ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾԸ
Ծանր ու դժվար է Սևակի մասին գրելը, որովհետև անկարող ես բառեր գտնել…: Ծանր ու դժվար է, որովհետեւ անգամ տարիներ անց էլ գիտակցությունդ, երեւակայությունդ եւ հուշերդ իրար հետ համաձայնության չեն գալիս, եւ սիրտդ չի համակերպվում աչքերիդ տեսածին: Եվ ի՞նչ գրես, երբ չես կարողանում տարանջատել գլխավորն ու երկրորդականը։ Նրա կյանքում երկրորդական ոչինչ չկար. ամեն ինչ գլխավոր էր՝ դասը, ընկերները, կռիվը, հայրենիքը… Եվ նրա կյանքում ինչն էր գլխավորը, արդյոք միայն այն, որ նա ծնվել էր 1969թ. Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Միևնույն է, անգամ եթե նա ծնված լիներ աշխարհի մյուս ծայրում՝ գալու էր, գալու էր սրտի, արյան, հաղթություն շնորհող հրեշտակների փողերի կանչով։ Գալու էր…
Գերազանցությամբ սովորում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում։ Հետո մեկնեց բանակ։ Շատերը բանակից վերադառնալով փոխվում են՝ կորցնում սովորելու նախկին եռանդը։ Բայց ոչ Սևակը։ Ինքն ի սկզբանե կազմակերպված էր, այլևս չէր փոխվելու…
Նոր էր հարմարվում ուսանողական կյանքին, երբ փխրուն խաղաղության հույսերն ի սպառ վերացան: Մեկնեց Արցախ, ու մինչև կստեղծվեր Ճարտարի «Արայիկ» ինքնապաշտպանական ջոկատը, կռվեց տարբեր ուղղություններում: Իսկ երբ վիճակը ծանրացավ նաև հայրենի շենի մատույցներում, վերադարձավ Ճարտար և միացավ մանկության ընկերներին: Սկզբում ջոկատի նռնակաձիգն էր, իսկ երբ առաջին և երկրորդ հրամանատարները ծանր վիրավորվեցին, Սևակն ստանձնեց հրամանատարությունը եւ առաջնորդեց մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Արդեն ջոկատը վեր էր ածվել գումարտակի, փոխվել և բարդացել էին առաջադրանքները: Ավելի ճիշտ՝ առաջադրանքը մեկն էր. հաղթե՛լ: Եվ հաղթում էին: Նրանք երբեք չպարտվեցին, իսկ հաղթանակները երեք տասնյակից ավելի էին:
Հրադադարի հաստատումից հետո Սևակը շարունակեց ծառայությունը: Ընդունվեց և ավարտեց Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, վերադարձավ և շարունակեց ծառայությունը տարբեր զորամասերում: Հրամանատար, շտաբի պետ կամ շարքային նռնակաձիգ. տարբերություն չկար՝ նույն պատասխանատվության զգացումն էր, նույն նպատակամղվածությունը և նույն առաջադրանքը՝ հաղթանակ:
Կազմակերպված էր ու հավասարակշռված, հզոր կամք ուներ և անսահման աշխատասիրություն: Ճակատագիրը սկզբից ևեթ գիտեր, որ այս հատկությունները նրան պետք են գալու: Ի վերուստ էր որոշված, որ Սևակը չէր նահանջելու, չէր ընկրկելու: Այլապես ինչ եղանակով պիտի կարողանար, ցուցանիշներով ետ մնացող զորամասի հրամանատար դառնալով՝ սեղմ ժամկետներում այն վերածել օրինակելի ստորաբաժանման և երկու տարի անընդմեջ վաստակել լավագույն զորամասի տիտղոսն ու պատվո դրոշները: Սա ամենևին հեշտ չէ մեր բանակում, ուր յուրաքանչյուր միավորում ղեկավարվում է մարտական հարուստ փորձ ունեցող, հմուտ և բանիմաց հրամանատարների կողմից: Ինքը պնդում էր, որ զորամասի հաջողությունները միասնական ջանքերի արդյունք են: Պարզապես սովոր էր հաղթելու թե՛ պատերազմում, թե՛ համեմատական անդորրի ժամանակ:
Երբեք չէր խուսափի պատասխանատվությունից, ենթակային չէր ուղղորդի սոսկ հրամաններով, այլ ցույց կտար անձնական օրինակով, կսովորեցներ ու կբացատրեր՝ պարզ ու ընկալելի, հասարակ՝ ինչպես ինքն էր:
Վերջին առաջադրանքին հենց ինքը պիտի գնար, անձամբ, որովհետև վտանգավոր էր: Սովոր էր վտանգին, ուրիշին չէր կարող վստահել, որովհետև «ուրիշ» չկար իր համար. յուրաքանչյուր զինվոր իր զավակն էր, յուրաքանչյուր սպա՝ եղբայրը:
Եվ միշտ էր այդպես ընդառաջ գնացել վտանգին՝ բացելով և հարթելով հաղթանակի շավիղները: Եվ բազմիցս աչքի էր ընկել ու պարգևատրվել, արժանացել էր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, բայց երբեք չէր փոխվել. միշտ նույն Սևակ Ղուկասյանն էր՝ Ճարտարցի Սևակը, որի համար միշտ պիտի հնչեն հաղթության շեփորները:
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ճակատագրեր