ԹԱԼԻՇԸ ՊԻՏԻ ԾԱՂԿԻ
Լեւոն Ապրեսյանի մասին շատ էի լսել: Նա զինվորական էր, սահմանային զորամասերից մեկի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը: Իր ծննդավայր Թալիշ գյուղին, զինվորական ծառայությանը, զինվորներին, զինակիցներին Լեւոն Ապրեսյանի նվիրվածության մասին լեգենդներ էին պատմում: Օրերս իմացա, որ փոխգնդապետը զորացրվել է եւ նշանակվել Թալիշում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ղեկավարում է Թալիշի վերականգնման պետական ծրագրի իրագործումը: Ինչպես մյուս թալիշցիները, Լեւոն Ապրեսյանի ընտանիքն էլ է հանգրվանել ժամանակավոր կացարանում, մինչեւ թշնամու ռմբակոծությունից ավերված տները վերակառուցվեն ու դառնան պիտանի ապրելու համար:
Եվ ահա ես Ապրեսյանների բնակարանում եմ: Տանտերը ավագ որդու հետ տանը չէ: Մի քանի օրով են եկել, առավոտյան միասին մեկնելու են Թալիշ: Տանը Լեւոնի կրտսեր երեխաներն են` Հասմիկն ու Հրաչը, եւ կինը` Աննան: Ես ընտրում եմ 10-ամյա Հրաչին, որ զրույցով կարճեմ Լեւոնին սպասելու ժամանակը: Ու մինչ Հրաչն ինձ պատմում է, որ ինքը ամուսնանալու է միայն այն ժամանակ, երբ լավ աշխատանք ու ընտանիքը պահելու կարողություն ունենա, մինչ մանրամասն նկարագրում է իր ապագա կնոջ արտաքինն ու բնավորության պարտադիր գծերը, Աննան ասում է.
-Լեւոնը հեռախոսն անջատել է: Ուրեմն` կարեւոր գործեր ունի: Ով գիտի, երբ կգա:
Ես սովոր եմ այսպիսի անակնկալների. գործս զինվորականների հետ է, որոնք կարող են ամենաանսպասելի պահին անհետաձգելի առաջադրանք ստանալ: Ավելի լավ, ես էլ Աննայի հետ կզրուցեմ. նա 20 տարվա թալիշցի է, ավելի քան 18 տարի աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցում, սկզբում՝ որպես դասվար, ապա՝ փոխտնօրեն: Հաստատ սակավախոս փոխգնդապետից շատ բան կպատմի:
-Աննա, քո թալիշյան կենսագրությունն սկսվել է Լեւոնի հետ ամուսնությունից, ու վստահ եմ՝ ձեր գեղեցիկ ու ամուր միությունը նույնքան գեղեցիկ նախերգանք է ունեցել: Արի օգտվենք Լեւոնի բացակայությունից ու խոսենք «արգելված» թեմաներից:
-Մենք համակուրսեցիներ ենք, միասին ենք սովորել պոլիտեխնիկ ինստիտուտում: Լեւոնը լուռ, ինքնամփոփ տղա էր, աննկատ, մեկուսի: Պիտի պեղեիր՝ Լեւոնի հոգու ինքնատիպությունը տեսնելու համար: Բայց նրա էության խորքերը հասնելուց հետո զարմանալի գեղեցիկ, հզոր, վեհ հատկանիշներ էի բացահայտում: Լևոնը ոչ մեկին նման չէր: Մեր ուսանողական տարիները համընկան ազգային ազատագրական շարժման հետ: Ես բոլոր միտինգներին գնում էի Լեւոնին տեսնելու համար: Օպերայի հրապարակը մեր հանդիպման վայրն էր: Այդպես մտերմացանք: Մի օր էլ որոշեցինք ամուսնանալ:
-Դեռ ուսանո՞ղ էիք:
-Այո՛, երրորդ կուրսում էինք սովորում: Ուզում եմ պատմել, թե ինչպես առաջին անգամ Թալիշ գնացի: Դեռ ամուսնացած չէինք, ու ես՝ որպես Լեւոնի համակուրսեցի, այցելեցի դասընկերոջս հարազատներին:
…Թալիշը դրախտավայր էր:
-Սիրահարված ժամանակ աշխարհն առհասարակ դրախտավայր է դառնում:
-Ճի՛շտ է, բայց Թալիշն իրոք գեղեցիկ էր՝ փարթամ կանաչի, ծառ ու ծաղկունքի մեջ` իր Հոռեկավանքով, Բեկի ամրոցով, գետակով…
-Այդ տարիներին Թալիշը պիտի որ ավերված լիներ Արցախյան պատերազմից: Ես շատ լավ հիշում եմ` Թալիշը այնքան երկար էր մնացել ադրբեջանցիների տիրապետության տակ, որ նրանք նույնիսկ սկսել էին ապրել հայերի տներում:
-Դա հետո էր: Ես առաջին անգամ Թալիշ գնացի Արցախյան պատերազմից առաջ::
…Երբ Հրանտս ծնվեց, Լեւոնը ռազմաճակատում էր: Ամիսներով, նույնիսկ տարով երեսը չէինք տեսնում: Երբ տուն էր գալիս, տղաս չէր ճանաչում հորը ու վախենում էր բեղ-մորուքով օտար տղամարդուց: Հետո պատերազմն ավարտվեց, ու Լեւոնն ասաց, որ պետք է բոլորս միասին տեղափոխվենք Թալիշ:
-Դու գիտեի՞ր, թե ինչ վիճակում է հետպատերազմյան Թալիշը:
-Լեւոնը պատմել էր, բայց այն, ինչ տեսա, վեր էր բոլոր պատկերացումներից: Գյուղը բառացիորեն ավերակ էր: Ոչ մի անվնաս բնակարան չկար: Մեր տունը նույնպես քանդված էր, ու պիտի ապրեինք մի փոքրիկ սենյակում, որի պատուհաններին ապակու փոխարեն մոմլաթ էր, հատակը՝ հողե, իսկ որպես սպասքապահարան ծառայում էր անսարք լվացքի մեքենան:
-Լվացքի մեքենան ի՞նչ կապ ունի սպասքապահարանի հետ:
-Վրան դրված էր փոքրիկ հեռուստացույց, իսկ այնտեղ, որտեղ շորեր պիտի լցվեին, սպասքն էինք դնում: Բայց ամենավատն այն էր, որ գյուղում հոսանք չկար, իսկ ջուրը հեռու աղբյուրից պիտի կրեինք դույլերով:
-Այդ պայմաններում ապրել կլինի՞, այն էլ՝ երեխաների հետ:
-Ոչ միայն ապրել կլինի, այլև՝ կլինի երջանիկ ապրել: Ես գույնզգույն կտորներից փոռիկներով վարագույրներ կարեցի, տունը գեղեցկացավ:
-Հա, փոռիկները մոմլաթե պատուհանների վրա լավ կնայվեին:
-Թալիշի բոլոր բնակարաններն էին նույն վիճակում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում լքել գյուղը: Ես երջանիկ էի, որ պատերազմն ավարտվել է, ամուսինս կողքիս է, իր ծննդավայրում է ապրում, իր ընտանիքի հետ: Լեւոնի լիասիրտ ծիծաղի համար ես պատրաստ էի ավելի վատ պայմանների դիմանալ: Նա արդեն անցել էր զինվորական ծառայության: Ու երբ ծառայությունից հոգնած գալիս էր տուն ու խաղում փոքրիկների հետ, սիրտս փառավորվում էր: Լևոնը շատ ծանր օրեր էր ապրել պատերազմի ժամանակ, շատ վտանգների ու փորձությունների միջով էր անցել, ու իմ հաղթահարած դժվարությունները չնչին էին նրա զոհողությունների համեմատ:
-Սերն ամենազոր է:
