ԵՍ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԾԱՌԱՅՈՒՄ
Կրտսեր սերժանտ Եվգինե Ազարյանը զորամասի համակարգչային բաժնի պետն է: Ինձ ուղեկցում է իր մայրիկի՝ դեղատան պետ, ավագ ենթասպա Դիանա Գաբրիելյանի մոտ:
Եվգինեն լուռ է, ոչինչ չի ասում: Փորձում եմ «խոսեցնել»:
-Անհարմար չէ՞ ամբողջ օրը զինվորական երկարաճիտ կոշիկներով…
-Արդեն սովորական է,- կարճ ու հստակ պատասխանում է՝ նույնիսկ առանց դեմքիս նայելու:
Բժիշկների համար նախատեսված սենյակում մեզ դիմավորում է Եվգինեի մայրը: Տիկին Դիանան սիրալիր ժպիտը դեմքին սկսում է պատմել իրենց զինվորական ընտանիքով նույն զորամասում ծառայելու մասին:
-2002 թվականից ես ու ամուսինս այստեղ ենք ծառայում: Սամվելը Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ է, բժիշկ: Այժմ պահեստազորի սպա է: Տարիներն այնքան արագ գլորվեցին, որ չհասկացանք, թե ինչպես երեխաները մեծացան: Երկու աղջիկներս բուհն ավարտելուց հետո որոշեցին զինվորական դառնալ: Եվգինեն օտար լեզուների ֆակուլտետում սովորեց, վերջացրեց ու ասաց, որ ուզում է ծառայել: Մերիս էլ արդեն ծառայում էր: Մենք էլ, լինելով բանակում, սիրով համաձայնեցինք:
-Ես էլ, Մերին էլ ինքներս ենք ընտրել այս ճանապարհը,- միջամտում է Եվգինեն:
-Իսկ ծնողներիդ զինվորական լինելու գործո՞նը…
-Իհարկե, դա էլ կար: Բնականաբար, ավելի ինքնավստահ էի: Մեծանալով մի ընտանիքում, որտեղ ծառայությունը, զինվորի առողջությունն առաջնային են, ինքնըստինքյան դաստիարակվում ես՝ նայելով ծնողիդ: Հայրիկիս նման մարդ կա կողքիս, որը ցանկացած պահի աջակցում, օգնում է…
Հոր մասին Եվգինեն հպարտությամբ է խոսում, բայց այդպես էլ դեմքի լուրջ արտահայտությունը չի փոխվում:
-Որդիս էլ զինվորական է,- տիկին Դիանան մայրերին բնորոշ ջերմությամբ ներկայացնում է որդուն, որը քույրերին չի զիջել՝ նվիրվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: -Ամուսնուս ապուպապերը զինվորականներ են եղել: Երևի դրանից է, որ երեխաներս արյան կանչով որոշեցին բանակի շարքերը համալրել: Մի քիչ էլ ինձ ներկայացնեմ: 8 -րդ դասարանի աշակերտուհի էի: Խառը ժամանակներ էին: Ծնողներիս հետ փախանք Կիրովաբադից: Թողեցինք մեր տունը: Հետդարձի ճամփան փակվեց մեկընդմիշտ…
Ծննդավայրդ, հարազատ միջավայրդ, մանկությունդ ու կյանքիդ ամենաքաղցր հուշերը թողնես ու փախուստի դիմես` կյանքդ փրկելու համար: Սարսափելի էր…
Ամուսինս զինվորական էր: Իսկ մեր հարսանիքին բոլորը հայրենիքի սահմանին կռվող տղերքն էին: Այլ տարբերակ չկար՝ պետք էր ամուսնուս կողքին լինեի: Ասում են՝ հայրենիքն սկսվում է ընտանիքից: Իսկ ինձ համար ընտանիքն ու բանակը նույնն են: Առավոտյան զորամասում ենք, երեկոյան հասնում ենք տուն: Շատ անգամ խոսակցություններն էլի բանակից են, ծառայությունից: Սա է մեր կյանքը:
Կենսախինդ, աշխույժ ու լավատես տիկին Դիանայի աչքերը փայլում են: Ծառայությունը նրա կենսակերպն է, զինվորի առողջությունը՝ ամենամեծ պարգևը:
Եվգինեն հանգիստ ու ինքնամփոփ լսում է մորը: Փորձում եմ ներգրավել խոսակցությանը.
-Դժվար չէ՞ ծառայել հրամանատարական կազմի հետ:
-Ես միշտ իմ տեղում եմ: Կապ չունի, որ մայրս այստեղ է: Ես ինքս եմ պատասխանատու իմ քայլերի համար: Ցանկացած պահի, երբ վտանգավոր դրություն է, պետք է ինքդ պատրաստ լինես անսպասելիին:
Ապրիլյան քառօրյայի ժամանակ եղբայրս ծառայում էր Արցախում, իսկ ես ՀՕՊ զորքերում մարտական հերթապահություն էի իրականացնում: Հիշում եմ: Առավոտյան 6:30 էր: Նկատեցի, որ ինչ-որ բան այն չէ: Անհանգստությունս մեծացավ, երբ հաստատվեց, որ լայնածավալ հարձակում է: Եղբայրս դիրքի ավագն էր: Մի քանի օր շարունակ կորցրինք քուն ու դադար: Մի տեսակ հասունացանք, ավելի կարևորեցինք, գիտակցեցինք, թե ինչ է նշանակում պաշտպանել սահմանը:
Եվգինեի մայրն աղջկա հետ խոսելիս երբեմն Արցախի բարբառն է օգտագործում: Պատմում է, որ դժվար է մոռանալ, թե որտեղից ես գալիս, բայց կարևոր է գիտակցես՝ ուր պիտի գնաս:
-Մաման տեղը չի գտնում, երբ հիվանդ զինվոր է լինում,-նկատում է Եվգինեն: -Մաման, ես ու Մերին կարծես երեք քույր լինենք: Մաման սիրում է կարգ ու կանոնը: Միշտ ասում է՝ եթե մարդ պարտաճանաչ չէ, ուրեմն զինվորական էլ չէ…
Տիկին Դիանան, Եվգինեն և ես դուրս ենք գալիս զորամասի տարածք:
-Նայիր, այնտեղ ինչ գեղեցիկ ծաղկած ծառեր կան: Ամեն տարի ասում եմ՝ պիտի լուսանկարվեմ այս ծառերի մոտ, բայց այդպես էլ չի ստացվում:
Քայլելով մոտենում ենք ծաղկած բալենիներին: Առաջարկում եմ իրականացնել տիկին Դիանայի ցանկությունը: Մայր ու աղջիկ սիրով համաձայնում են: Վերջապես Եվգինեի դեմքին ժպիտ է հայտնվում: Մի քանի կադր անելուց հետո հրաժեշտ եմ տալիս՝ խոստանալով նկարներն իրենց հասցնել…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