25 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Արցախյան շարժումը, որը վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրելու նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել ԼՂՀ կազմից: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը: 1993-ի մարտի 31-ին Սիսական ջոկատի մի վաշտ, Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ, Լաչինից շարժվեց հյուսիս՝ հասնելու Քարվաճառի ազատարարներին: Սիսիանցիները պետք է անցնեին Վակունիս գյուղով, որն, ըստ տեղեկությունների, ազատագրված պիտի լիներ: Սակայն 31 հոգուց բաղկացած մարտական ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Թշնամու հրետանին դիմացից խոցում է մեր տղաների ռազմական մեքենան: Հայոց քաջերը կռվում են հերոսաբար, սակայն հայտնվելով բաց ու հարթ տարածքում, ընկնում են ուղիղ նշանառության տակ, վիրավորվում, զոհվում: Ծանր վիրավորվում է նաև հրամանատարը, արյունաքամ լինում, սակայն իր զինվորներին կարգադրում է՝ իրեն այնպես պառկեցնել, որ շարունակի մարտը ղեկավարել: Մարտի 31-ին Վակունիսի այս դաշտում մարտիրոսվում են Վուրգը և իր ջոկատի 10 մարտիկ՝ Գևորգ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Վահան Սիմոնյանը, Հրայր Եղիազարյանը, Զոհրակ Գևորգյանը, Ալբերտ Ազարյանը, Վալերիկ Ավետիսյանը, Վարդան Բաբայանը, Մելսիկ Աթանեսյանը, Վոլոդյա Կարապետյանը։
1993թ. դեկտեմբերին կազմավորվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը: Վուրգ Ոսկանյանի անունով է կոչվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հարավ ընկած գյուղերից մեկը՝ Վուրգավանը: Գրեթե նույն հեռավորությամբ` հյուսիսում է Վակունիս գյուղը: Գյուղի դպրոցը կոչվում է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ Գյուղի մոտակա բաց դաշտում բացվել է Սիսական ջոկատի հուշակոթող-խաչքարը: Ամեն տարի մարտի 31-ին մարդաշատ է Վակունիսը: Այստեղ են գալիս Վուրգի զինակից-ընկերները, հարազատները, մշակութային խմբեր, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Իսկ Վուրգ Ոսկանյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվում է քաջորդիներին նվիրված հուշ-ցերեկույթ, որն այս տարի կայացավ ապրիլի 10-ին: Դպրոցի աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, ազգագրական պարերով, ասմունքով: Անդրադարձ եղավ նաև 2016թ. Ապրիլյան պատերազմին: Սիսական ջոկատից այդ օրերին զոհվեցին Վուրգի ութ զինակից ընկերները: Դպրոցականները ներկայացրին Վուրգ Ոսկանյանի կենսագրությունը՝ նշելով հերոսի անցած փառավոր ճանապարհը, որն ընդհատվեց իրենց բնակավայրի ազատագրման համար մղված մարտում: Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցի զինղեկը։ Արցախյան շարժման առաջին օրերից Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորականների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Դպրոցի տնօրեն Վ. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մասնակից եղան իր սաների ներկայացմանը, բոլորին մաղթեց հաջողություն և խաղաղություն: Երեկոյան հրաժեշտ տվեցինք Վակունիսին՝ հավատով, որ այս փոքրիկները տեր են լինելու Վուրգի և նրա զինակիցների ազատագրած, նրանց արյամբ սրբացած հողին…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Բանակ և հասարակություն