Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑ



ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑԶրույց Երեւանի կայազորային հոսպիտալի հրամանատարի բուժգծով տեղակալ, հոգեբույժ, բուժծառայության մայոր Տիգրան Թունյանի հետ

 

-Ժամանակակից բանակում որքան էլ զարգանա տեխնիկան, այդ ամենի հիմքում մարդն է` անձը, անհատականությունը, որի գործունեության արդյունավետությունն ուղղակիորեն կախված է նրա հոգեվիճակից: Զինվորական ծառայությունը թե՛ խաղաղ, թե՛ հատկապես մարտական պայմաններում տարբերվում է սովորական պայմաններից:

-Բնականաբար, սոցիալական մի կարգավիճակից անցում է կատարվում մեկ այլ՝ բոլորովին անծանոթ ու անսովոր իրավիճակի, եւ այս պարագայում անչափ կարեւորվում է անձի ադեկվատ ադապտացիան:

Յուրաքանչյուր անհատ նախասիրությունների իր շրջանակն ունի, քաղաքացիական կյանքում այն իրագործելու համար բազմաթիվ տարբերակներ ու շրջապատի ընտրության հնարավորություն կա եւ միանգամից կտրուկ փոփոխություն՝ խիստ սահմանափակված միջավայր, հստակ խնդիրներ, մշտական կանոնակարգված առօրյա: Այս հակադրությունը սովորաբար առաջ է բերում բացասական հույզեր: Հիմնականում ապահարմարվողականությունը դրսեւորվում է զորակոչվելու սկզբնական շրջանում՝ ծառայության առաջին ամիսներին կամ ծառայության վայրի փոփոխության ժամանակ: Սովորաբար զինծառայողների մեծ մասը  ներդաշնակ հարմարվողական շրջան է անցնում, ոմանք էլ մի փոքր դժվար, բայց ժամանակի հետ կարողանում են հաղթահարել բանակային կյանքի բոլոր դժվարությունները եւ ծառայության ավարտին ավելի հասունացած, կոփված ու կենսափորձով հարստացած տուն են վերադառնում:

-Պարոն մայոր, ապահարմարվողականության ի՞նչ դրսեւորումներ են հիմնականում նկատվում:

-Հստակորեն սահմանել, որ բոլորի մոտ միօրինակ կդրսեւորվի՝ սխալ կլինի. այս գործընթացում պետք է նշեմ, որ կարեւոր, վճռորոշ դեր ունի մարդու հոգեկերտվածքը, նրա խառնվածքը: Մեկը կարող է ներփակվել, անտարբեր դառնալ, ցրված, մեկն էլ, հակառակը՝ դյուրագրգիռ եւ կոնֆլիկտային, երրորդը՝ կկատարի ինքնավնասում: Ճնշվածություն, տրամադրության անկում, ընկճվածություն…, բնականաբար, այս բոլոր դրսեւորումներն էլ ակնհայտորեն ազդում են ծառայության որակի վրա: Վարքագծի յուրաքանչյուր ակնառու փոփոխություն, յուրաքանչյուր վարքային շեղում մտահոգության տեղիք պետք է տա, ժամանակին բացահայտվի, որպեսզի հնարավորինս կանխվեն հետագա սրացումներն ու բարդացումները:

Նման զինծառայողների նկատմամբ հարկավոր է առավել ուշադիր լինել: Վարքի փոփոխության դրդապատճառները կարող են թաքնված լինել նաեւ քաղաքացիական կյանքում՝ ընտանեկան պայմաններ կամ, ասենք, ընկերուհու հետ կապված խնդիրներ…

Հասկանալ, խորամուխ լինել, փորձել պարզաբանել վարքագծի փոփոխությունների բուն պատճառը, օգնել հաղթահարելու. սա է առաջնայինը: Ուշադիր պետք է լինեն հատկապես անմիջական հրամանատարը, զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալները, հոգեբան սպան, հոգեւոր սպասավորը, զորամասի բժիշկը: Հետեւողական եւ համալիր մոտեցում է անհրաժեշտ:

-Երբ զրուցում եմ Ապրիլյան դեպքերի մասնակից տղաների հետ, այդ օրերի, իրադարձությունների մասին պատմելիս ոմանց մոտ նկատել եմ դեմքի ջղաձգում, արագախոսություն, ոմանք էլ խոստովանում են, որ կարգին չեն կարողանում քնել, բողոքում են գիշերային մղձավանջից…Ինքնին հասկանալի է՝ հոգեցունց ապրումները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ նրանց ներաշխարհի վրա:

-Գիտական լեզվով դա կոչվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որը բնորոշվում է հոգեկան, վարքային եւ ֆիզիոլոգիական մի շարք փոփոխություններով: Դա նույնպես կարող է տարբեր կերպ արտահայտվել՝ դեպքի կրկնվող վերապրում, քնի խանգարումներ, ձեր նշած գիշերային մղձավանջները՝  կապված անցյալում տեղի ունեցած հոգետրավմատիկ իրադարձությունների հետ, վախը վերահսկելու դժվարություն, տագնապի զգացողություն, գրգռվածություն, կպչուն մտքեր, հիշողության վատթարացում, անտարբերություն… Թվարկած ցանկն ամբողջական չէ, դրսեւորումները շատ բազմազան են՝ կախված նաեւ տվյալ անձի հոգեբանական առանձնահատկություններից:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ռիսկային խմբում մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներն են: Մարտական իրադրության մեջ  անձն ամբողջությամբ հոգեֆիզիոլոգիական գերակտիվ վիճակում է:

Ի դեպ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը կարող է միանգամից արտահայտվել եւ կարող է դրսեւորվել հոգետրավմատիկ գործոնից ամիսներ անց:

Նմանատիպ խնդիրներ ունեցողները բուժվում են մեզ մոտ՝ հոգեթերապիա, դեղորայքային բուժում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նաեւ քաղաքացիական մասնագիտացված բուժհիմնարկներ, որոնց հետ մենք համագործակցում ենք: Բուժման գործընթացում, հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ հիմնականում մեծ արդյունավետություն ենք ունեցել: Ռիսկային խմբին ցուցված է պահել որոշակի ուշադրության կենտրոնում, խորհուրդ է տրվում նաեւ միջավայրի փոփոխություն. մարդը շարունակում է վերապրել, երբ շրջապատը հիշեցնում է կատարվածի մասին: Հոգեցունց իրադարձության վերհուշը առաջացնում է խուսափողական վարք` պատահարը հիշեցնող մարդկանցից, իրերից եւ իրավիճակներից: Այս ամենից զատ, պետք է հավելեմ նաեւ, որ պակաս կարեւոր չէ շրջապատող մարդկանց, մտերիմ ընկերների դերը, նրանք պետք է թույլ չտան, որ խնդիր ունեցողն առանձնանա, մեկուսանա եւ օտարվի:

-Ժամանակակից աշխարհում բազմաթիվ պատճառներ ու գործողություններ կան, որ կարող են վտանգել մարդկանց հոգեկան առողջությունը: Պարոն մայոր, մեր հնարավորությունների, մեր գիտակցականի սահմաններում ինչպե՞ս կարող ենք պահպանել հոգեկան դաշտի խաղաղությունը, հոգեկան առողջության պահպանման Ոսկե կանոնը՝  ըստ Ձեզ:

-Ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ, քո եսի հետ, ամենամեծ խնդիրն սկսվում է հենց ներաշխարհից. քո կատարած գործողությունները համահունչ պետք է լինեն քո հնարավորություններին, քո ունակություններին: Աշխատեք «մարզել ու կոփել» ձեր ներաշխարհն ու սթափ հայացքով նայել աշխարհին ու ձեզ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/05/2018