ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ
Ձերբակալություններ Բուխարեստում
1944 թվականն էր, դեկտեմբեր ամիսը։ Ռումինական հողում պատերազմական գործողություններ չկային, հարաբերական խաղաղություն էր, եւ խորհրդային ուժերն ամեն ինչ պահում էին իրենց վերահսկողության տակ։ Խաղաղություն էր տիրում նաեւ հայ համայնքում։ Բայց ահա` անսպասելի մի լուր, որ ցնցեց բոլորին եւ ամենից առաջ` թեմակալ առաջնորդին. դեկտեմբերի 30-ին, մի գիշերվա մեջ, խորհրդային զինյալ ջոկատները ձերբակալել են 34 հայի` նրանց համարելով քաղաքական հանցագործներ։ Վազգեն վարդապետը տարակուսանքի մեջ էր` ի՞նչ էր դա նշանակում, համայնքի հայերից ոչ ոք, բացառությամբ Դրոյի, հակախորհրդային գործունեություն չէր ծավալել, բայց ահա…
Վեհափառը հետո այսպես կվերհիշի այդ ծանր օրերը. «Մեծ դժբախտություն եղավ մեզանում, եւ ես, իմ ներքին ուժերը հավաքած, գնացի սովետական դեսպանատուն` խնդրելու, որ օգնեն ազատելու անմեղ մարդկանց, որովհետեւ այդ ակտը կատարված էր սովետական ուժերի կողմից։ Անուշադրության մատնեցին թե՛ բանավոր, թե՛ գրավոր խնդրանքները։ Ես ուզեցի մի խաղաղ ցույց կազմակերպել եկեղեցու բակում, բողոքի ցույց այդ ձերբակալությունների դեմ` պահանջելու հայերի արձակումը։ Բայց խորհուրդ տվեցին ձեռնպահ մնալ` դա կարող էր հայ համայնքի համար ավելի վատ հետեւանքներ ունենալ»։
Վարդապետը դիմում է վերջին հնարավորությանը` հավաքում է ձերբակալվածների կանանց ու հարազատներին, դիմում գրել տալիս եւ տանում դեսպանատուն` հույսով, որ գոնե նրանց կլսեն։ Լսող չեղավ, ոչ մի պատասխան չստացվեց, եւ բոլոր ձերբակալվածներն աքսորվեցին Սիբիր։
Տարիներ անց, Ստալինի մահից հետո, նրանք արդարացվեցին, բայց շատերը` արդեն հետմահու։ Ողջ մնացածները վերադարձան Ռումինիա, վերապրեցին, բայց համայնքին արդեն իսկ ծանր հարված էր հասցված։
Հանդիպում Էջմիածնում
Վեհափառը զգայուն մարդ էր, կարեկից։ Լինելով արդեն Ամենայն Հայոց Կաթողիկոս` նա երբեք չմոռացավ, որ Սիբիրում հանիրավի աքսորված հայրենակիցներ ունի. սիրտը մղկտում էր։ Վտանգելով իրեն` կարողանում է գտնել եւ կապ հաստատել այնտեղ գտնվող իր ընկերներից մեկի հետ, որի անչափահաս որդուն ¥նրան «մեծահոգաբար» չէին աքսորել¤ տիրություն էր անում հայրաբար։ Երբ նա էլ արդարացվեց ¥շարունակենք Վեհափառի հուշով¤` «նրան հորդորեցի տունդարձի ճանապարհն անցնել Հայաստանով, Էջմիածնում ինձ մի քանի օր հյուր լինել։ Եկավ, առողջությունը շատ վատ էր, մնաց մի քանի օր, մի քիչ, այսպես ասած, կարգի բերեցինք, զրուցեցինք, հիշեցինք անցյալը։ Հիմա էլ հիշելով նրան` հուզվում եմ, մի տեսակ ներքին վրդովմունք եմ ապրում, թե ստալինյան ռեժիմը մինչեւ ուր կարող էր հասցնել եւ ինչպես խորտակել բոլորովին անմեղ մարդկանց»։
Վեհափառի մարդկային հատկանիշները բնութագրող մի դրվագ…
Հայրենասիրության քարոզ
Վերադառնանք 1945 թվական, Բուխարեստ։
