ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԽՈՐՔՈՒՄ
Զրույց ՊԲ հարավարեւելյան պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:
-Պարոն գնդապետ, օրերս պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութերում երեւում է հակառակորդի տանկային շարասյուների, հրետանային միջոցների, կենդանի ուժի շարժ առաջնագծում: Ե՞րբ եւ ի՞նչ միջոցներ է կենտրոնացրել թշնամին այս ուղղությամբ:
-Հակառակորդի տեխնիկայի ծավալուն շարժ նկատվել է ապրիլի 21-ին: Այն շարունակվել է մինչեւ ապրիլի 25-ը: Հակառակորդը մեր պատասխանատվության գոտու ձախ թեւում կենտրոնացրել է 30 հետեւակի մարտական մեքենա, զրահափոխադրիչներ, 15 տանկ, հրետանային դիվիզիոն՝ մինչեւ 18 մեքենա քարշակներով: Շարժը ժամանակավորապես դադարեցվել եւ վերսկսվել է ապրիլի 29-ին: Առաջնագիծ են բերվել «Սպայկ» հակատանկային հրթիռային համալիրներ եւ քարշակի վրա դրված 10-15 հրանոթներ: Մայիսի 1-ին տեղեկություն ենք ստացել, որ մոտակա հրաձգարանում ադրբեջանական ստորաբաժանումներն իրականացնում են կրակային վարժանքներ, որոնցում ներգրավված են 250-300 զինծառայողներ:
-Ի՞նչ են ցույց տալիս դիտարկումները, ինչպե՞ս են տեղաբաշխվել վերոնշյալ միջոցները:
-Դրանք զբաղեցրել են կահավորված բնագծեր, կրակային դիրքեր: Օրվա ընթացքում կատարում են հարձակողական բնույթի մարզումներ, նաեւ՝ մեքենավարման պարապմունքներ շարասյուներով: Հակառակորդն ամեն պահի կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել: Ցանկացած արկածախնդրություն կարժանանա դաժան պատասխանի: Հանգիստ եղեք:
-Ելնելով իրավիճակից՝ ի՞նչ հակագործողություններ եք ձեռնարկել:
-Անհրաժեշտության դեպքում, մեկ առ մեկ խոցելու ենք: Ունենք բոլոր հնարավորությունները: Մեր զինանոցը համալրված է նորագույն հակատանկային միջոցներով, մի քանի անգամ ավելացել է հրետանու կրակային խոցման հեռահարությունը: Սադրանքի դեպքում, խնդիրը կատարելու ենք խորքում: Ուժեղացրել ենք հետախուզումը, ավելացրել ենք դիտակետերի քանակը, կազմավորել ենք օպերատիվ խմբեր, որոնք ներգրավվել են մարտական հերթապահությունում եւ վերահսկում են շարժերը: Արագ արձագանքման հրետանային, հակատանկային, հրաձգային ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների եւ հաշված րոպեների ընթացքում տագնապով կհասնեն առաջնագիծ: Եվ, ինչպես տեսնում եք, այս պահին զորամասը ներգրավված է հրամանատարաշտաբային մարզումներում: Ուշադրության կենտրոնում է հատկապես կապի անխափան աշխատանքը:
-Պարոն գնդապետ, մենք եղել ենք հարավային սահմանի տարբեր հատվածներում, հիմնական կուտակումները, սակայն, այս բնագծում են: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է հակառակորդը թիրախավորել այս ուղղությունը:
-Նայեք (ցույց է տալիս ձախ թեւի տարածքը)՝ հիմնական կուտակումները մեր վերահսկողության գոտում գտնվող մարտավարական տեսակետից բարենպաստ այս բարձունքի թիկունքում են: Թե՛ ռելիեֆի, թե՛ դիրքերի դասավորությամբ այն բավականին նման է 2016 թ. ապրիլին ադրբեջանական զինուժի գրաված Լելե Թեփե բլուրին: Չեմ բացառում, որ նորից փորձեն կիրառել քառօրյա գործողությունների մարտավարությունը: Չեմ բացառում նաեւ, որ այս հատվածում տեխնիկայի եւ ուժերի կուտակումը խաբուսիկ է: Այսինքն՝ աշխատում են մոլորեցնել մեզ, որպեսզի կարողանան քողարկված աշխատանքներ իրականացնել մեկ այլ ուղղությամբ: Պետք է աչալուրջ եւ զգոն լինել ամբողջ առաջնագծում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում