Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ ԱԼԹԻՆԹՈՓ ԵՎ ԳԱՅԼՈՒՀԻ ԱՇԵՆԱ



ԳԵՆԵՐԱԼ ԱԼԹԻՆԹՈՓ ԵՎ ԳԱՅԼՈՒՀԻ ԱՇԵՆԱՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հենց սկզբից ասեմ, որ գեներալի անունը միտումնավոր փոխել եմ: Սկզբում ճիշտ էի գրել, բայց որոշեցի փոխել: Ոչ թե նրա համար, որ կարող էի դիպչել նրա զգայուն ինքնասիրությանը կամ ոտնահարել ազգային արժանապատվությունը, ընդհակառակը՝ գեներալն իմ պատմվածքի հերոսն է, ու ես որպես ազնիվ հեղինակ պարզապես չեմ կարող վիրավորել նրան: Անունը փոխեցի այն պատճառով, որ նա հիմա բանտում է, նեղության մեջ, իսկ մենք՝ հայերս, սիրում ենք օգնել նեղության մեջ գտնվող մարդկանց, անկախ նրանց ազգությունից, կրոնից ու համոզմունքներից: Հետևաբար, անունը փոխելու որոշումս պայմանավորված է լոկ նրան չվնասելու մտավախությամբ: Գուցե հետո, երբ բանտից ազատվի, ու իր հայրենիքն էլ մեղանչած լինի Հայոց ցեղասպանության համար, վերականգնեմ իսկական անունը ու վերահրատարակեմ այս պատմվածքը: Բայց դա հետո:

Ո՞վ չի ուզում դառնալ դիվանագետ: Մանավանդ հայերը, որ հազարավոր տարիներ զուրկ են մնացել այդ հաճույքից կամ լավագույն դեպքում անխոնջ լծվել օտարի դիվանագիտական ջանքերին՝ աշխարհի սկուտեղից մեկ-երկու կռճոն փախցնելու հետին մտադրությամբ: Իրականում, դժվար բան չկա, պետք է սովորել փողկապ կապել, մեկ-երկու անգլերեն բառ, դանակ-պատառաքաղի, չինական փայտիկների արվեստ, եթե հայ դիվանագետ ես՝ դեմքի լուրջ արտահայտություն՝ մի փոքր համեմված դեռ ցեղասպանությունից մնացած դառը թախիծով, մնացածը՝ ըստ ճաշակի ու հանգամանքների: Կարևոր է, որ անընդհատ շեշտես, աջ ու ձախ շաղ տաս մշտազբաղ լինելու, տուն-տեղից, ընկերությունից կտրված լինելու ծանր հանգամանքը, էլ չեմ ասում թշնամու հզոր քարոզչական լծակների ու փողերի դեմ փոքր մարդկային ռեսուրսներով մղվող անհավասար պայքարի ու այլ անտեսանելի բաների մասին: Lսող լինի, թե չէ, էական չէ: Միշտ էլ կգտնվեն միամիտներ, որ կհավատան կամ կձևացնեն, թե հավատում են ու իրավացիորեն կնկատեն, որ ռազմաճակատն այսօր անցնում է ոչ թե մեր երկրի սահմանով, այլ Մոսկվայով, Վաշինգտոնով կամ էլ Բրյուսելով: Մեր պատասխանատու լրատվամիջոցները շատ լավ էլ բնորոշում են, թե դիվանագետի երևացող աշխատանքի ետևում, մի անշոշափելի ու երևութական աշխարհում թաքնված է մի այնպիսի հսկայական գաղտնիք, որին քչերն են հաղորդակցվում, միայն ընտրյալները: Ափսոս, պետական գաղտնիքի պահպանության պարտավորությունը թույլ չի տալիս բացել փակագծերը ու ձեզ էլ հաղորդակից դարձնել այդ գաղտնիքին: Բայց ես՝ այդ ընտրյալներից մեկը, այսօր իրավունք կվերապահեմ ինձ մի փոքր բացելու այն, նախօրոք հայցելով ազգային անվտանգության ծառայության ու գործընկերներիս ներողամտությունը ու հենց միանգամից կասեմ, որ ոչ մի փակագիծ էլ չկա, ամբողջ գաղտնիքը գաղտնիք չլինելու մեջ է: Պարզ ու թափանցիկ, ինչպես քսաներորդ դարի սկզբին:

Խոսքը մեր մեջ, դիվանագիտությունն, ինչպես ընդունված է կարծել անիրազեկ հասարակությանը, մի այնպիսի երեսպաշտություն է, որ հայերին մի տեսակ չի սազում, ասես կեղծամ լինի: Բայց, դե ինչ արած, պարտավոր ես որոշ զարդանախշեր ունենալ: Կարծում եք՝ թուրքերին սազո՞ւմ է, իհարկե՝ ո՛չ, ուղղակի հազար տարում արդեն ընտելացել են: Ի՞նչ պիտի անես, երբ թուրք գեներալ Ալթինթոփը իր խոշոր թաթով երեք հավի բուդ միանգամից վերցնում է հյուրասեղանից և «շըրըմփ»՝ ուղիղ ափսեիդ մեջ: Մնում է ասել՝ «շնորհակալություն, պարո՛ն գեներալ, թուրքերը միշտ էլ առանձնացել են իրենց հյուրասիրությամբ», մտքում հույս փայփայելով, թե գոնե ձեռքերը լվացած կլինի: Այ սա իսկական մարդ է, ազնվարյուն թուրք, օսմանցի, թե չէ, կան որոշները, որ ուզում են ֆրանսիացուց քաղաքավարի ձևանալ, անգլիացուց էլ՝ ջենթլմեն: Օրինակ՝ այն մեկը, տեսեք, թե ինչ զանգուլակներով կոշիկ է հագել, իսկական բարձր նորաձևություն: Զանգուլակները հավանաբար նրա համար են, որ ահազանգեն, երբ տերը խճճվի թուրքական բարդ ու բազմաշերտ դիվանագիտության ոլորաններում ու փորձի, ասենք, պաշտպանել միասեռ ամուսնությունների գաղափարը՝ տուրք տալով եվրոպական արդի միտումներին:

Անգլիացի քարտուղարուհին՝ միսս Հիլդան, ճեմելով դեպի Եվրոպայի կենտրոնում գտնվող Միջազգային կազմակերպության գրասենյակ, իր վերջին քսան տարիների ամենօրյա աշխատավայր, մտորում էր նորանշանակ պետի՝ գեներալ Ալթինթոփի մասին: Մեկ անգամ էր հեռվից տեսել, հաղթանդամ մարդ էր երևում, երևի թե՝ իսկական ջենթլմեն, արևելյան համուհոտով: Կգա ու կցրի այն ամենօրյա ձանձրույթը, որ ապրում էր եվրոպացի ղեկավարների հետ անգույն ու անհամ շփումներից, չափ ու ձևի մեջ, արդեն մի ամբողջ քսան երկար ու տաղտկալի տարի: Միսս Հիլդան, նման քաղցր խոհերով տարված, բացելու էր ընդունարանի դուռը, և ի՞նչ. մի իսկական կինո պատերազմական տարիների մասին, աթոռին հենված գեներալը մեկնել է ոտքը, և զինվորը ջանասիրաբար փայլեցնում է սապոգը, քրտինքի կաթիլներն էլ թափվում են այս ու այն կողմ: Այ քեզ անակնկալ, քսանմեկերորդ դարի սկզբին, միջազգային կազմակերպության այս գրասենյակում վերջին քսան տարում զինվորի կողմից գեներալի սապոգ փայլեցնելու նման դեպք չէր գրանցվել, այն էլ՝ ընդունարանում, բոլորի աչքի առաջ: Եթե միսս Հիլդայի համար սա մեծ անակնկալ էր, եթե չասենք շոկ, ապա գեներալի համար՝ այնպիսի մի առտնին բան, որ զվարթորեն ողջունել էր նրան ու խնդրել երկու րոպե սպասել, մինչև զինվորը կվերջացնի գործը, ու նա միսս Հիլդային՝ իր նոր քարտուղարուհուն, կհրավիրի սենյակ՝ մոտիկից ծանոթանալու: Գեներալի համար անակնկալը լինելու էր մի քանի օր հետո, երբ ամերիկացի բարձրագույն ղեկավարությունից հրահանգ էր ստանալու դադարեցնել «զինվորների շահագործման և ինքնասիրության ոտնահարման» գործողությունները: Այն օրից, ինչ ստացել էր լեյտենանտի կոչումը, իր սապոգն ինքնուրույն չէր փայլեցրել, ու հիմա, երբ արդեն գեներալ է, այս պահանջը մի տեսակ անիրական է հնչում, ասես վատ երազ լինի: Չէ որ թուրք զինվորի համար մեծ պատիվ է գեներալի սապոգները փայլեցնելը, զինվորն ինքն է անձամբ երախտագիտություն հայտնել նման կարևոր և պատասխանատու գործը իրեն վստահելու համար, մի անգամ էլ խնդրել լուսանկարվել գեներալի սապոգին փարված՝ երևի հետո ընկերների մոտ գլուխ գովալու նպատակով, սակայն գեներալը, չգիտես ինչու, բարկացել է ու մերժել այդ անմեղ խնդրանքը: Այս ամերիկացի ղեկավարը հենց առաջին՝ ընդունելության օրը գեներալի դուրը չեկավ: Երբ բուֆեի ժամանակ իր զինվորին ուղարկեց ուտելիք բերելու ու ամերիկացուն էլ առաջարկեց այդ ծառայությունը, վերջինս մեծամտաբար մերժեց, ասելով, թե՝ «նախընտրում եմ իմ ուտելիքը ես ընտրել»: Դե գնա ու ընտրիր քո ուտելիքը, մեծամիտ ամերիկացի, քո բարալիկ մատիկներով քչփորիր ամանները ու ջոկիր մի փունջ անհամ խոտ եվրոպական կենսաբանորեն զտված խոհանոցի սկուտեղից:

