ավանեսյանը Ստեփանակերտից է, վարժարանն ավարտելուց հետո ցանկանում է դառնալ իրավագետ և աշխատել որևէ ռազմական հաստատությունում: Արևիկ Ալահվերդյանը նույնպես Ստեփանակերտից է, զինվորականի դուստր. մանկուց է որոշել շարունակել հոր գործը: Նրանց համակուրսեցի Միլագրես Ասատրյանն ասաց՝ ապրիլյան դեպքերից հետո որոշեց դառնալ զինվորական և տղաների հետ պաշտպանել հայրենի երկիրը: Հրաժեշտ տվեցինք Հայրենիքի ապագա սպաներին՝ հավատով, որ մեր երկիրը մշտապես պաշտպանված է լինելու:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


17/04/2018