ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ F-22-Ը
Lockheed Martin ընկերությունը ավարտել է ամերիկյան ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-22 Raptor վերջին` 187-րդ կործանիչի հիմնամասի հավաքումը: Ինքնաթիռը բանակին կտրամադրվի 2012թ.:
F-22-ի արտադրական հոսքագիծը կպահպանվի ևս մի քանի տարի ինքնաթիռների ընթացիկ նորոգումն ու արդիականացումն ապահովելու համար:
Այդպիսով, շուրջ 77,4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պատմության մեջ կմնա որպես ամենաթանկարժեք և անպիտան նախագիծ:
Սկզբնապես այն նախատեսված էր մարտական գործողությունների ընթացքում օդային անվիճելի գերազանցություն ապահովելու համար, սակայն արդեն 6 տարի սպառազինությունում կանգնած կործանիչը ոչ մի անգամ չի մասնակցել մարտական գործողությունների, ավելին, ընդամենը մի քանի անգամ է դուրս եկել ԱՄՆ օդային սահմաններից:
Մինչ այժմ տարբեր հակամարտություններում նորագույն կործանիչը չօգտագործելը զինվորականները պատճառաբանում են համապատասխան խնդիրների բացակայությամբ: Առաջիկայում էլ ԱՄՆ-ը չի պատրաստվում պատերազմ վարել զարգացած ավիացիա ունեցող պետության հետ, որի դեպքում կարող են կիրառվել կործանիչի հնարավորությունները:
Սխալ կլինի ասել, որ F-22-ի տեխնոլոգիաները օգտագործվել են F-35 Lightning II հեռանկարային կործանիչի մշակման ժամանակ: Նոր ինքնաթիռի համակարգերի մեծ մասն ստեղծվում է զրոյից, նույնիսկ անտեսանելիությունն ապահովող որոշ էլեմենտներ: Փոխարենը F-35-ի որոշ սարքավորումներ, նաև ռադիոկլանող ծածկույթը, հեռանկարում կտեղադրվի F-22-ի վրա:
Կործանիչի թռիչքի 1 ժամն արժի 44-49 հազար դոլար (տարբեր գնահատականներով): Մեկ ինքնաթիռի գինը 2010թ. կազմել է 411,7 միլիոն դոլար:
Ներկայումս F-22 կործանիչների վրա տարածվում է թռիչքների արգելքը, որը մտցվել է 2010թ. Ալյասկայում նմանատիպ ինքնաթիռներից մեկի կործանման պատճառները պարզելու համար: