ՀԿ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Օրերս «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր կոնֆերանս՝«Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունների դերը նախազորակոչային պատրաստության և զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման գործում» թեմայով:
Այս նախաձեռնությունը իրականցվում է «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում, և նպատակը ոլորտին առնչվող հարցերի քննարկմամբ օպտիմալ լուծումների հասնելն է: Շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հավաքվել էին մեկ հարկի տակ` քննարկելու նախազորակոչային պատրաստության և լրացուցիչ կրթական ծրագրերին առնչվող հարցեր:
Կարևորելով նման նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ընդգծեց ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ակտիվության անհրաժեշտությունը. «Մեր երկրի ռազմական գերատեսչությունը ընթանում է բարեփոխումների ուղիով: Առաջիկա ամիսներին ամբողջովին պատրաստ կլինի զինկոմիսարիատներ -հասարակական կառույցներ հստակ համագործակցության ձևաչափը»,- հայտարարեց գեներալ Վարդան Ավետիսյանը:
ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանն իր ելույթում խոսեց նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության, հավուր պատշաճի նախազորակոչային պատրաստության և կրթական ծրագրերի անհրաժեշտության մասին. «2017 թվականին ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքը, որի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում կարող են կազմակերպվել և անցկացվել զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր»: Իմ խորին համոզմամբ` նշված կարգավորումը լուրջ ուշադրության կարիք ունի` հաշվի առնելով, որ նշված կրթական ծրագրերի իրականացումը անհրաժեշտություն է նախազորակոչային պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակության և բանակի միջև կապի ամրապնդման համատեքստում:
Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ Հայաստանում պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունները պետք է լիարժեք իրականացնեն իրենց ստեղծման նպատակներից բխող գործառույթները և իրենց գործունեությամբ նպաստեն նախազորակոչային տարիքին վերաբերվող առկա խնդիրների լուծմանը: Շատ կարևոր է, որ նման ծրագրերը իրականացվեն Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով, որպեսզի անջրպետ չառաջանա նախազորակոչային պատրաստության և զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի միջև»: Ըստ Գ. Գևորգյանի` «Ազգ-բանակը» ամբողջ ժողովրդի, մասնավորապես` դրա ակտիվ հատվածի ուշադրության կենտրոնում պետք է լինի, սա հայությանը համախմբող նախագիծ է: «Մենք համագործակցության հուշագրեր ունենք արդեն ՀՀ Նկարիչների միության, ԴՕՍԱԱՖ կազմակերպության և մի շարք այլ կառույցների հետ: Եվ մեր բոլորի նպատակը «Ազգ-բանակ» նախագիծը հստակ և գործուն քայլերով կյանքի կոչելն է»: Կոնֆերանսի ավարտին նա հայտարարեց, որ նման հանդիպումները պետք է շարունակական լինեն, որպեսզի բարձրաձայնվեն առկա հարցերը, քննարկվեն և համապատասխան լուծումներ առաջադրվեն:
Խորագիր՝ Նորություններ