Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱպրիլի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:

Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է ընձեռում անմիջապես պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմից տեղեկանալու համատեղ անելիքների, այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրված լինեն զինկոմիսարիատների գործունեության հիմքում, բարձրացնեն իրականացվող աշխատանքների և հանրության հետ կապի արդյունավետությունը։

Քննարկվող երկու հիմնական ուղղություններից առաջինը «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացվող բարեփոխումներն էին, ինչպես նաև արդեն կատարված և առաջիկա անելիքները։ Երկրորդ ուղղությունը վերաբերում էր զինկոմիսարիատների արդիականացման խնդիրներին։

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԽոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ պետության պաշտպանությունը պետք է դառնա մեր կյանքի, գործելակերպի, էության անբաժան մասը, որի հիման վրա պետք է կայացվեն քաղաքական որոշումներն ու դրանցից բխող հետագա ծրագրերը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի իրավական դաշտի ձևավորմանը և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրին։

«Ազգ-բանակի» մյուս հիմնասյունը, ըստ նախարար Սարգսյանի, արդեն կյանքի կոչվող «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից սպա» ծրագրերն են, որոնցից վերջինը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել զինվորական մասնագիտության հանդեպ և որոշել են զինծառայությունից հետո վերադառնալ բանակ և ծառայել որպես սպա։ Նրանց համար ռազմական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ, կսահմանվի նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, ուսանողները համալսարան կհաճախեն միայն դասաժամերին և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո տասը տարով սպայական ծառայության պայմանագիր կկնքեն։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև «Դիտակետ» ծրագրին ու ռազմակրթության ոլորտի նորամուծություններին՝ որպես դրանց մեկնարկ ներկայացնելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այսօր վարժարանում աշխատում է լավագույն մանկավարժական կազմն ու սպայական նվիրված թիմ, առկա են փայլուն պայմաններ կեցության, ուսման և հանգստի համար։ Այս տարի վարժարան ընդունվելու ցանկություն արդեն իսկ հայտնել է 600 պատանի, և այն դեպքում, երբ ընդունելությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔՊաշտպանության նախարարն անդրադառնալով զինկոմիսարիատների աշխատանքներին և խոշորացման ծրագրին՝ նշել է, որ զինկոմիսարիատը բանակի հավաքագրման կենտրոնն է, բանակի ցուցափեղկն է հասարակության համար, և որքան ավելանում են ծրագրերն ու ծառայության տեսակները, այնքան ավելի պատասխանատու աշխատանք ունի կատարելու զինկոմիսարիատը՝ հատկապես հանրությանը բացատրելու, թե ինչ այլընտրանք ունեն մեր նորակոչիկները։

Խոսելով զինկոմիսարիատների խոշորացման մասին՝ Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատ խոշորացնելով ստանալ 7-ը։ Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայություն։

Նախարարը կարևորել է զինկոմիսարիատների պարբերական աշխատանքները զորամասերի, արդեն զորացրված զինծառայողների, վետերանական կազմակերպությունների, մարզային ուժային կառույցների հետ։

Ամփոփելով խոսքը՝ պաշտպանության նախարարը զինկոմիսարիատների պատասխանատուներից պահանջել է խստագույնս հետևել օրենքի տառին՝ բացառելով ցանկացած տիպի ապօրինություն զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացքում։

Խորագիր՝ Նորություններ


20/04/2018