Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ



ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆԶորամասերում ամբողջ թափով ընթանում են տեսական ու գործնական պարապմունքներ, վարժանքներ: Հատկապես «ծանրաբեռնված» են նախապատրաստական վաշտերը, գումարտակները, որտեղ նորակոչիկներին զրոյից սովորեցնում են զինվորական այբուբենը: Շուտով կմեկնարկեն ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները, և արդյունքների ամփոփումից հետո նորակոչիկները որպես մասնագետներ կհամալրեն համապատասխան ստորաբաժանումներն ու կանցնեն իրենց առօրյա պարտականությունների կատարմանը: Իսկ մինչ այդ, նրանք ամեն օր նոր գիտելիքներ են ստանում, զարգացնում ու խորացնում դրանք:

Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի նախապատրաստական վաշտի հրամանատարն է ավագ լեյտենանտ Տիգրան Թորոսյանը: Հրամանատարական կազմը գնահատել է նրա կազմակերպչական և մասնագիտական ունակությունները, և արդեն մի քանի զորակոչ է՝ Թորոսյանն է պատասխանատու նորակոչիկների պատրաստության, զինվորական կյանքին հնարավորինս արագ նրանց ընտելանալու համար: Փաստ է, որ նորակոչիկների ստորաբաժանումները դժվար է ղեկավարել. հավաքվում են անծանոթ, զինվորական կյանքից հեռու, տարբեր մտածելակերպով տասնյակ երիտասարդներ, որոնցից շատերը կարգապահության մասին ուրույն պատկերացում ունեն: Բոլորի հետ անհատապես երկար ու տքնաջան աշխատանք է տարվում: Թորոսյանին հաջողվել է այնպես կազմակերպել ծառայությունը, որ իր ղեկավարած վաշտը բոլոր ցուցանիշներով առաջատարների թվում է, համադրելի ուղղություններով չի զիջում նույնիսկ մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումներին:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆԱվագ լեյտենանտ Թորոսյանի հետ շրջում ենք նորակոչիկների զորանոցում: Շուրջբոլորը արտակարգ մաքրություն է: Անկողինները հավասար հարդարված են, ամեն ինչ կոկիկ է: Զինվորական կողապահարաններում առկա են անձնական հիգիենայի անհրաժեշտ պարագաները: Ընդհանուր սրահում ծաղիկներ են, շատ ծաղիկներ: Տղաներն են դրանք խնամում՝ անընդհատ թարմացնելով տեսականին: Ասում են՝ ամռանն այստեղ նստած քեզ բնության գրկում ես զգում:

Լսարաններից մեկում դասի ժամ է: Մի խումբը գրառում է նոր դասի թեմաները, կարևոր նշումներ անում: Մյուս խումբը պատրաստվում է պատասխանել հարցերի, ինչից էլ պարզ կդառնա, թե ինչպես են յուրացրել նախորդ դասը:  Պարապմունքն ավարտելուց հետո անձնակազմը շարվում է շարահրապարակում: Հիմա էլ ֆիզպատրաստության հերթն է: Մի քիչ ցուրտ է ու մառախլապատ, սակայն դա խոչընդոտ չէ. արդեն հասցրել են կոփվել: Տղաները տարբեր վարժաձևեր են կատարում վաշտի հրամանատարի հսկողության ներքո: Շարժումները հստակ են ու համաչափ, զգացվում է, որ սովորական դարձած վարժանք են կատարում: Տեղում կատարվող վարժություններից հետո սկսվում է վազքի մրցույթը:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆԶրուցում ենք վազքուղին անցած զինվորներից երկուսի հետ: Էդուարդ Վարդանյանը Դիլիջանից է, Դավիթ Աթոյանը՝ Երևանից: Երկուսն էլ կիսատ են թողել ուսումը բուհում և մեկնել ծառայության: Էդուարդի եղբայրը նույն զորամասում է ծառայում, ինքն էլ զորակոչվելիս դիմում է գրել, խնդրել իրեն էլ ուղարկեն այստեղ՝ սահմանամերձ զորամաս: Դավիթը նշում է, որ սկզբնական շրջանում բոլորն էլ որոշակի մտավախություններ ունեցել են ծառայության հետ կապված: Առաջին տպավորությունները բանակային կյանքից կարծես իրենցը չեն եղել, պայմանավորված են եղել այստեղ-այնտեղ լսած կցկտուր տեղեկություններով: Սակայն արդեն ժամեր անց պարզել են՝ իրականությունը բոլորովին այլ է: Զորամասում մեկ ընտանիքի պես են, իրար թևութիկունք: Դժվարությունները շատ են, բայց ճիշտ մոտեցման, նպատակային վարժանքների շնորհիվ բոլորն էլ հեշտ հաղթահարելի: Կարևորն այն է, որ սպաներն անընդհատ աշխատում են զինվորի հետ, նրան կատարելագործվելու ուղիներ ցույց տալիս: Որպես օրինակ երկուսն էլ նշում են իրենց ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆԾառայության սկզբում Դավիթը կարողացել է պտտաձողի վրա 8 ձգում կատարել: Այժմ արդեն տասներկուսն է կատարում: Դավիթի ձեռքբերումն ավելի ակնառու է՝ զրո ձգում զորամաս ոտք դնելիս և վեց ձգում ծառայության առաջին երկու ամիսներից հետո:

Վստահ կարելի է ասել՝ նորակոչիկների նախապատրաստական վաշտում այսպիսի հոգեբանական, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն անցած երիտասարդները իրենց գերազանց կդրսևորեն նաև հետագա ծառայության ընթացքում:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Ազգային բանակ


19/04/2018