Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ



ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հյուսիսարեւելյան զորամասի հրամանատարի տեղակալ,

փոխգնդապետ

 

Զորամասն իր առջեւ դրված մարտական առաջադրանքը դժվարամատչելի պայմաններում է իրականացնում: Թե՛ տեղանքը, թե՛ եղանակը  բարդ են, ուստի կարեւոր են կայուն ու հիմնարար գիտելիքները, հմտությունների անընդհատ զարգացումը: Ուսուցումը մեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասն է: Այս ուսումնական փուլի ընթացքում գործնական պարապմունքները կազմակերպում ենք՝ խաղարկելով հիմնականում գրոհային գործողություններ: Մարզումների ժամանակ կատարելագործում ենք արագ փոխվող իրադրությունում ճիշտ կողմնորոշվելու որակները` ծանրաբեռնվածությունը մոտեցնելով ժամանակակից մարտի պայմաններին:  Պարապմունքների համար ընտրված տեղանքը թույլ է տալիս զինվորին հստակ պատկերացնելու  իր ստորաբաժանման խնդիրը, իր տեղն ու դերը մարտադաշտում: Սա կարեւոր նախապայման է ակտիվ գործողությունների ժամանակ չշփոթվելու, նախաձեռնողականություն դրսեւորելու, հակառակորդին քո կամքը թելադրելու առումով:

Պակաս կարեւոր չէ նաեւ վատ տեսանելիության կամ գիշերային պայմաններում մարտ վարելու հմտությունների զարգացումը: Զորամասը համալրված է ջերմատեսիլ սարքերով եւ դիտարկման գերժամանակակից միջոցներով, որոնք մի քանի անգամ ավելի անվտանգ են դարձնում գիշերային ծառայությունը: Սարքավորումների ճիշտ շահագործումն ապահովելու համար անձնակազմն անընդհատ հրահանգավորվում է: Ասեմ, որ զինծառայողները դրանք բավականին արդյունավետ են կիրառում: Հաճախ ենք անցկացնում նաեւ գիշերային պարապմունքներ՝ օգտագործելով բնական խոչընդոտները, լեռնանտառային տեղանքի կտրտվածությունը, ինչը, ի դեպ,  շահեկան է ամուր պաշտպանություն ապահովելու համար:

Մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակները համալրվել են: Օրինակ՝ խոշոր  տրամաչափի «Կորդ» գնդացիրը, որի օպտիկական նշանոցն ապահովում է  դիպուկություն եւ կրակի վարման հեռահարություն, կամ ձեռքի  հակատանկային նռնականետը` նորագույն  նշանոցով ՁՀՆ-7-ը, որ նախատեսված է բեկորային նռնակներով  հրաձգություն վարելու համար:  Նորամուծությունները մի քանի անգամ բարձրացրել են կրակային խոցման արդյունքները: Հաճախ ենք զորամասի լսարաններում, կրակադաշտում, բացազատված ուսումնական տեղամասերում կազմակերպում եռօրյա, հնգօրյա տեսական ու գործնական պարապմունքներ: Մանրակրկիտ բացատրում ենք նոր զենքերի հետ վարվելու նրբությունները՝ շեշտը դնելով անվտանգության կանոնների խստիվ պահպանման եւ անվրեպ, թիրախային խոցման վրա: Նկատել եմ՝ հատկապես նոր զենքերը զինվորները մեծ ոգեւորությամբ են ուսումնասիրում: Ընդհանրապես, այստեղ ծառայող տղաները հնարամիտ են, դիմացկուն, պատրաստակամ, կազմակերպված եւ իրենց գործը կատարում են գերազանց:

 

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

 

♦♦♦

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸԾովի մակերեւույթից 3500 մ բարձրության վրա իրենց պարտականություններն անմնացորդ կատարող այս տղաների ամեն օրը խիզախում է: Նրանք են հայրենիքի վահանը, սուրը, աչքը, ամրոցը: Այս լուսանկարների դիրքապահներն են հսկում մեր երկրի անդորրը՝ միշտ պատրաստ կանխելու թշնամու ցանկացած ոտնձգություն:

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/04/2018