Էրգենեկոն հովիտը, որտեղ լեգենդի համաձայն չորս հարյուր տարի կալանված է եղել օսմանցի ժողովուրդը, գտնվում է Ալթայում, Չինաստանի ու Մոնղոլիայի կողմերը, ու պարզ չէ, թե ինչ կլիներ, եթե չհայտնվեր Աշենա գայլուհին, իր գայլային կաթով չկերակրեր իրենց նախապապին ու ճեղքելով կողպված քարանձավը, չուղեկցեր նրանց դեպի ազատություն: Ահա հենց այս սուրբ հովտի անունով էլ ստեղծվել է մի կազմակերպություն, որ նպատակ ունի վերջ տալ այս ամենաթողությանը, վերադարձնել թուրք ժողովրդին իր զարգացման բնականոն հուն, որտեղ գեներալը գեներալ է, զինվորը՝ զինվոր, հարճը՝ հարճ: Կազմակերպությանը գեներալներ են պետք, ճիշտ էլ արեց, որ համաձայնեց գլխավորել գաղտնի կազմակերպության ռազմական կառույցը: Ճիշտ է, այստեղից՝ Եվրոպայի կենտրոնից դժվար է լիարժեք մասնակցել հեղաշրջմանը, բայց այս պատվաբեր նշանակումը կօգնի աշխարհի կենտրոնից մի անաչառ հայացք գցել հայրենիքին, գնահատել հնարավորություններն ու այդ մասին ծանուցել ընկերներին: Գայլին էլ, որ պահել-մեծացրել էր մանկուց, չթողեցին հետը բերել, շան անձնագիր պահանջեցին: Դե արի ու մի զայրացիր, գայլի համար ի՞նչ շան անձնագիր, այն էլ սուրբ Աշենա անունով: Ամեն դեպքում, պետք է համակերպվել. մի կեսբերան ներողություն կխնդրի Հիլդայից՝ նրա փխրուն հոգին մի թեթև խռովելու համար ու կսպասի աստեղային ժամին, երբ սապոգը փայլեցնելու համար Անգլիայից հատուկ աղջիկ կբերի, ավելի երիտասարդ ու հեզ, հալալ կաթնակեր, գեներալական ուսադիրների հարգն իմացող:

Գրեցի սապոգի պատմությունը ու հիշեցի մեր հայազգի գնդապետին, որ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ երանությամբ վայելել էր թուրք զինվորի կողմից սապոգ փայլեցնելու քաղցրությունը: «Զինվորը զինվոր է, սպան՝ սպա»,- ասել էին նրան,- «ազգությունը կապ չունի»: Տեսնելու բան էր, թե դեմքի ինչպիսի ինքնագոհ արտահայտությամբ էր պատկերում իր հաղթական արշավանքը դեպի Արևմտյան Հայաստան, կարսեցի պապն արդեն կարող է հանգիստ շունչ քաշել հողի տակ:

Կարող է զարմանալի թվալ, բայց գեներալ Ալթինթոփն այս անտեր կազմակերպությունում ամենաշատը հային է սիրում, երիտասարդ դիվանագետին, իսկ ամենաքիչը՝ իր փոքր եղբորը՝ «մի ազգ – երկու երկիր» տեսության ջատագովին, որ ամեն տարի ռամադանի շրջանում քսան կիլոգրամի կորուստ էր ունենում: Երիտասարդ դիվանագետն էլ, որի արդուկված կոստյումի մեջ խնամքով ծպտված եմ ես, դժգոհ չի գեներալից: Հայկական կոտորածների վերաբերյալ ազատորեն խոսում է հետս, փաստը չի հերքում համենայնդեպս: «Պարզապես, մենք ուժեղ ենք եղել ու կոտորել ձեզ, դուք ուժեղ լինեիք, դուք կկոտորեիք, մի օր էլ գուցե հակառակը լինի,- ասում է գեներալը: Եթե ես լինեի թուրքական իշխանության ղեկին, կընդունեի փաստը, ինչը կօգներ առաջ նայելու երկու ժողովուրդներին»:

ԳԵՆԵՐԱԼ ԱԼԹԻՆԹՈՓ ԵՎ ԳԱՅԼՈՒՀԻ ԱՇԵՆԱՀանկարծ չմտածեք, թե ինձ համար ի վերուստ հեշտ է եղել շփվել թուրք զինվորականների հետ, հանգիստ նայել նրանց աչքերին: Աշխարհի քաղաքացի երբեք չեմ եղել, կոսմոպոլիտիզմով կամ գլոբալիզմով էլ չեմ տառապել: Ճիշտ հակառակը՝ միշտ էլ, ամնասկզբից էլ մեջս փորփրել է կասկածի որդը, թե սրա կամ գուցե մեկ ուրիշի պապը երևի սպանել է իմ, գուցե մեկ ուրիշի պապին: Այնպես որ, սասունցու ընտանիքում ծնված ու ֆիդայական վրեժխնդրության դասական միջավայրում կրթված մարդու համար հեշտ բան չի ուղեկցել միջազգային խմբի կազմում Երևանում հյուրընկալված թուրք գնդապետին, որքան էլ որ գերազանցությամբ ավարտած լինի երիտասարդ դիվանագետի նախապատրաստական դասընթացները: Այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, ապրիլի 24-ին: Չար կատակ ասե՞մ, ճակատագրի հեգնա՞նք: Նման հիմար իրավիճակ, երբ փողոցները լցված են մարդկային հոսքերով, իսկ դու լողում ես հոսանքին հակառակ, դժվար է պատկերացնել: Ամեն քայլափոխին հանդիպում ես ծանոթների ու հիմարավուն ժպիտով ավետում, թե ուղեկիցդ թուրք գնդապետ է: Գոնե սասունցի կնքահորդ չբախվեիր, որ Արցախյան պատերազմի ժամանակ ջոկատի հրամանատար է եղել, ու գլուխն էլ, ասում են, այն ժամանակ թշնամու կողմից բավականին թանկ է գնահատվել:

– Տանենք մի կողմ, վիզը քաշենք,- կատակում է կնքահայրս, աչքով անում ու առաջարկում հյուրասիրել նրան,- հյուր է, ի վերջո:

-Հրահանգավորումը թույլ չի տալիս կողմնակի անձանց ներգրավել, մանավանդ՝ սասունցի վրեժխնդիրների: Նույնիսկ կնքահայրերի համար բացառություններ չկան,-կատակի տրամադրությունը որսալով՝ հետ չեմ մնում ես ու թեթևացած հրաժեշտ տալիս նրան:

Մի քանի քայլ հետո մի ուրիշ ծանոթ, հետո մեկ ուրիշը, արդեն անտանելի է դառնում, արեգակն էլ ապրիլյան այդ օրը անսովոր դաժան է ու ավելի է ծանրացնում վիճակը: Օդն արդեն չի հերիքում: Որքան էլ զարմանալի թվա, այս անելանելի թվացող իրավիճակից ելքը գտնում է թուրք գնդապետը, պիտի խոստովանեմ՝ շատ հնարամիտ տղա էր.

– Ես ծնվել ու մեծացել եմ Իգդիրում, որտեղից պարզ եղանակներին Երևանը երևում է ինչպես ափի մեջ, ժամանակին, նաև զինվորական ծառայության ժամանակ, հեռադիտակով շատ ենք հիացել Երևանի վարդագույն երանգներով: Մի խնդրանք ունեմ, ուզում եմ այսօր ամբողջ օրը երթևեկել մետրոյով:

– Գնացինք,- ուրախացած ասում եմ ես:

Թե ինչու հենց այսօր, ապրիլի 24-ի այս պայծառ ու շոգ օրը, երբ բոլորը բարձրանում են Ծիծեռնակաբերդի բլուրը, մի թուրք գնդապետ որոշեց անցկացնել Երևանի մետրոյում, պարփակվել գետնի տակ, ինձ համար շարունակում է առեղծված մնալ: Համենայնդեպս, գուցե միամիտ թվա, ուզում եմ լավը մտածել. Գուցե խի՞ղճն էր տանջում, գուցե մտնելով գետնի տակ ու ամբողջ օրը անիմաստ սլանալով այսուայնկողմ, մի կանգառից մեկ այլ կանգառ, քավում էր իր նախնիների մեղքը, ով գիտե: Համենայնդեպս, օրը վատ չանցավ, թե՛ հով էր, թե՛ մետրոյի ամեն կանգառից կանգառ առիթ էր ստեղծվում խոսելու Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի, Մարշալ Բաղրամյանի, Գարեգին Նժդեհի և մեր ժողովրդի պատմության այն սակավ հաղթական էջերի մասին, որոնց հերոսները չէին բավականացրել նույնիսկ մեկ տասնյակ մետրոյի կայարանների անվանակոչման համար: Ասես ակամա մի տեսակ ստվեր էի գցում քսաներորդ դարասկզբի ողբերգության վրա: Միայն որոշակի դժվարություններ առաջացան, երբ հերթական կանգառի ժամանակ բարձախոսով հայտարարեցին «Բարեկամություն», ու ստիպված էի կմկմալ ինչ-որ անհասկանալի բարբաջանքներ, լավ չեմ հիշում՝ մարդկայի՞ն, թե՞ ազգամիջյան համերաշխության ու այն մասին, որ հայ ժողովուրդն իբր դարեր ի վեր շատ է կարևորել համամարդկային գաղափարները:

Այս պատմությունը երևի չհիշեի էլ, ու չշեղվեի մեր գեներալի թեմայից, եթե մի օր չնշանակվեի դիվանագիտական ծառայության միջազգային կազմակերպությունում ու հաջորդ օրն իսկ հրավեր չստանայի նույն կազմակերպությունում աշխատող մեր մետրոյի սիրահար գնդապետից: Մինչև հիմա էլ հիշում եմ նրա գեղեցկուհի կնոջ պատրաստած խորտիկների համը, որին, ինչպես ինքն ասաց, առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել. դե, հո ամեն օր չի հայ պաշտոնյա հյուրընկալում: Ես էլ կատակեցի, թե դժվարը առաջինն է, ու հավաստիացրի նրան, թե նման փախլավա նույնիսկ Հայաստանում չեն կարողանում պատրաստել, թերևս՝ միայն Արևմտյան Հայաստանում ծնված տատս: Գնդապետը երախտագիտություն հայտնեց մեկ տարի առաջ Երևանի մետրոյում անցկացրած հրաշալի օրվա համար: Գրեցի ու լեզուս կծեցի, մոռացել էի, որ ժամանակին ղեկավարությանը չէի էլ զեկուցել այս խորհրդավոր հյուրասիության մասին:

Այնքան թուրքերի գովքը կապեցի, որ նրանց փոքր եղբայրները կարող են նեղանալ: Մանավանդ՝ նիհարավուն այն տղան, որի հետ սովորել ենք Գերմանիայում, երիտասարդ դիվանագետի միջազգային դասընթացներում: Հիմա, երբ տասը տարի անց հանդիպել ենք միջազգային կազմակերպության երկարավուն միջանցքում, մի անզուսպ կարոտով գրկել է ինձ ու երանությամբ հիշում այն քաղցր ու անհոգ օրերը, որ միասին անցկացրել ենք Բավարիայի հեքիաթային բնաշխարհում: Երևում է՝ դիվանագիտության դասընթացը հիանալի է յուրացրել, այնքան հիանալի, որ առաջվա լղարն այլևս չկա, գիրությունից ուր որ է՝ կպայթի: Իսկ այն ժամանակ ամբողջ օրը ուրվականի նման թրև էր գալիս ուսումնական հաստատության միջանցքներում ու վարկաբեկում հարևան ազգի պատմության թերևս ամենասուրբ էջերը, աջ ու ձախ ողբ ու կական կապում ու արդար դատաստան պահանջում: Երբ մի օր հրավիրեցի մի կողմ և նախօրոք ճշտելով, որ բանակում չի ծառայել, հետաքրքրվեցի, թե պատերազմ սկսվելու դեպքում արդյոք պատրա՞ստ է մեկնելու ճակատ, ուղղակի պապանձվեց, գոնե ձևի համար ասեր «իհարկե կգնամ» կամ «հայրենիքի առաջին իսկ կանչով պատրաստ եմ զենք վերցնելու ու պայքարելու արյունարբու հայերի դեմ» կամ նման մի այլ բան պետական քարոզչության գանձարանից: Նույնիսկ պարծենալու համարձակություն չունեցավ: Իսկ համարձակություն ունեցողը իր հայրենակիցն էր՝ Սուբխանը, որ կրծքին կրում էր պատերազմի ժամանակ ստացած արիության մեդալը ու կռվի գնացողն էլի ինքն էր լինելու: Պատերազմ տեսած մարդը չի կարող պատերազմ երազել: Սուբխանն էլ հաճույքով հիշում էր միայն խաղաղությունը, իր հայազգի հայրացուին, որ հոր մահվանից հետո մեծացրել էր իրեն ու մի օր էլ, երբ սկսվել էին խառը ժամանակները, անհայտացել: Համենայնդեպս, ինձ տվեց հայրացուի անուն-ազգանունը և խնդրեց բարևներ փոխանցել, եթե երբևէ հանդիպեմ նրան: Ինչ մեղքս թաքցնեմ, այնքան էինք մտերմացել Սուբխանի հետ (մեր ու նրանց հատուկ ծառայությունների ականջը խուլ), որ վերջում միասին լուսանկարվեցինք, ձեռքս ուսին գցած: Հետո, երբ այդ նկարն ուղարկեցի մեր համապատասխան մարմիններին, դասընկերս, որ այնտեղ էր ծառայում, մկրատով կտրեց Սուբխանին, ավելի ճիշտ՝ ոչ թե Սուբխանին կտրեց, այլ ինձ, պարզապես մասնատեց, իբր՝ «մի օր, սատանան գիտի, թե այս նկարը ինչպես կմեկնաբանվի, ավելի լավ է՝ շառից հեռու մնալ»: Դե, ես միամիտ սասունցի եմ, վատ բան մտքովս չի անցնում, բայց, լավ է, որ զգոն ընկերներ ունեմ, հիմնականում Արցախից: Կարծում եմ՝ Սուբխանն էլ ըմբռնումով կմոտենա ընկերոջս որոշմանը:

Ընկա հիշողությունների գիրկը ու մոռացա գեներալին: Մոռացա ասել, որ այնպես էր խճճվել միջազգային սարդոստայնում, որ սկսել էր երազել այն երանելի պատմական ժամանակաշրջանի մասին, երբ իր ազգակիցները քաշում էին սուրը ու, առանց նույնիսկ հարցնելու ազգություն կամ կրոնական պատկանելություն, ճանապարհ հարթում Ալթայից մինչև Վիեննա: Դե արի ու հիշիր այսքան ազգություն, այսքան խառը սովորություններ, բազմապիսի համազգեստներ: Այսօր ստիպված եղավ պաշտոնավարումը դեռ չպրծած հետ ուղարկել իր ազգակցին, որ Երևան կատարած այցից հետո բողոքել էր, թե հայ նախարարի մոտ ընդունելության ժամանակ իրեն միտումնավոր դուրս են թողել խմբից ու խմբի անգլիացի ղեկավարին անվանել հիմար, իբր հայերի խարդավանքներին տուրք տալու համար: Իսկական հիմարը դու ես, գնում էիր հայ նախարարի մոտ, որ ի՞նչ ասեիր: Քեզ Թուրքիա էլ չէ, Ալթայ է պետք հետ ուղարկել:

Գիշերները գեներալին տանջում էին մղձավանջները, ունկերից չէր իջնում տանը մնացած գայլուկի կլանչոցը, որ գնալով ուժգնանում ու վերածվում էր մի խուլ ու անվերջանալի ոռնոցի: Նույնիսկ փոքր եղբոր ներկայացուցիչը՝ «մեկ ազգ, երկու երկիր» տեսության ջատագովը, որը, ինչպես ասացինք, ռամադանի ժամանակ քսան կիլոգրամ էր կորցնում ու մատնվում լիակատար հյուծախտի, բացարձակապես անհասկանալի էր իր համար, ասես փուչիկ լիներ, որ մեկ-մեկ էլ փսկում էր: Մինչև հիմա չի հասկանում, որ պետք է լինի «մեկ ազգ, մեկ երկիր»: Մի քանի անգամ կանչել էր սրան ու ասել, թե իրենց երկրում անցկացվող միջազգային այդ կոնֆերանսին, որտեղ անձամբ էր նախագահելու, հայերին պետք է հրավիրել, միջազգային կարգն է դա պահանջում, բարձրագույն ղեկավարությունը: Ամեն Աստծո օր խաբում էր, թե հրավերն ուր որ է, կուղարկի, ու ոչ մի խնդիր չի լինի հայերի ու գեներալի համար: Ամբողջ միջազգային կազմակերպությունում երևի միայն գեներալն էր հավատում այդ հավաստիացումներին, մնացածը քթի տակ ծիծաղում էին: Այդպես ձգեց-ձգեց, ու երբ մի օր էր մնացել կոնֆերանսին, մամուլում պայթեց Էրգենեկոն գաղտնի կազմակերպության վնասազերծման լուրը: Երեկոյան զանգահարեց միսս Հիլդան ու հրավիրեց գեներալի մոտ:

– Երկու լուր ունեմ հայտնելու,- ասաց գեներալը, – սկսեմ լավից. երեկ չեղյալ եմ հայտարարել միջազգային կոնֆերանսը, առանց հայերի այն չի կայանա: Չեմ կարող հանդուրժել սուտը, եթե նույնիսկ փոքր եղբայրդ է հնչեցնում:

– Մենք չէինք էլ պատրաստվում մասնակցել, պարո՛ն գեներալ,- ասում եմ ես:

– Վատն էլ երևի կարդացած կլինես, Էրգենեկոնը մեռավ, գորշ գայլերը պարտվեցին: Վաղը ինձ կձերբակալեն:

– Երբ բանտից ազատվեք, մի գորշ գայլուկ կնվիրեմ ձեզ, անունը Աշենա, գուցե օգնի ձեզ դուրս գալ փակուղուց ու գտնել ճիշտ ճանապարհը,- խոստանում եմ գեներալին ու դուռը կրնկի վրա բաց թողնելով՝ հեռանում:

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Հոգևոր-մշակութային


26/04/2018