Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՈՐԴԱՆԱՆԻ՝ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ



ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՈՐԴԱՆԱՆԻ՝ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸՄինչև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին ցնցումները, Սիրիան ու Հորդանանը Թուրքիայի հետ կնքել էին ազատ առևտրի և առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա զարգացող տնտեսությունից:

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագորեն վատթարացան սկսած 2011 թվականից, երբ Թուրքիան աջակցեց իսլամական ջիհադիստներին՝ ոտնահարելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը: Տարեսկզբին, ևս մեկ քայլ առաջ գնալով, Թուրքիան հանդգնեց ներխուժել Հյուսիսային Սիրիա, գրավելով Աֆրին քաղաքը և մտադրություն հայտնելով իր ռազմական ներկայությունն ընդլայնելու վերաբերյալ:

Հետևաբար, Թուրքիայի և Սիրիայի միջև փոխադարձ առևտրային համաձայնագիրը և մուտքի արտոնագրային ռեժիմը չեղյալ հայտարարվեցին: Վերջերս Հորդանանը կասեցրեց իր սեփական առևտրային համաձայնագիրը Թուրքիայի հետ, բազմիցս նախազգուշացնելուց հետո, որ դա միակողմանի է, և դրանից Թուրքիան ավելի շատ օգուտ է քաղում, քան Հորդանանը: 2016 թ. թուրքական արտահանումը Հորդանան կազմել է 710 միլիոն դոլար, իսկ Հորդանանինը Թուրքիա՝ ընդամենը 102 միլիոն դոլար:

Հորդանանը խոստացել է վերականգնել համաձայնագիրը, եթե Թուրքիան համաձայնի որոշակի փոփոխությունների, այդ թվում՝ «թուրքական կողմի համաձայնությունը այն պաշտպանական միջոցառումների իրականացմանը, որոնք կմշակվեն Հորդանանի կողմից տեղական արդյունաբերության պաշտպանության համար:

Զարմանալիորեն, Թուրքիան համաձայնել է վերանայել 2011 թ. ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը: Սա պարզապես շեղում է Թուրքիայի սովորաբար ագրեսիվ մարտավարությունից՝ սպառնալով և ստիպելով ենթարկվել իր ցանկություններին թե՛ բարեկամներին, թե՛ հակառակորդներին:

Հորդանանի կառավարությունն արժանի է գովասանքի իր շահերի պաշտպանության համար ունեցած կոշտ դիրքորոշման համար, չնայած, որ վերջին ամիսներին մի շարք զարգացումների արդյունքում ամրապնդվել էին Թուրքիայի և Հորդանանի միջև հարաբերությունները: Երկու երկրները խստորեն քննադատել էին նախագահ Թրամփի որոշումը՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Փետրվարի 21-ին երկու երկրները նաև ստորագրել էին ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

Պրոֆ. Պինար Թրեմբլեյը «Ալ-Մոնիտոր»-ի հոդվածում վերլուծել է այն չորս գործոնները, որոնք կարող են ազդել թուրք-հորդանանյան առևտրային համաձայնագրի վերանայման վրա:

Առաջին խոչընդոտը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի դժգոհությունն է Թուրքիայից՝ իրենց թշնամի Քաթարին աջակցելու համար: Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն ավելի հեռուն գնալով` Թուրքիային անվանեց «Չարի եռանկյունու» անդամ՝ իսլամական զինյալների և Իրանի հետ միասին… Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հակաթուրքական դիրքորոշումը ճնշում է գործադրում Հորդանանի վրա՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի զգուշավոր լինելու առումով: Պատճառը, որով Թուրքիան փորձում է բավարարել Հորդանանի պահանջը, այն է, որ նա ցանկանում է դուրս գալ սուննի արաբական երկրների մեկուսացումից:

Երկրորդ խոչընդոտը սուննի առաջնորդների թշնամանքն է Իրանի նկատմամբ: Այս թշնամությունն առաջացրել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի զայրույթը Թուրքիայի նկատմամբ՝ Իրանի հետ հարաբերությունների պատճառով: Թուրքիան փորձում է խթանել իր հարաբերությունները Հորդանանի հետ, որովհետև դաշնակիցների կարիք ունի արաբական աշխարհում: Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Էրդողանը ձգտում է դառնալ սուննի մահմեդականների առաջնորդը՝ մրցակցելով իսլամի երկու սրբազան վայրերի՝ Մեքքայի և Մեդինայի հայրենիք Սաուդյան Արաբիայի հետ:

Երրորդ խոչընդոտը Սաուդյան Արաբիայի ցանկությունն է իր ազդեցությունը տարածել արաբական աշխարհի նկատմամբ, որը դեմ է թուրքական զավթողական քաղաքականությանը: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիան և Թուրքիան մրցում են Հորդանանի թագավորության բարեկամության համար: Թրեմբլեյը հաղորդել է, որ «Դեկտեմբերի վերջին Թուրքիան Սուդանից 99 տարով վարձակալել է Սուակին կղզին` ընդլայնելով Թուրքիայի ներկայությունը Կարմիր ծովում: Այս քայլը անհանգստացրել է այն երկրներին, որոնք իրենց համարում են «արաբական հակաահաբեկչական քառյակ» (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն): Թուրքիայի հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ ծաղկում են: Ոչ բոլորն են գոհ նման զարգացումներից, և դա կարող է խնդիրներ առաջացնել թուրք-հորդանանյան հարաբերություններում»:

Պրոֆ. Թրեմբլեյը չորրորդ մարտահրավերը համարել է ֆինանսականը. «Թուրքիան ցանկանում է Հորդանանի շուկաները, սակայն բախվում է Պարսից ծոցի երկրների ստեղծած արգելքներին: 2016 թ. մարտից Թուրքիան և Հորդանանը փորձում են, առանց հաջողության, ծովային երթուղի գործարկել թուրքական Իսքենդերուն և Հորդանանի Աքաբա նավահանգիստների միջև՝ Ծոցի շուկաներ դուրս գալու համար: Սակայն առանց քաղաքական փոխզիջումների, տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում անկայուն է: Թուրքական ավիաուղիները մարտի 19-ին վերսկսել են ուղիղ թռիչքները Ստամբուլի և Աքաբայի միջև: Հետաքրքիր է, որ հենց մարտին Սաուդյան թագաժառանգը Կահիրեում էր և քննարկում էր բազմամիլիարդանոց կամրջի կառուցման խնդիրը, որն իրար կկապի Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Աքաբայի Ծոցի մուտքին: Մարտի 12-ին ԱՄԷ-ի արտգործնախարարը Հորդանանի մայրաքաղաք Ամման կատարած այցի ժամանակ խոստացավ օգնել Հորդանանին տարբեր տնտեսական մարտահրավերներում և հաստատել տարածաշրջանային կայուն կապեր: Թուրքիան կարծում է, որ Հորդանանի կողմից ազատ առևտրի համաձայնագրի կասեցման հիմքում ընկած են այս զարգացումները: Հորդանանի գործարարները և վերլուծաբանները համամիտ են, որ որոշման կասեցումը ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ձեռքի գործն է»:

Թրեմբլեյը հանգել է այն եզրակացության, որ. «Թուրքիային խիստ անհրաժեշտ է բազմացնել իր հնարավորությունները արտաքին քաղաքականության մեջ: Անցյալի բազմաթիվ սխալներն ու թանկ վճարված ձախողումները զգալիորեն նվազեցրել են Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբերակները: Վերջին տասնամյակում Թուրքիայի հավակնություններն ու հռետորությունը չեն համապատասխանում իր հնարավորություններին և ձեռքբերումներին: Սակայն Հորդանանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ Անկարան ոչ միայն վճռական է տրամադրված, այլև լավ կազմակերպված: Եթե Թուրքիան կարողանա հաղթահարել նշված խոչընդոտները, ապա ազատ առևտրի համաձայնագրի վերանայումն իսկապես հաղթանակ կլինի Անկարայի համար»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Տարածաշրջան


19/04/2018