Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ



ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԱյս տարի լրանում է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 110-ամյակը, որի կապակցությամբ ծրագրել ենք տպագրել հոդվածաշար։

Առաջին հրապարակումը` ստորեւ։

 

Ծնունդը

Վեհափառի ծնողները պարզ, հասարակ մարդիկ են եղել, մինչեւ ամուսնանալն ապրել են Ռոդոսթո քաղաքում, որը մի փոքրիկ նավահանգիստ էր Կ. Պոլսից ոչ հեռու։ Հայրը` Աբրահամը, 22 տարեկանում թողել է ծննդավայրը, մեկնել Կ. Պոլիս, ուր եւ զբաղվել է կոշկակարությամբ։ Կիսագրագետ մարդ է եղել, բայց ազգային հարցերում` զգայուն եւ ակտիվ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1895-ի սեպտեմբերի 30-ին Կ. Պոլսի Բաբա Ալի փողոցի հայտնի ցույցին` ուղղված թուրքական բռնակալության դեմ։ Ցույցը ողբերգական ավարտ է ունեցել` թուրք ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, եղել են զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Աբրահամին հաջողվել է իր մի քանի ընկերների հետ խույս տալ հետապնդումներից, թաքնվել է եւ մի քանի օրից գաղտնի անցել Բուլղարիայի սահմանը։ Բուլղարական ոստիկանությունը բարյացակամ է եղել հայ փախստականների նկատմամբ, եւ նրանց մի խմբի հետ Աբրահամը հաստատվել է Վառնայում, կատարել սեւագործ  աշխատանք, ապա մի քանի ամիս անց հատել Ռումինիայի սահմանը եւ, բնակվելով Բուխարեստում, զբաղվել կոշկակարությամբ։

Անցել են տարիներ, Ռոդոսթոյից Բուխարեստում հայտնվել է նաեւ մի փախստական հայուհի` Սիրանույշը, հանդիպել Աբրահամին։ Նրանք ամուսնացել են 1907-ին, եւ  1908-ի սեպտեմբերի 20-ին, Բուխարեստում լույս աշխարհ է եկել նրանց որդին` Լեւոն-Կարապետ Պալճյանը, ապագա կաթողիկոս Վազգեն Ա-ն։

 

Պատերազմի միջով

1916-ի ձմռանը Ռումինիան մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ` ընդդեմ Գերմանիայի,  Ավստրիայի եւ Թուրքիայի` դաշնակցելով Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ։ Ռազմաճակատում գործերը լավ չէին, եւ Ռումինիան գրեթե ամբողջությամբ գրավվեց գերմանական զորքերի կողմից։ Բուխարեստի հայերը տագնապի մեջ էին` գերմանացիների հետ քաղաք են մտնելու նաեւ թուրքերը, հավաքելու են իրենց եւ տանեն Թուրքիա` կոտորելու։ Շատերի աչքի առաջ 1915-ի արյունոտ ջարդերն էին, եւ տագնապը միանգամայն հասկանալի էր։ Սկսվեց ռումինահայերի գաղթը Ռուսաստան։ Գաղթեց նաեւ Պալճյանների ընտանիքը`  թողած ամեն ինչ։ Մեծ դժվարությամբ հասնում են Օդեսա, ապրելու տեղ գտնում ծայրամասային մի համեստ սենյակում ¥Վեհափառը հետո կհիշի` փողոցը կոչվում էր Կուզնեչնայա¤։ Հայրն այստեղ էլ զբաղվում էր կոշկակարությամբ, իր արհեստով մի կերպ պահում ընտանիքը։ Այդպես` մինչեւ 1919-ի գարուն, երբ հնարավորություն  ստեղծվեց նորից Բուխարեստ վերադառնալու։ Այստեղ մնացած հայերը, բարեբախտաբար, կարողացել էին խուսափել ճակատագրի նոր, դաժան հարվածից` գերմանական հրամանատարությունը չէր ընդառաջել հայերին Թուրքիա տեղափոխելու մասին Թալեաթ փաշայի առաջարկին, եւ հայ գաղթականները, այդ թվում` Վեհափառի հորեղբայրները, չէին ենթարկվել բռնահանմանը։

Բուխարեստում Աբրահամը նորից սկսեց ապրուստի միջոցներ հայթայթել իր արհեստով։ Չափազանց սուղ էին այդ միջոցները, իսկ տղան հասել էր դպրոցական տարիքի, պետք էր ուսման տալ։ Բուխարեստում այդ ժամանակ հայկական դպրոց չկար, թեեւ գալիս էին գաղթական հայերի նորանոր խմբեր։ Մայրը ստիպված որդուն կրթության է տալիս գերմանական վարժարան։ Այստեղ պատանի Լեւոնը սովորում է ընդամենը չորս տարի` ուսման վարձը շատ թանկ էր, եւ նա դուրս է մնում վարժարանից։ Ուսումը, սակայն, կիսատ չի մնում` Լեւոնն անցնում է ռումինական դպրոց, ստանում միջնակարգ կրթություն, դրանից հետո ուսումը շարունակում Բուխարեստի համալսարանի գրականության եւ փիլիսոփայության ֆակուլտետում ¥1936¤, գործնական մանկավարժության բաժնում ¥1937¤։

 

Միջավայրը

Վեհափառը հետագայում կհիշի. «Իմ պատանեկությունս, սկսյալ 1922-ից,  անցկացրած եմ հայկական միջավայրի մեջ»։ Նկատի ունի հատկապես Հայ մարմնամարզական ընդհանուր միության սկաուտական կազմակերպության մեջ անցկացրած տարիները` 1922-ից մինչեւ 1934թ.։ «Սկաուտական կյանքն ինձ համար եղած է շատ օգտակար եւ դաստիարակչական միջավայր, ուր նաեւ հայերենի դասընթացների եմ հետեւած եւ հետո ինքնօգնությամբ կատարելագործած եմ իմ հայերենը»,- այսպես կհիշի Վեհափառն այդ տարիները։

Ապագա կաթողիկոսի կյանքում մեծ դեր է խաղացել մայրը, որը, չնայած նյութական դժվարություններին, մշտապես հոգ է տարել որդու կրթության մասին։ «Մայրս եղած էր ուսուցչուհի Ռոդոսթո քաղաքում յոթ տարիներ, նա գրագետ կին էր, եւ նա էլ, անշուշտ, նպաստած է իմ հայերենի իմացումին եւ կատարելագործումին»,- կհիշի Վեհափառը։

Արգասավոր եղան ուսանողական տարիները ապագա կաթողիկոսի կյանքում։ «Իմ կյանքի ամենաերջանիկ շրջանը եղած է դա, որտեղ մեծ հաճույքով եւ նախանձախնդրությամբ հետեւում էի բոլոր դասընթացներին եւ ավարտեցի հաջողությամբ,- արդեն ծերունազարդ տարիներին կհիշի նա,- անշուշտ, իմ մտավորական կազմավորումը կատարված է հատկապես այս շրջանին, իմ ուսանողության շրջանին։ Եվ նաեւ հասարակական ու քաղաքական իմաստով։ Օրինակ` ընկերային գիտությունների մեր դասախոսը, որ առանձնակի բարձր մասնագետ էր իր բնագավառում, հատուկ կարեւորություն էր տալիս մարքսիզմին, անշուշտ, դիտելով այն քննադատական տեսանկյունից։ Ես հիշում եմ, օրինակ, դասախոսություններից մեկում Ստալինի մասին նա ասաց` Ստալինի անձի մեջ ձեռք ձեռքի տված են Կարլ Մարքսը եւ Չինգիզ խանը։ Գիտական այդ մթնոլորտին մեջ, ուրեմն, կազմավորված է նաեւ իմ հասարակական, քաղաքական մտածելակերպը եւ հոգեբանությունը»։

Բուխարեստի համալսարանը կարեւոր հանգրվան եղավ Վեհափառի կյանքում, իմաստալից միջավայր էր։

 

Ուսուցչություն

Բուխարեստում ձեւավորված էր հայկական հոծ համայնք, բնականաբար, գործում էին մի քանի հայկական դպրոցներ։ Համալսարանն ավարտելուց հետո` շուրջ 12 տարի, ապագա կաթողիկոսն ուսուցչություն արեց այդ դպրոցներում, դարձավ համայնքի կենտրոնական դեմքերից մեկը։ Սիրելի անձ էր ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծերի համար։ Հետագայում կպատմի. «Շատ սիրում էի իմ ասպարեզը, սիրում էի երեխաների միջավայրում լինել եւ երջանիկ էի լինում, երբ տեսնում էի նրանց մեջ զարթոնքը մտքի, հոգու կարողությունների։ Հպարտանում էի մանավանդ այն աշակերտներով, որոնք մասնավոր կերպով օժտված էին եւ փայլուն հանձնում էին իրենց քննությունները»։

Ապագա կաթողիկոսը շատ բան արեց, որ Բուխարեստի հայկական դպրոցներում ըստ արժանվույն նշվեն ազգային տոները։ Երեխաները հայեցի մեծանան եւ դաստիարակվեն, իմանան` ինչ է Ապրիլի 24-ը, Մայիսի 28-ը, Թարգմանչաց տոնը եւ այլն։ Այդ ժամանակ Ռումինիայում արգելված էր օգտագործել «սովետական» բառը, եւ նա առանց այդ բառի օգտագործման երեխաների մեջ ներարկում էր այն միտքը, որ իրենք հայրենիք ունեն` Հայաստան, եւ պետք է երազեն նրան, ապրեն նրանով։

Համայնքում  ինչ հանդիսություն կամ միջոցառում լիներ` ապագա կաթողիկոսը դրա կազմակերպիչն էր եւ ոգին։ 1937-ին նրա խմբագրությամբ լույս տեսավ համայնքի «Հասկեր» գիտահասարակական  ամսագրի առաջին համարը։ Հրատարակիչն էլ ինքն էր։ Դա կարեւոր իրադարձություն դիտվեց համայնքի կյանքում։

 

Հոգեւոր կյանքի սկիզբը

1942-ին, բավական առաջացած տարիքում, մահացավ ռումինահայության հոգեւոր առաջնորդ Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրաբյանը։ Պատերազմական տարիներ էին, ռումինահայությունը եւս դժվարին օրեր էր ապրում, եւ ահա` նոր դժվարություն` հոգեւոր առաջնորդի ընտրությունը։ Հարմար թեկնածուներ չկային հոգեւորականության մեջ` կիսագրագետ քահանաներ էին, որոնք միայն ծիսակատարություններ կարող էին կատարել եւ ոչ երբեք` ռումինահայերի հոգսերը եւ կարիքները ներկայացնել իշխանություններին, վայելել նրանց հարգանքը։ Գաղթօջախի աշխարհիկ ղեկավարների ընտրությունը կանգ է առնում ուսուցիչ Պալճյանի վրա։ Վեհափառը հետո այսպես կմտաբերի այդ օրերը. «Հայ գաղութի ղեկավարները դիմեցին ինձ, որ ես հոգեւորական դառնամ, քանի որ ես տեղացի էի, լավ ռումիներեն գիտեի, եւ փնտրում էին մեկին, որ այդպիսին լիներ, որ դժվար կացություններից դյուրավ դուրս գա։ Ես անակնկալի եկա եւ մերժեցի, ասելով, որ հոգեւորական լինելու պատրաստ չեմ, դժգոհ չեմ իմ ասպարեզից, սիրում եմ ուսուցչությունը, ի վերջո, այդ պատասխանատու գործի համար երիտասարդ եմ, անփորձ եմ եւ այլն»։

«Բանակցությունները» տեւեցին վեց ամիս, եւ սիրված ուսուցիչը, ամենուր հարգված մարդը, ի վերջո, համաձայնում է դառնալ հոգեւորական, ընդունել համայնքի հոգեւոր առաջնորդությունը։ Բայց կար մեկ դժվարություն` նրան ըստ կարգի քահանա, վարդապետ պետք է ձեռնադրեր եպիսկոպոսը, որը Ռումինիայում չկար, այլ երկիր գնալու համար էլ ճանապարհները փակ էին, պատերազմ էր։ Համեմատաբար դյուրինը Հունաստան գնալն էր, ուր մի հայ եպիսկոպոս կար։

1943 թվականի սեպտեմբերի 20-ին, զարմանալի զուգադիպությամբ հենց իր ծննդյան տարեդարձի օրը, ապագա կաթողիկոսը մեկնում է Աթենք` ձեռնադրվելու։ Դրվում է նրա հոգեւոր կյանքի սկիզբը, որը տարիներ անց նրան տանելու էր Հայոց կաթողիկոսական գահ։

(շարունակելի)

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/04/2018