Պատերազմից հետո Ռումինիայում եւս ստեղծվեց նոր իրադրություն, եւ Վազգեն վարդապետի առաջնահերթ խնդիրը դարձավ համայնքի հոգեւոր կյանքի կազմակերպումը նոր պայմաններում եւ ամենակարեւորը` սերտ կապերի հաստատումը մայր հայրենիքի հետ։ «Կա մեկ հայ ժողովուրդ, կա մեկ հայ հայրենիք, կա մեկ ճակատագիր, հետեւաբար` կա մեկ կամեցողություն եւ գործելու մեկ ուղղություն». այս է թեմի հոգեւոր առաջնորդի գործունեության ուղենիշը։ Հրատարակեց «Խոսք հայրենիքի մասին» գրքույկը, որն իր քարոզների ու հրապարակային ելույթների ամփոփումն էր։ Ժողովածուի գլխավոր միտքն այն էր, որ ժամանակն է լինել իրատես, սերնդեսերունդ փոխանցված «խորապես ուժգին» հայրենաբաղձությունը, հույսն ու հավատը վերածել «ճշմարիտ եւ իրապաշտ հայրենասիրության»։ Գրում էր. «Ժամանակն է, որ բոլոր հայերն անխտիր, վերջնականապես մոռանան իրենց հինեն մնացած քեներն ու անհասկացողությունները եւ եղբայրացած սրտերով, ձեռք ձեռքի տված` նվիրվեն հայրենասիրական վսեմ գործին»։
Այս խոսքերը գրվել են շուրջ կես դար առաջ եւ այսօր էլ շարունակում են մնալ հրատապ ու արդիական։ Վարդապետի համար դրանք նաեւ գործ էին` ամենուր քարոզում էր հայրենասիրություն, ազգային միաբանություն, կազմակերպում ռումինահայերի հայրենադարձությունը եւ անձամբ գնում Կոնստանցայի նավահանգիստ` ողջերթի խոսքով նրանց ճանապարհելու հայրենիք։
Առաջին անգամ Հայաստանում
1945-ի գարնանը նշանակվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունները։ Հրավիրված էր նաեւ պատվիրակություն Ռումինիայից, եւ որպես Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր` Վազգեն վարդապետն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց 76-ամյա Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, որի մասին վարդապետը գովեստով էր խոսում իր «Խոսք հայրենիքի մասին» գրքույկում, հատկապես բարձր գնահատում նրա ազգաշահ գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ¥այդ շրջանում արքեպիսկոպոսը կաթողիկոսական տեղապահ էր, ընտրությունները չէին կայանում պատերազմի պատճառով¤։
Վեհափառը հետո կհիշի. «Ինձ վրա Հայաստան այցելելն արտակարգ տպավորություն թողեց։ Հայաստանը շատ տխուր վիճակի մեջ էր այդ օրերին, շատերը սգավոր էին, կորուստներ ունեին պատերազմի դաշտերում։ Սննդամթերքի պակաս կար։ Հիմա, որ գանգատվողներ կան, պիտի հիշեն, որ 1945-ի գարնանը Հայաստանում տասնապատիկ ծանր վիճակ էր։ Չեմ ուզում տնտեսական այդ կողմին ծանրանալ, միայն ասեմ, որ մի քանի գյուղեր իմ այցելությունը ճնշող տպավորություն թողեց. ոչ մի երեխա չտեսա, որ կոշիկ ունենա, ոչ մի երեխա չտեսա, որ կարգին հագուստ ունենա»։
Վազգեն վարդապետը լավ էր հասկանում` պատերազմն իր հետքն էր թողել ամեն ինչի վրա, բայց եղավ մի միջադեպ, որ առավել ցնցեց նրա հոգին։
Ցնցող միջադեպ Էլարում
Կաթողիկոսական ընտրություններին եկած պատվիրակությունների համար ծրագրված էին զանազան միջոցառումներ։ Դրանցից մեկն ուղեւորությունն էր Սեւանա լիճ։ Ճանապարհին ավտոբուսները կանգ են առնում Էլար գյուղում ¥ներկայիս Աբովյան քաղաքի տարածքում¤, եւ Վազգեն վարդապետը, ցանկանալով գոնե մեկ-երկու բնակչի հետ խոսք փոխանակել, օգտվում է այդ կանգառից եւ մոտենում փայտաշեն մի տան։ «Այնտեղ մի մարդ էր աշխատում երկաթի վրա, երեւի դարբին էր,- հետո կհիշի Վեհափառը,- նա տեսավ ինձ հոգեւորականի հագուստով, հասկացավ, որ արտասահմանցի եմ, եւ գիտե՞ք ինչ արեց` մուրճը թողեց, ձեռքերը վեր բարձրացրեց ու բացականչեց. -Տե՛ր հայր, ե՞րբ պիտի գա մեր ազատությունը»։
Պատվիրակությանն ուղեկցող «Ինտուրիստի» աշխատողը, որն իրականում ՊԱԿ-ի գործակալ էր, անմիջապես մոտենում է վարդապետին եւ հարցնում. «Այդ մարդն ի՞նչ ասաց»։ «Հեչ,- պատասխանում է վարդապետը,- ասաց` բարով եք եկել»։
Դարբինը հանգիստ շունչ է քաշում` փրկված է, բայց ցնցված է վարդապետը։
Տասնամյակներ անց կմտաբերի. «Այդ միջադեպն ինձ համար շատ տխուր, հուզիչ մի պահ եղավ իմ կյանքի այդ օրերին։ Ես հասկացա, թե մեր ժողովուրդն ինչպիսի հոգեկան վիճակների մեջ է ապրում այդ շրջանում»։
Նոր այցելություններ
Անցան տարիներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Վազգեն վարդապետը Հայաստան այցելեց մի քանի անգամ` 1948-ին, 1951-ին, 1953-ին։ Ամենանշանակալիցը 1951-ի այցելությունն էր` այդ տարվա հուլիսի 8-ին Վազգեն վարդապետը Գեւորգ Զ կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց եպիսկոպոս։
«Ես հոգեպես կապվեցի Հայաստանի հետ,- կխոստովանի հետո,- ես զգացի, որ մենք բոլորս ինչ-որ պարտականություն ունենք` ինչ-որ մի ձեւով, մի բանով օժանդակելու մեր հայրենիքի առաջընթացին եւ ավելի լավ ապագային»։
Այս զգացողության մեջ ոչ միայն հայ հոգեւորականն էր, այլեւ՝ հայ մարդը։
Գահակալման սկիզբը
1954-ի մայիսի 9-ին վախճանվեց Գեւորգ Զ կաթողիկոսը, եւ հաջորդ տարվա համար նշանակվեցին կաթողիկոսական ընտրությունները։ Վազգեն եպիսկոպոսը, որ ներկա էր եղել Հայրապետի թաղմանը, այժմ էլ պատրաստվում էր մեկնել Էջմիածին` նոր կաթողիկոս ընտրելու։ Բայց մինչ այդ եղավ մի հանդիպում, որ ճակատագրական էր լինելու Վազգեն եպիսկոպոսի կյանքում։ Ռումինիայի խորհրդային դեսպանատնից զանգել, զգուշացրել էին, եւ երեկոյան Վազգեն եպիսկոպոսի մոտ այնտեղից եկան երկու անծանոթներ, մեկը` հայ, Հայաստանից։ Եկել էին Հայաստանի կառավարության անունից հաղորդելու, որ եպիսկոպոսը համաձայնի եւ իր թեկնածությունը դնի կաթողիկոս դառնալու համար։ Դա 1955 թվականն էր։
Վազգեն եպիսկոպոսի համար առաջարկն անակնկալ էր։ Նա գիտեր Հայաստանի կացությունը, այն սահմանափակումները, որ դրված էին եկեղեցու առջեւ եւ… մերժեց։ «Գիտե՞ք,- ասաց նա,- այնպիսի ծանր վիճակի մեջ է եկեղեցին, որ լավ կլինի ընտրվի այնտեղի մարդ։ Նա ձեզ կհարմարվի, մենք չենք կարող հարմարվել ձեր պայմաններին ու սահմանափակումներին»։
Հյուրերը, հատկապես հայը, համառում էին։ Այդժամ Վազգեն եպիսկոպոսը «գործի դրեց» իր վերջին կռվանը։ «Ի՞նչ եք թողել Էջմիածնում,- ասաց,- որ մենք գանք` ի՞նչ անենք այնտեղ»։
Այս պատմության շարունակությունը` Վեհափառի հուշով. «Եվ հայը, զարմանալի ձեւով, ինձ համար անսպասելի պատասխան տվեց.
-Սրբազան, մենք գիտենք, որ Դուք իրավացի եք, գիտենք, թե Էջմիածինն ինչ վիճակում է։ Հայաստանի կառավարության երեսը կարմրում է այսօրվա Էջմիածնի վիճակի պատճառով։
Ես ապշած էի նրա պատասխանից. այսպիսի համարձակ խոսք ասաց Հայաստանից եկած պատվիրակը, եւ երեւի դա էր, որ այլեւս անտեղի էր դարձնում իմ համառությունը»։
Ընտրությունները կայացան 1955թ. սեպտեմբերի 30-ին։ Քվեների բացարձակ մեծամասնությամբ ¥125 կողմ, 6 դեմ¤ ռումինահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Պալճյանն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Հոգևոր-մշակութային