Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ



ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑԱպրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, առաջին խորհրդական Կլեր  լը Ֆլեշերը, մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա  Տսագրիսը այցելեցին Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան: Սարդարապատի  հերոսամարտի հուշահամալիր, հայոց  ազգագրության  և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին թանգարանում, ծաղիկներ խոնարհեցին հերոսամարտի 18 նահատակների       տապանաքարին:

Ֆրանսիացի դեսպանը Մուսա լեռան պատմությանը ծանոթ էր մինչև թանգարան այցելելը. դեռ տասը տարի առաջ է ընթերցել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը,  հիմա առավել քան տպավորված է:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑԹանգարանում մանրամասնորեն  ներկայացված է մուսալեռցիների ամբողջ պատմությունը՝ մաքառումի, ցավի, պայքարի բովով անցած ճանապարհը: Յուրաքանչյուր  ցուցանմուշ ուշագրավ է, ժամանակի խոսուն վկան. որսորդական հրացաններ, մուսալեռցիների մարտերի քարտեզը, որտեղ պայմանական նշված է թուրքերի հարձակումը եւ մուսալեռցիների հակահարձակումը (Մուսա լեռան վրա 4 հիմնական մարտեր են տեղի ունեցել, եւ բոլորն էլ ավարտվել են մուսալեռցիների հաղթանակով): Ֆրանսիական արխիվներից բացառիկ լուսանկարներում էլ  ներկայացված է, թե ինչպես է կազմակերպվել փրկության գործողությունը, եւ ինչպես են տարհանվել հերոսամարտի  մասնակիցները:

Ժամանակակից տեխնիկայի նորագույն եւ  ինքնատիպ լուծումով, փրկության հասած ֆրանսիական ռազմանավի  ներսույթի տեսքով կառուցված թանգարանի ցուցասրահում մեկեն հայտնվում  ես նավի տախտակամածին, ծովի ալիքները ծածանվում են շուրջդ,  իսկ առջեւում պատկերվում են հարյուր  տարվա վաղեմության դեպքերն ու դրվագները:

Ներկաներն անչափ տպավորված էին, Ժոնաթան Լաքոտը խոստովանեց՝ հուզիչ է այստեղ տեսնել մուսալեռցիների ժառանգներին, եւ ցավալի է մտածել, թե ինչ կլիներ, եթե փրկության նավերը չհայտնվեին. «Այս պատմությունը խորհրդանշում է մարդկային առաքելությունը. ամեն անձի փրկությունը մարդկային շառավղի փրկություն է: Խոնարհվում եմ երկու հերոսական պատմությունների առաջ՝ մուսալեռցիների հերոսական դիմադրության  եւ փրկության շատ կարեւոր առաքելության: Հայոց ցեղասպանությունը  համամարդկային պատմության մի անբաժին մասն է և բոլորի ողբերգությունն է:  Առաջին իմ քայլը Հայաստանում Ցեղասպանության թանգարան այցելելն էր, անմեղ զոհերի  հիշատակին խոնարհվելը»:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑԴեսպան Ժոնաթան Լաքոտը  հավելեց նաև,  որ  իր առաքելությունը հայ-ֆրանսիական դարավոր կապերի  է՛լ ավելի ամրապնդմանն ու զարգացմանն աջակցելն է:

Այցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը, նաև հերոսամարտը լուսաբանող վավերագրերի հրատարակությանը և հուշանվերների արտադրությանը վերաբերող հարցեր:

Ֆրանսիական դեսպանատան  աջակցությամբ հուշահամալիրում ջրագիծ է անցկացվել, արդեն լուծված է խմելու ջրի խնդիրը: Կարեն  Արիստակեսյանը նշեց, որ շուտով, ավելի ստույգ՝ մայիսի 28-ին, հուշահամալիրի տարածքում «Բարեկամության հուշաղբյուր» կբացվի. «Հուշակոթողի էսքիզը Ռաֆայել Իսրայելյանինն է, ժամանակին  նա էր ծրագրել հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձան կերտել, մենք   կարողացանք նրա արխիվում գտնել հենց այս էսքիզը և այդ օրինակով էլ որոշեցինք  կյանքի կոչել աղբյուրը»:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑՀուշաղբյուրի երկու կողմերում վեր կխոյանա հուշապատ, որտեղ  հայերեն և ֆրանսերեն գրված կլինեն փրկությանն  աջակցած  ֆրանսիացի նավաստիների եւ նավապետների անունները. հերոսական ինքնապաշտպանությունից հետո մուսալեռցիները փրկվեցին ֆրանսիական ռազմածովային նավատորմի ռազմանավերի  անձնակազմի շնորհիվ: Վերջիններս նկատել էին  Մուսա լեռան  վրա ծածանվող կարմիր խաչով դրոշը, որի վրա անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են», եւ շտապել էին  օգնության

4000-ից ավելի  փրկված կյանքեր՝ ծեր ու մանուկ, կին, տղամարդ…եւ վերընձյուղված շարունակություն…

Հուշակոթողի հիմքն արդեն դրված է: Հարյուր տարուց ավելի է անցել, բայց  հայ ժողովրդը չի մոռացել իրեն օգնության ձեռք մեկնածներին: Ժամանակի մեջ մոռացում չկա, եւ երախտագիտությունը երբեք ուշացած չէ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Հոգևոր-մշակութային


19/04/2018