ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ապրիլի 10-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2018թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակը: Ամփոփմանը ներկա էին զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հրամանատարները: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Նա ներկայացրեց զորամիավորումում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, ապա հակիրճ ներկայացրեց օրակարգը:
Բանակային զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արտակ Բուդաղյանը ներկայացրեց զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական խնդիրները: Մանրամասնեց ծառայությունների աշխատանքները, եռամսյակի ընթացքում ձեռք բերած հաջողությունները, թերությունները: Նա նշեց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող և թերացող ստորաբաժանումներին՝ ներկայացնելով նրանց թույլ տված մի շարք բացթողումները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը ներկայացրեց մարտական պատրաստության վիճակը: Նա ըստ զորամասերի մանրամասնեց փուլի ընթացքում կատարված աշխատանքները, նշեց թերությունները, առկա խնդիրները՝ ևս մեկ անգամ շեշտելով անհրաժեշտաբար կատարվող այն գործողությունները, որոնցով կխթանվի մարտական պատրաստության բարձրացման վիճակը:
Բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սմբատ Գրիգորյանը ներկայացրեց մարտական հերթապահության վիճակը: Նա ցուցադրական եղանակով ամփոփեց դիրքերի, հենակետերի փաստացի իրավիճակը, դեռևս առկա խնդիրները, բացթողումները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց կատարված դաստիարակչական աշխատանքները` նշելով նաև անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատ տեղ գտած թերությունները: Ամփոփելով՝ նա ասաց, որ անելիքները շատ են և պահանջում են ամենօրյա, նպատակաուղղված աշխատանք:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Արմենակյանը ներկայացրեց զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման վիճակ՝ փաստելով, որ զորամասերում բավականին բարելավվել են ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքները, կանխարգելիչ աշխատանքները տվել են դրական արդյունք:
Գնդապետ Վ. Քոչարյանը, ամփոփելով ռազմական խորհրդի նիստը, նշեց, որ «…Զորամիավորումը, չնայած տեղ գտած որոշ բացթողումներին, այնուամենայնիվ, ունեցել է դրական առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են, և նպատակը մեկն է՝ սահմանների անառիկությունը՝ իր կարգ ու կանոնով, բարձր մարտական պատրաստությամբ…», ապա, նախորոշելով երկրորդ եռամսյակի խնդիրները, համապատասխան ցուցումներով եզրափակեց ռազմական խորհրդի նիստը:
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
♦♦♦
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ապրիլի 10-ին 5-րդ զորամիավորման ռազմական խորհրդի նիստում ամփոփվեցին 2018թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի մարտական պատրաստականության և պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության արդյունքները:
Առաջինը զեկույցով հանդես եկավ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Փիլոյանը, որը ներկայացրեց 2018թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի ընթացքում զորամասերում մարտական պատրաստականության, շտաբների և կառավարման համակարգի վիճակը, նշեց, որ առաջին եռամսյակում զորամասերում շարունակվել է մարտական պատրաստականության կատարելագործման գործընթացը, ինչպես նաև կատարվել են մեծածավալ աշխատանքներ զորահավաքային պատրաստականության ուղղությամբ:
Այնուհետև զորամիավորման և զորամասերի մարտական պատրաստության վիճակի մասին զեկուցեց հրամանատարի տեղակալ, գնդապետ Օհանյանը:
Նա ըստ ուղղությունների ներկայացրեց պատրաստության պլանի համաձայն իրականացված միջոցառումները` շեշտելով, որ գրանցված արդյունքները գոհացուցիչ են:
Զինվորական կարգապահության և դաստիարակության վերաբերյալ զեկուցեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը: Նա նշեց, որ 2018 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունն ուղղված է եղել բարոյահոգեբանական կայունության հաստատմանը, իսկ աշխատանքները տարվել են ԲՀԱ բոլոր վեց բաղադրիչներով` առավել մեծ կարևորություն տալով անձնակազմի հոգևոր դաստիարակությանը:
Կարևորվել են զորամասերում «Բանակ-հասարակություն» կապերի ամրապնդումը և «Ազգ-բանակ» հայեցակարգի կայացումը, այդ նպատակով կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ: Զորամիավորման զորամասերը ակտիվորեն համագործակցել են հասարակական կազմակերպությունների և կցագրված հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ:
2018թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի զինվորական կարգապահության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է կարգապահության ամրապնդման դրական աճ:
Ամփոփելով նիստը` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը նշեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ուժերը, ջանք ու եռանդ չխնայել՝ առաջադրանքները որակյալ կատարելու համար, առաջնահերթություն համարել մարտական պատրաստականությունը, պատրաստությունը, մարտական հերթապահությունը` ուշադրության կենտրոնում պահելով որակյալ մասնագետների պատրաստումը, իսկ այդ ամենը հնարավոր է ամուր զինվորական կարգապահության պայմաններում:
Ավարտին գեներալ-մայոր Ա. Դավթյանը տվեց մի շարք հանձնարարականներ մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ցուցանիշների բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման ուղղությամբ:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Ազգային բանակ