-Հետո սիրուն միացավ հպարտությունը: Երբ Լեւոնի ընկերները հավաքվում էին ու սկսում էին պատմել ամուսնուս սխրանքների մասին Արցախյան պատերազմի ժամանակ եւ առաջնագիծը պաշտպանելիս, երբ տեսնում էի այն սերն ու հարգանքը, որ վայելում է ամուսինս, ավելի էի գոտեպնդվում: Լեւոնը շաբաթներով տուն չէր գալիս. զորամասում էր, դիրքերում: Նա մեր հայրենիքն էր պաշտպանում, իսկ ես մեծացնում էի մեր երեխաներին, աշխատում էի դպրոցում, կրթում էի փոքրիկ թալիշցիներին: Երբեք չեմ տրտնջացել, երբեք լրացուցիչ հոգս չեմ դրել ամուսնուս ուսերին: Նա իր բաժին հայրենիքն էր պաշտպանում, ես` իմ:
Ես, որ մինչ ամուսնանալս ոչ մի անասուն տեսած չկայի, սկսեցի կով պահել, պանիր սարքել, մածուն մերել, որ կերակրեմ երեխաներիս: Առաջին անգամ պանիր պիտի պատրաստեի. ամեն ինչ անում էի բիբիի ասածի պես, բայց չէր ստացվում:
-Բիբին ո՞վ է…
-Թալիշցիները հորաքրոջը բիբի են ասում: Հետո պարզվեց, որ կաթը չպիտի եռացնեմ: Քսաներորդ անգամ կաթը փչացնելուց հետո բիբին գլխի ընկավ: …Չի եղել մի անգամ, որ Լեւոնն իր ծննդյան տարեդարձին մինչեւ վերջ մասնակցի: Ամանորը միշտ իր զինվորների հետ էր դիմավորում: Անցնում էր պոստից պոստ, բոլորին շնորհավորում: Ու եթե ժամանակ մնում էր, մի քանի րոպեով մտնում էր տուն ու մեզ էլ էր շնորհավորում:
-Ուզենք թե չուզենք` քառօրյա պատերազմը չենք կարող շրջանցել:
-Սովորական օր էր: Լեւոնը ինչպես միշտ` դիրքերում, մենք էլ տանը հանգիստ քնած էինք: Մեկ էլ` դղրդյուն, պայթյուններ, որոտ: Մեծ տղաս, որն արդեն բանակում ծառայել էր, հասկացավ` ինչ է կատարվում: Մեզ արագ տարավ նկուղ: Հետո հոսանքն անջատվեց: Տղաս մեզ փակեց նկուղում, ինքը վազեց հորեղբոր տուն: Երբ հետ եկավ, ասաց, որ արագ մի քանի շոր վերցնեմ, քանի որ պիտի հեռանանք գյուղից:
Մղձավանջ էր: Երկինքը պայթյուններից կարմիր էր կտրել: Դժոխային աղմուկ էր: Պարզվեց՝ Քարվաճառից տուն նորոգող մի վարպետ Թալիշ է եկել իր մեքենայով, ու հենց այդ մեքենայով էլ պիտի հեռանայինք գյուղից: Երբ ամուսնուս եղբոր կնոջ հետ իրար օգնելով փորձում էինք մի երկու շոր վերցնել, որ նստենք մեքենան, հանկարծ տեսա՝ մեր բազմոցի հետեւում մի անծանոթ կին ու տղամարդ են կծկվել: Պարզվեց՝ հարեւանի տանը վարձով ապրող զինվորականի ծնողներն են: Եկել են որդուն տեսնելու: Որդին դիրքում է, ու իրենք օտար գյուղում մնացել են անօգնական: Արագ նրանց էլ տեղավորեցինք մեքենայում: Հիմա Հրանտս ասում է` ես չեմ գալիս, պիտի գյուղը պաշտպանեմ: Ասում եմ՝ տղա՛ ջան, դու զինվորակա՞ն ես, բա բանակն ինչի՞ համար է, որ դու պիտի կռվես: Տեսա՝ չի լսում, ես էլ իջա մեքենայից: Տղաս հասկացավ, որ չեմ զիջելու, ճարահատ՝ նստեց մեքենան:
-Հրանտը քանի՞ տարեկան էր այդ ժամանակ:
-Քսաներեք: Ագրարային համալսարանն է ավարտել: Երեկ իմացա, որ պայմանագրային զինծառայող է դարձել Արցախի բանակում: Նման բաները ես ամենավերջինն եմ իմանում: Հայր ու տղա որոշում են ու ինձ չեն էլ ասում: Շատ լավ երեխաներ ունեմ: Մի քանի օր առաջ Հրաչիս մասին հարցնում եմ ուսուցչուհուն, ասում եմ` ո՞նց է սովորում: Ասում է` Հրաչ չի, հրաշք է:
-Հա, մեր զրույցից հասկացա: Խելացի տղա է, տարիքին անհամեմատ լուրջ, ծանրակշիռ…
Դռան զանգն ընդհատում է մեր զրույցը: Լեւոնն է:
-Քո փոխարեն հարցազրույց եմ տվել,- ասում է Աննան աչքալուսանքի պես:
-Դու ո՞նց կարող ես իմ փոխարեն հարցազրույց տալ,- զարմանում է Լեւոնը:
-Աննան իր իմացածն է պատմել,- ես փորձում եմ փրկել դրությունն ու սահուն անցնել, ինչպես կասեին, այցելությանս բուն նպատակին:
-Ի՞նչ վիճակ է Թալիշում, Լե՛ւոն: Գյուղը ուշքի գալի՞ս է:
-Դե, եթե հիշենք, որ քառօրյա պատերազմից հետո գյուղում անվնաս տուն չէր մնացել, շատ բան է փոխվել: Տներ կան, որ պիտի հիմքից կառուցվեն:
-Պետական միջոցներո՞վ են կառուցվում, թե մարդիկ սեփական գումարով են նորոգում տները:
-Իհարկե, պետական միջոցներով: Արդեն 16 տուն հիմնանորոգված է: 20-25 տան վերականգնումը ընթացքի մեջ է: Ըստ ծրագրի ժամանակացույցի՝ նախատեսված է 70 տուն կառուցել: Այսինքն` 70 ընտանիք կվերադառնա ու կսկսի ապրել գյուղում:
-Տուն կառուցելը դեռ քիչ է մարդկանց վերադարձն ապահովելու համար:
-Ի՞նչն է խնդիրը:
-Մարդիկ պատերազմի, սարսափների միջով անցան: Չե՞ն վախենա նորից ապրել թշնամու քթի տակ:
-Եթե Արցախյան պատերազմից հետո Թալիշը ապրեց, եթե թալիշցիները վերադարձան տները, ու գյուղի կյանքը շարունակվեց բնականոն հունով, ապա հիմա գյուղը հաստատ չի վերանա, չի լքվի:
-Որտե՞ղ են հիմա թալիշցիները:
-Մեծ մասը Արցախում է: Պատսպարվել են ազգականների տներում, ժամանակավոր կացարաններում եւ սպասում են, թե երբ են տուն վերադառնալու: Արդեն 48 ընտանիք գյուղում ապրելու ցանկություն է հայտնել: Մյուսներն էլ միմյանց նայելով կգան: Տղամարդկանց մեծ մասը գյուղում է: Սահմանն են պաշտպանում, իրենց տների շինարարությանն են մասնակցում, իրենց հողն են մշակում, բերքն են իրացնում: Մենք փոքրիկ ձեռնարկություն հիմնեցինք, գյուղի այգիների բերքից մուրաբա պատրաստեցինք, գինի, օղի, ու «Թալիշ» ապրանքանիշով արտադրանքը հաջողությամբ մասնակցեց մրցույթի:
-Ձեր տներն ավերված են, մարդիկ սփռված երկրով մեկ, բայց գյուղի անունով «ապրանքանիշը» մրցույթի՞ է մասնակցում: Այսքան էլ անկոտրում, կենսունակ ժողովո՞ւրդ:
-Թալիշը շատ շուտով կլինի ավելի բարեկարգ, ծաղկուն ու գեղեցիկ, քան ապրիլյան պատերազմից առաջ էր: Եվ ավելի հպարտ…
-Ադրբեջանցիները խաղաղվե՞լ են, թե էլի կրակում են գյուղի վրա;
-Չէ՛: Թալիշում խաղաղ է, անսովոր լռություն, միայն շինարարական տեխնիկայի ձայնն է լսվում: Անհամբեր սպասում ենք, որ դպրոցի զանգերը կրկին ղողանջեն, երեխաները աղմուկով լցնեն շուրջբոլորը:
…Կներեք, այս հոդվածը ո՞ւմ մասին է լինելու… կնո՞ջս, թե՞ Թալիշի…
-Ձեր մասին, փոխգնդապե՛տ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում