Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴԸ. ՍԱՐԳԻՍ ԹԱԹԻԿՅԱՆ



ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴԸ. ՍԱՐԳԻՍ ԹԱԹԻԿՅԱՆԱՄՆ ռազմածովային ուժերի  (NAVSEA) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2017թ. սեպտեմբերին կայացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համակարգում երկարամյա ծառայող հայազգի Սարգիս Թաթիկյանի մեծարման արարողությունը, որն աննախադեպ է Պենտագոնի պատմության մեջ՝ 75 տարի: Այդ յուրօրինակ հոբելյանի առիթով Սարգիս Թաթիկյանին շնորհակալական ուղերձ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սարգիս Թաթիկյանը ծնվել է 1922թ. ֆիլադելֆիայում, Արեւմտյան Հայաստանի Խարբերդի նահանգից ԱՄՆ տեղափոխված Հարություն Թաթիկյանի ընտանիքում: «Հայրս կարողացել է Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնալ` փախչելով ԱՄՆ: Մորս ընտանիքն սկզբում փախել էր Ֆրանսիա, մինչեւ ԱՄՆ տեղափոխվելը: Հորս ընկերը նրան հեռակա ծանոթացրել էր մորս հետ, եւ նրանց միջեւ նամակագրական կապ էր սկսվել, որից հետո մայրս տեղափոխվել էր ԱՄՆ` հորս մոտ: Նրանք ամուսնացել են 1921թ.-ին, եւ 1922թ.-ին ծնվել եմ ես»,- իր կենսագրությունն այսպես է սկսում Սարգիս Թաթիկյանը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր վարչությունում Սարգիս Թաթիկյանն ընդունվել է ծառայության 19 տարեկանում` որպես քաղաքացիական ռադիոտեսուչ: 1943թ. ապրիլին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա ծառայության է անցել ԱՄՆ ՌԾՈւ-ում՝ որպես նավաստի:

1946 թ.-ին Թաթիկյանը կրկին վերադարձել է քաղաքացիական ծառայություն (civil service)` աշխատելով ռազմածովային ուժերի առաջին սերնդի ղեկավարվող հրթիռային համակարգերի վրա, ապա ստանձնել դաշնային բյուրոյի փոքր բիզնեսի վերլուծաբանի պաշտոնը: Կազմակերպել է փոքր բիզնեսի ցուցահանդեսներ` շրջագայելով ափից ափ, այցելելով ամերիկյան բոլոր նահանգների մայրաքաղաքները: Իր կազմակերպչական ջանքերի շնորհիվ Սարգիս Թաթիկյանն արժանացել է Կոնգրեսական ճանաչման (Congressional recognition):

Սարգիս Թաթիկյանը ցավով հայտնում է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը չեն եղել Հայաստանում: «Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմի պատճառով դժվար էր ստանալ մուտքի արտոնագիր եւ Հայաստան մեկնել»,- տեղեկացնում է Սարգիս Թաթիկյանը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանը պետք է կենսաթոշակի անցներ դեռ 1973թ.-ին, սակայն վաստակած հանգիստը իր եռանդի հետ անհամատեղելի եղավ մի ամբողջ 45 տարի եւս:

«Այն ժամանակ է սկսվում կյանքի հետընթացը, երբ դու վաղ արթնանալու որեւէ պատճառ չունես: Եվ եթե սիրում ես այն, ինչ անում ես եւ զգում գործիդ թողած արժեքը, ապա դա աշխատանք չէ, այլ երկնային պարգեւ»: Ահա այս հավատամքն է մեր հայրենակից Սարգիս Թաթիկյանի կյանքի նշանաբանը, որն իր 95 ապրած տարիներից 75-ը նվիրել է իր ծառայությանը եւ դարձել Պենտագոնի ամենաերկարամյա ծառայողը:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ճակատագրեր


26/04/2018