ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Զորավարժության նպատակը սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները փորձարկելն էր, անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելը:
Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական կլինեն՝ նպաստելով հայկական զինուժի առավել արդիականացմանը:
4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խստորեն ուշադրության կենտրոնում պահելով զինանձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները:
Այնուհետև Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը: