«1-28» ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Մեկ տարի առաջ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը «Հայ զինվորին» ներկայացրել էր կենտրոնի շրջանակում գործող նորաստեղծ «Թեժ գիծ» ծառայության առաջին քայլերն ու մարտահրավերները: Ծառայության մեկամյա գործունեության արդյունքներին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով օրերս կրկին հանդիպեցինք «Թեժ գծի» անձնակազմին:
-Այս տարվա հունվարի 11-ին ամփոփեցինք «Թեժ գծի» գործունեության 2017 թ. արդյունքները,- ասում է գնդապետ Ա. Ավետիսյանը,- անցած տարվա ընթացքում ընդունել ենք շուրջ 35 000 հեռախոսազանգ: Նախագիծը փորձնական էր, և շատ մարտահրավերների դեռ ծանոթ չէինք: Արդեն ճշգրտել ենք մեր հիմնական մոտեցումները, սակայն դեռ բարեփոխումներ իրականացնում ենք: Արդեն վստահաբար կարելի է ասել, որ «Թեժ գիծը» դարձել է հասարակության հետ պաշտպանության նախարարության կապի կայուն ու վստահելի միջոց:
Նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատական վերլուծության արդյունքում նկատված հիմնական միտումը, ըստ պարոն Ավետիսյանի, «Թեժ գծի» սկզբնական շրջանի համեմատ՝ հեռախոսազանգերի թվի նվազումն է:
-Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ «Թեժ գծի» գործարկման սկզբնական շրջանում մեզ զանգահարում էին ամենաբազմազան խնդիրներով: «Թեժ գիծ» ասելով` մարդիկ երբեմն հասկանում էին իրենց հուզող ցանկացած, երբեմն՝ պաշտպանության նախարարության իրավասություններից դուրս հարցերի անմիջական և արագ լուծման միջոց: Դիմում էին օրենքի դաշտում խնդիրներ ունեցող անձինք, ազատազրկման մեջ գտնվողներ, որ դժգոհ էին դատարանի կայացրած որոշումներից:
Ժամանակի ընթացքում գծագրվեցին «Թեժ գծի» գործունեության սահմանները, աշխատանքի մեթոդաբանությունը, և մարդիկ սկսեցին ճիշտ գնահատել մեր աշխատանքի բնույթը: Այժմ արդեն մեզ առաջադրվող խնդիրները հիմնականում հստակ ձևակերպված, իրատեսական և լուծելի են: Հաճախ մտահոգություն, բողոք կամ կառուցողական առաջարկություններ են պարունակում:
-Այժմ հնարավո՞ր է հստակ գծագրել «Թեժ գծի» իրավասության շրջանակը՝ ըստ ուղղությունների:
-Բազմաթիվ ու բազմազան հարցեր կան, որոնք եթե բաժանենք ըստ ուղղությունների, յուրաքանչյուր վարչության վերաբերյալ խնդիրների որոշակի խումբ կգծագրվի: Անդրադառնամ դրանցից մի քանիսին: Տասնյակ դեպքեր են եղել, երբ մեզ զանգահարել են՝ տեղեկություններ հայտնելու կոռուպցիայի, վատնումների կամ գողության փաստերի առթիվ: Նման դեպքերի համար ունենք հստակ ընթացակարգ` ստացված տեղեկությունը ուղարկում ենք ՊՆ համապատասխան իրավասու մարմիններին` ռազմական ոստիկանությանը կամ վերահսկիչ վարչությանը: Հարկ եղած դեպքում, պահում ենք նաև գաղտնիությունը, որպեսզի մինչև բացահայտումը տեղեկության արտահոսք չլինի: Նաև փորձում ենք տեղերում վերահսկել գործի ընթացքը: Այս կերպ մի շարք բացահայտումներ են արվել:
Կարևոր ուղղություններից է զորակոչը, որի շրջանում շատ են լինում բողոքները ԿՌԲՀ որոշումների վերաբերյալ: Կարծում եմ, որ մենք այս կետում կարևոր անելիքներ ունենք:
Զանգերի զգալի մասը բաժին է ընկնում սոցիալական հարցերին` թոշակավորման հաշվարկման, բնակհաշվառման, բնակվարձի փոխհատուցման, աշխատավարձի, լրավճարի վերաբերյալ և այլն:
Կարևորում ենք հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Այցելում ենք զորամասեր, բացատրական աշխատանքներ անցկացնում, դեպքեր ենք ներկայացնում, երբ մի զանգով հնարավոր է եղել կանխել սպանությունը կամ ինքնասպանությունը: Սակայն, ցավոք, միջանձնային խնդիրներով մեզ դեռևս չեն դիմում զինվորները: Ժամկետային զինծառայողների շրջանում «Թեժ գծի» հանդեպ դեռ չի ձևավորվել ցանկալի վստահությունը: Եղել են դեպքեր, երբ զանգահարել են զինվորների ծնողները, հատկապես մայրերը՝ առանց զինվորին տեղեկացնելու: Նրանք որոշակի անհանգստություն, մտահոգություն հայտնելով՝ նպաստել են բացահայտումներին, և մենք շատ շնորհակալ ենք նրանց:
-Սովորաբար որքանո՞վ օբյեկտիվ, հիմնավորված են լինում դիմում-բողոքները:
-Օբյեկտիվությունն ստուգելը դժվար է լինում հատկապես այն դեպքերում, երբ խնդիրը կապված է անձի սուբյեկտիվ զգացողությունների հետ: Օրինակ` եթե զինվորը բողոքում է ցավերից, դրա պատճառների օբյեկտիվ պատկերը ստանալ հնարավոր է համապատասխան բուժզննումից հետո միայն: Եղել են դեպքեր, երբ անձը մեր միջնորդությամբ ուղարկվել է կրկնակի բուժզննության, և եթե ապացուցվել է խնդրի առկայությունը, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զորացրվել է զինված ուժերից:
Մեզ հաճախակի դիմում են նաև անհիմն տույժերի և նկատողությունների խնդրով: Միջնորդում ենք, որ ծառայողական քննություն անցկացվի, և բողոքի արդարացիությունը հաստատվելու դեպքում` տույժը չեղարկվում է:
Ստույգ դեպքերի մասին ավելի հանգամանալից Ձեզ կպատմեն մեր օպերատորները:
«Թեժ գծի» օպերատորների սենյակում, ինչպես միշտ, աշխատանքային եռուզեռ է: Հերթով մոտենում եմ օպերատորներին՝ հարցուփորձ անելու, իսկ այդ ընթացքում հեռախոսների մոտ նրանց փոխարինում են մյուսները: Առաջին հայացքից իսկ պարզ է՝ աշխատանքն ուշադրության անընդհատ լարում և մեծ սրտացավություն է պահանջում անձնակազմից:
ՄԻԲԿ-ի գլխավոր մասնագետ Սյուզաննա Սողոմոնյանին խնդրեցի ներկայացնել զանգերի հիման վրա գործերի վարման ընթացակարգը:
-Նախ՝ ըստ խնդիրների բովանդակության վերլուծում ենք շաբաթվա զանգերը, խմբավորում ենք: Կազմելով խնդիրների մանրամասն նկարագրությունը՝ ուղարկում ենք համապատասխան վարչություններին: Շաբաթվա կտրվածքով հավաքված գործերի քննարկումներն իրականացվում են մեր կենտրոնի պետի, իսկ ամսվա կտրվածքով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հանձնարարականներ են տրվում՝ ըստ վարչությունների, և մեկ շաբաթվա ընթացքում նրանք մեզ ուղարկում են էլեկտրոնային պատասխանները: Տվյալների պահոցում դրանք տեղադրում ենք որպես կատարողականներ: Եթե երկարաժամկետ վարում ենթադրող գործ է, մեզ փուլ առ փուլ ուղարկում են կատարողականները, և մենք ամրագրում և վերահսկում ենք ժամկետները: Անհրաժեշտության դեպքում, փորձում ենք հնարավորինս արագացնել գործընթացը:
-Ի՞նչ նման դեպք կհիշեք:
-Վերջերս ժամկետային զինծառայողի մայրը զանգահարեց և ասաց, որ որդին ողնաշարի բնածին ստենոզ ունի: Խնդիրը ներառեցինք տեղեկանքի մեջ, քննարկում անցկացրինք: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունից մեզ պատասխանեցին, որ հարցումն ուղարկել են զորամաս: Մայրը հաճախակի զանգահարում էր: Արագ կազմակերպվեց զինվորի տեղափոխումը Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Խնդիրը իրոք առկա էր. նրան ժամկետից շուտ զորացրեցին:
-Ծնողի զանգից հետո այս ամբողջ գործընթացը որքա՞ն տևեց:
-Դիմումատուի զանգից մինչև զորացրումը` մոտ մեկ ամիս: Եղել են նաև դեպքեր, երբ օրենքի դրույթների միջև որոշակի հակասություններ են բացահայտվել, և հնարավոր է եղել, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ներգրավմամբ, ճշգրտումներ մտցնել` ի նպաստ շահառուների:
-Հիմնականում ի՞նչ բնույթի հարցերով են զանգահարում,- դիմում եմ օպերատորներից մյուսին՝ Լուսինե Անտոնյանին:
-Հեռախոսազանգերը ամենատարբեր հարցերի կարող են վերաբերել: Անհետաձգելի դեպքեր են լինում, երբ հարկ է լինում շրջանցել թղթաբանությունը: Եթե, ասենք, շտապ բժշկական հետազոտության կարիք է զգացվում, կապվում ենք զորամասի բուժծառայության պետի հետ և խնդրում, որ անմիջապես՝ մինչև գրությունը տեղ հասնելը, կազմակերպվի հետազոտությունը:
Երբ նույնիսկ զանգահարում են բոլորովին մեզ չվերաբերող հարցերով, փորձում ենք օգտակար լինել. ուղղորդում ենք կա՛մ համապատասխան նախարարություն, կա՛մ հեռախոսահամարներ ենք տրամադրում: Կարելի է ասել, որ արդեն կայուն վստահություն է ձևավորվել ծառայության հանդեպ:
-Կա՞ն դեպքեր, որոնք հատկապես տպավորվել են:
-Մի դեպք ինձ համար գրեթե անձնական խնդիր էր դարձել: Առաջին կարգի զինհաշմանդամ մի կին մայիս ամսին հերթագրվել էր գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության համար, սակայն նրա հերթը հասնելու էր միայն նոյեմբերին: Հիվանդի ինքնազգացողությունն օրեցօր վատթարանում էր: Երբ նորից ծայրահեղ վատ վիճակում զանգեց «Թեժ գծի» մեր համարին, այնքան էինք հուզվել, որ աշխատակիցներով որոշեցինք հոգալ նրա հետազոտման գումարը: «Թեժ գիծը» որոշեց ուղիղ կապով առողջապահության նախարարությունից խնդրել՝ արտահերթ հետազոտություն անցկացնել: Շուտով դա իրականացավ: Երևի այդ պահին մենք ավելի ուրախ էինք, քան հիվանդը: Հետագայում այդ կինը մեզ հետ կապվեց մի այլ խնդրանքով. հետաքրքրվում էր Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ընդունելության պայմաններով ու ընթացակարգով, քանի որ որդին ցանկանում էր ապագան կապել զինվորական ծառայության հետ: Խոստացել ենք, որ երբ ժամանակը գա, կզանգենք, կհուշենք վարժարան դիմելու անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:
Հովհաննիսյան Արուսյակն իր հերթին հենց նույն օրվա դեպքը պատմեց.
-Մեզ զանգահարել էին ժամկետային զինծառայողի ծնողները. մահացել էր զինծառայողի տատիկը: Մինչև պաշտոնական գրությունը զորամաս հասնի, ուշ կլինի. հուղարկավորությունը տեղի է ունենալու հենց վաղը: Կապվեցինք զորամասի հետ, խնդրեցինք, որ զինծառայողին տուն ուղարկեն մինչև գրությունը զորամաս հասնելը:
Անդադար հեռախոսազանգերով ուղեկցվող զրույցի վերջում «Թեժ գծի» աշխատակցուհիները մեկ անգամ ևս հաստատեցին. ծառայությանն ուղղված դիմումների թվի նվազմանը զուգահեռ` անցած մեկ տարվա ընթացքում ձևավորվել և ամրապնդվել է վստահությունը «Թեժ գծի» ծառայության հանդեպ: Այդ են վկայում շնորհակալական զանգերի առատությունն ու ծառայությունից օգտվող «մշտական դիմորդների» թվի շարունակական աճը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Ազգային բանակ