ՕՄԱՐ. ՎԵՐԵԼՔԻ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Կանգնել ենք կիրճի պռնկին: Մառախուղը թափառում է վեր ու վար. թույլ չի տալիս մի կարգին տեսնեմ Օմարը: «Բա ո՞ւր է կատարը»,-հարցնում եմ գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանին, որ, ձեռքերը կրծքին ծալած, նայում է հեռուն: «Այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորի ու սպայի սրտում է»,-ժպտում է, հայացքը՝ իրար շալակ ելած լեռներին: Եվ ես բազում նոր հարցեր եմ տալիս, որ Օմարը տեսնեմ զինված ուժերում լավագույնը ճանաչված հրամանատարի աչքերով:
-Միանգամից սիրեցի Օմարը,-ասում է՝ բառերը շեշտելով,- 2011թ. փետրվարի 22-ն էր: Գումարտակի շտաբի պետ էի նշանակվել: Թեեւ ծառայության վեց տարվա փորձ ունեի, բայց առաջին անգամ էի դիրք բարձրանում: Հասա լեռնաշղթայի ստորոտ: Նայեցի ցից սարերին՝ թիկն տված ամպերին, նայեցի նորից՝ ձյունապատ բարձունքը շատ էր գրավիչ: Այնպիսի զգացում ունեցա՝ ասես սրբապատկերի առջեւ եմ: Որքա՜ն շքեղ է, որքա՜ն հզոր: Այնուամենայնիվ, ինձ թվաց, թե այս ամենը կատակ է. մարդը չի կարող բարձրանալ այնտեղ, որտեղ հողն ու երկինքը խառնվում են իրար: «Անհնարինն ընդամենը աղմկոտ բառ է»,- մտածեցի, երբ արդեն լեռնագագաթին էի: Հայացքս ներքև գցեցի. պատմական Օմարը փռվել էր թեւատարած՝ բացահայտված գաղտնիքի պես: Հիացած նայում էի. այնպես խաղաղ էր շուրջս… Երբեք ինձ այդքան հպարտ, այդքան հարուստ չէի զգացել…
Փոխգնդապետ Խաչատրյանն ասես Օմարի ականջին շշնջա, թե ինչքան հարազատ է իրեն: Եվ թվում է՝ աշխարհում ավելի գեղեցիկ տեղ չկա: Եվ թվում է՝ Օմարը լուծվել, դարձել է նրա անբաժանելի մասը, նրա ուրախությունների եւ մտածմունքների վկան:
-Տարվա բոլոր եղանակներին այստեղ ցուրտ է,-շարունակում է նա,-քամին խլացնում է ամեն ձայն: Ձյունը անսովոր մեծության է, «հարձակվում է», լցվում աչքերդ, գրավում դիրքեր տանող ճանապարհները, սպառնալից թափվում է` փորձելով ամեն բան ենթարկել իր կամքին: Այո՛, Օմարում ցուրտ է, բայց տղաների հոգին է տաք: Ամեն օր ականատես եմ լինում ընկերասիրության, անձնվիրության, արիության դրսեւորումների: Սպա ու զինվոր, իրար հերթ չտալով, ծանր ուսապարկը շալակին՝ ոտքով կտրում-անցնում են սառցապատ արահետները: Մի անգամ խրամատը բերնեբերան լցվել էր ձյունով: Հնարավոր չէր հերթափոխ կատարել: Ես ու հենակետի ավագը բարձրացանք թմբի գլուխը, որ դիտարկվող էր, բայց ուրիշ ճար չկար: Եվ ջրացատկորդի նման գլխիվայր նետվեցինք խրամատի գիրկը: Սկսեցինք բահով ճամփա բացել զինվորների համար… Օմարն ունի իր օրենքները. եթե հոգատար չես, ուրեմն չես կարող լավ ծառայել:
Լսում եմ հրամանատարին ու համոզվում՝ ճիշտ էին ասում. «Նա եւ իր զինվորը մի հոգի, մի մարմին են»:
-Հասկանո՞ւմ եք` այստեղ մի կարգին ջղայնանալ էլ չի ստացվում: Այն օրը խիստ խոսեցի կարգազանց զինվորի հետ, շատ խիստ… Մեկ էլ զգացի` «չափն անցել եմ»: Դարակում կոնֆետ ունեի, ասացի՝ «մինչեւ էս շոկոլադը չուտես, քեզ բաց չեմ թողնի»: Օմարում խրատելու փոխարեն համոզում ես: Եթե նախկինում համազգեստի խախտում նկատեի, զինվորին դիտողություն կանեի: Հիմա կանչում, ասում եմ՝ «արի, օձիքդ ուղղեմ, ցավդ տանեմ»: Այստեղ՝ լեռների առանձնության մեջ, ամենահզոր բանը մի հատիկ ջերմ բառն է:
Նա պատմում է, իսկ ես մտածում. «Այս սպան թույլին թեւեր տալ գիտի, զինվորի հոգսը իր վրա վերցնել գիտի, վստահել, հավատալ, օգնել գիտի»:
-Գուժող ազդանշան ստացա: Սիրտս բաբախեց ականջներիս մեջ: Տաքուպաղ քրտինքը բուռ-բուռ հոսեց վրայիցս: Խիտ մառախուղ էր, Պավլիկը մոլորվել էր: Զինվորն ականը չէր նկատել, ոտքի տակ պայթել էր: Սահմանի այդ հատված մեքենա չի բարձրանում, ճանապարհը գրեթե անանցանելի է: Միայն թե հասցնեմ, միայն թե արնաքամ չլինի: Թիփին խփում էր աչքերիս, ամբողջ ուժով դիմադրում էի ձնահողմին, ճեղքում այն: Պիտի հասցնեմ: Մոտեցա Պավլիկին: Հազիվ լսեցի. «Հրամանատա՛ր, փրկիր ինձ»: Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ: Ձեռքը պինդ բռնեցի: «Դատարկ բան է»,- սիրտ տվեցի նրան: Էլ չեմ հիշում, թե ինչպես Պավլիկին գրկած մի քանի կիլոմետր տարանք-հասցրինք մեքենային: Հոսպիտալի միջանցքում մտածում էի, որ զինվորից թանկ ոչինչ չունենք: Իմ կյանքի ամենածանր գիշերն էր:
-Երջանի՞կ եք,- հարցնում եմ, որ հրամանատարը սթափվի իր ծանր խոհերից:
-Երջանի՞կ եմ: Անպայման: Ես սիրում եմ այստեղի զինվորական կյանքի ամենօրյա ռիթմը, երբեք չեմ հոգնում: Իմ գումարտակը երկու անգամ ճանաչվել է լավագույնը զինված ուժերում: Ուրեմն մեզ վստահում են, ուրեմն մեր համառ աշխատանքը գնահատվում է: 2016 թվականն էր: Պաշտպանության նախարարությունում արդյունքների ամփոփում էր: Լավագույն հրամանատարները բեմ էին բարձրանում: Նախարարը պատվադրոշ ու անվանական զենք էր հանձնում, իսկ զինծառայողները մետաղադրամ էին տալիս: Ավանդույթ է: Ես կոպեկ չունեի: «Բա որ հանկարծ…»,-անգամ մտածել չհասցրի, երբ մեկ էլ բարձր հնչեց անուն-ազգանունս… Այս անգամ մի բուռ կոպեկ էի վերցրել: Եվ չէի սխալվել՝ նորից լավագույնն էինք: Իմ հաջողությունների համար ծնողներիս, կնոջս, երեխաներիս եմ երախտապարտ: Ես ամուր թիկունք ունեմ: Օրերով տուն չեմ գնում, երբեմն անգամ զանգելու ժամանակ չեմ ունենում, բայց նրանք մշտապես կողքիս են, ինձ ուժ են տալիս, որ ծառայեմ սիրով: Օմարում՝ հայրենիքի փեշին, ես գիտակցեցի, որ ունեմ այն ամենը, ինչը պետք է երջանիկ լինելու համար:
Նորից եմ նայում շուրջս՝ միայն սար է ու կիրճ, իրար վրա ծալ-ծալ նստած ձյուն: Եվ հրամանատարն է, որ «կպած» է իր սարին, ինչպես ծառը անտառին:
-Այստեղ օրը չի հերիքում: Գլուխս միշտ լիքն է մտքերով, շարունակ շարժման մեջ եմ: Ձգտում եմ լինել ամեն տեղ, հասցնել ամեն բան: Չգիտեմ՝ ինչ է ազատ րոպեն, հանգիստը: Ուղեղս քնի մեջ էլ չի քնում: Հիմա հավաքների պիտի գնամ, բայց հերթափոխ է լինելու: «Նայեք՝ ճաշը ժամանակին պատրաստ լինի: Փոքր բաժակները էստեղ կշարեք, մեծերը՝ էնտեղ: Վերեւի կրակակետը մի քիչ էլ կխորացնեք: Հա, չմոռանաք, հակառակորդի էն կետի կոորդինատները կհաշվեք: Դե, կզանգեք»: Սպաները ծիծաղում են. «Պարոն փոխգնդապետ, հանգիստ եղիր, կանենք»: Չգիտեմ՝ հասկանում են ինձ, թե՞… Ապշելու բան է՝ թվում է՝ եթե այստեղ չլինեմ, հավասարակշռությունը կխախտվի… Ճիշտ հասկացեք, ինձ չեմ գերագնահատում, ուղղակի ես ու Օմարն անբաժանելի ենք, ինչպես լծակի երկու ծայրերը:
…Հիմա մառախուղի մեջ անհայտացած բարձունքը տեսնում եմ այնքան պարզ, ինչպես երկու քայլի վրա կանգնած մարդուն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում