ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԿՐԱՊԱ՛Հ
Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։ Թուրքը՝ մեր ոխակալ պապենական թշնամին, ինչո՞ւ պիտի չփորձեր տորթի մի նոր պատառ պոկել դրկից հայերից, ինչո՞ւ պիտի բաց թողներ այդքան պատեհ պահը։ Ձեռագիրը նույնն էր։ Հենց սկզբից՝ ուժեղ հարված, հոգեբանական շեշտակի գրոհ՝ մեր աչքը վախեցնելու, 20-րդ դարասկզբի գիշատիչ, ահարկու թուրքի կերպարը հիշեցնելու, մեր արյան մեջ ննջող սարսափը արթնացնելու համար։ Ու ոթեց սումգայիթյան ոճիրը։ Անզեն, խաղաղ մարդկանց մորթելու համար մի առանձնակի քաջություն պետք չէ, մանավանդ՝ եթե նրանք թվաքանակով հազարապատիկ քիչ են։ Այդ դեպքում՝ բավական է միայն թուրք լինել, ու սեփական բնազդին ականջալուր՝ հարձակվել ոհմակով ու հոշոտել։ Այդպես էլ եղավ։ Ամեն ինչ հաշվարկված էր մանրակրկիտ։ Հայաստանը լցվեց Ադրբեջանից բռնագաղթվածների խմբերով, որոնք սարսափահար պատմում էին ադրբեջանցիների անօրինակ վայրագությունների մասին։
Բայց այս անգամ ցավը վախ չդարձավ, վիշտը սարսափ չծնեց, կորուստը չընկճեց մեզ, ծնկի չբերեց, այլ կոչեց արդար վրեժի, դարձավ քաջություն, ուժ, ինքնանվիրում ու հերոսացում։
Ես համոզված էի, որ հաղթելու ենք՝ այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու Արցախի հողերը։ «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ էիք համոզված, ի՞նչ երաշխիքներ կային հաղթելու համար»։ Պատասխան չկա։ Որովհետեւ ոչ մի երաշխիք էլ չկար՝ թերեւս հողը պահելու մեծ ցանկությունից, Արցախի ազատագրության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամությունից եւ վրեժի, ցավի, սիրո ու տղամարդկային խոցված արժանապատվության միահյուսումից ծնված անկասելի ուժից բացի։
Մենք պահեցինք երկիրը, որովհետեւ ազգովի երկրապահ դարձանք։ Չդարձանք, հենց այդպիսին էլ կայինք՝ երկրապահ։ Երկիր պահելու պատվախնդրությունն ու մեծ բարոյական ուժը մեր սրտի մեջ էին, մեր արյան, մեր գենի մեջ։ Արցախի համար միայն արցախցին չկռվեց։ Արցախը դարձավ արտաշատցու, լոռեցու, երեւանցու, վանաձորցու, սեւանցու երկիրը:
Մոնթեն ասում էր՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Ոչ առաջին ազգն ենք, ոչ էլ վերջինը կլինենք։ Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ ընդհանրապես պատմություն ու հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։ Մենք դասեր քաղեցինք սեփական պատմությունից։ Մենք դասեր քաղեցինք մեր անհատնում կորուստներից, մեր պարտություններից։ Մեր խորհրդատուն մեր ցավն էր, մեր կարոտը, մեր չհատուցած պարտքերը։ Մենք պահեցինք երկիրը։ Արցախը չդարձավ մի նոր Էրգիր մեր պարտությունների տխուր, անբովանդակ սրբարանում։ Արցախը հաղթանակի խորհրդանիշ դարձավ։ Ուսյալ ռազմագետները կփորձեն հասկանալ։ Ու չեն հասկանա։ Դրվագ առ դրվագ կվերծանեն մեր հերոսական ճակատամարտի ամեն մի վայրկյանը ու չեն հասկանա, թե ինչպես կարելի է ապրել, երբ ապրելու հավանականությունը չկա, ինչպես կարելի է հաղթել, երբ հաղթելու ոչ մի երաշխիք չունես։ Ու արդարացում կփնտրեն։ Այս անգամ թուրքերը։ Քավության նոխազներ կգտնեն իրենց մեջ ու իրենցից դուրս։ Ու կհասկանան, որ Արցախյան պարտությունը իրենց համար սոսկ կորցրած տարածք չէր։ Շատ ավելին էր, քան «օկուպացված 20 տոկոսը», որովհետեւ, ըստ էության, «օկուպացվեց» ահարկու ու մշտահաղթ թուրքի սին ու փուչ առասպելը։ Թուրքը հասկացավ իր հաղթանակի ֆենոմենը՝ անզեն, անպաշտպան մարդկանց դեմ, ոհմակով ու վայրագաբար։ Թուրքը հասկացավ, որ ինքը ժառանգական, ցեղային վախկոտություն ունի ուժից, որ ինքը ավարառու է, ոչ թե ռազմիկ, թալանչի է, ոչ թե պատերազմող, հոշոտող է, ոչ թե կռվող։ Ո՞վ հակառակը կհամոզի նրան, ինչպե՞ս։ Ո՞վ կբացատրի թուրքական բարձրացող սերնդին, թե ինչո՞ւ պարտվեցին իրենց հայրերը, երբ թվաքանակով, զինտեխնիկայով, տնտեսական վիճակով եւ մեկնարկային բոլոր հնարավորություններով բազմապատիկ առավելություն ունեին հայերից։ Որտեղի՞ց կգտնեն սեփական բանակի ոգին զինելու ակունք, ի՞նչ գումարով կգնեն փառքի ու հերոսության առասպելներ։
Եկավ մեր հաղթանակների հերթական մայիսը՝ օրինաչափ, ճիշտ ժամանակին, սպասված, որ օղակ-օղակ հավաքում է մեր մասնատ պատմությունը հաղթանակների ոսկեկուռ թելին՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի ու ազատագրված Արցախ։ Ավարայրը սկիզբ չէր։ Ավարայրը մայիս էր սառնաշունչ ու կորստաբեր ձմեռվանից հետո, որ խանդավառեց մեր սառած արյունն ու ռազմի դաշտ նետեց։ Այդ մայիսը ծաղկաբույր ու արեւաշատ չէր, բայց մայիս էր, մերն էր, քանի որ մենք բարեկիրթ խոնարհությամբ՝ որպես ստրուկ, որպես խամաճիկ չբռնադատվեցինք հպատակի պես։ Մենք սուր ճոճեցինք ու ընկանք։ Ընկանք հպարտ, պատվախնդիր։ Մայր հողն իր գիրկն առավ ոչ թե վախկոտ-մորթվածի, այլ ըմբոստ-զոհվածի հերոսական սիրտը ու ալ կակաչներով ծածկեց իրեն, սգասիրտ ու բոսոր, կորստաշատ ու հաղթական։ Հողը ներծծեց Վարդանանց ոգին, Ավարայրի մոխիրներից բարձրացավ, հառնեց փյունիկ թռչունն ու իր կենսահաստատ թռիչքով սավառնեց Հայաստանի վրա։ Ու ավետեց գալիք մայիսների հույսը։ Արցախը սկիզբ չէր։ Ակունքը դարերի խորքում էր, անպեղելի ու բազմախորհուրդ։ Ո՞վ կնժարի իր մեջ դարեր ամբարած ուժը, ո՞վ կքննի նրա խորհուրդը, որ աշխարհասփյուռ իր զավակներին դարձրեց մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ բռունցք։ Որտեղի՞ց այսքան զորավար զորք չունեցող այս փոքրիկ ազգին։ Դարեր շարունակ մեր չկայացած զորավարների ոգի՞ն էր հառնել այս անբեղ, անմորուս տղաների սրտում ու մղում էր հերոսության։ Նրանց չմարած պարտքե՞րն էին տալիս այդքան շռայլ ու պարտաճանաչ։ Որտեղի՞ց այսքան երկրապահ այս փոքրիկ երկրին, ծովից ծով Հայաստանի կարոտն էր ծնել նրանց, Տիգրան Մեծի հայրենիքի բաղձալի տեսիլքը։ Կռվում էին մեկը երեքի, տասի, հարյուրի դեմ։ Առասպել չէր, լեգենդ չէր, պատմություն էր՝ կենդանի, իրական։ Հայրենի հողը ուժ էր տալիս, հայրենի լեռներն օգնում էին, հայրենի ջրերը սպեղանի էին դառնում, հայրենի օդը կենդանություն էր տալիս։ Մեկը կասի՝ հաղթեց մեր ոգին, մյուսը կասի՝ ռազմական տաղանդը, երրորդը առաջնություն կտա մեր բազկի ուժին։ Ու Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի, Անդրանիկի, Բաղրամյանի կողքին մեր հերոսական պատմությունը կգրի նոր անուններ՝ Վազգեն Սպարապետ, Մոնթե, Չաուշ… Ու մայիսը կսրբացնի իրեն նոր հաղթանակներով։ Ավարայրին, Սարդարապատին կմիանա մեր սերնդի հպարտությունը՝ Շուշին։ Մեր հաղթանակը՝ մայիսյան զինադադարով, որ վավերացրեց արցախյան պատերազմում հայերի աներկբա գերազանցությունը։ Հավաստեց, որ մեծ Հայաստանի քարտեզը մեր հոգում փայփայելուց բացի, մենք կարող ենք սահմաններ գծել արյամբ։ Ու ստրուկ բառից ավելի ենք ամաչում, քան ագրեսորից։ Արցախը սկիզբ չէ։ Արցախը շարունակություն է։ Արցախը ճանապարհ է դեպի հայրենիք։ Դեպի դրախտավայր Հայաստան։ Արցախը նոր մայիսների ոգեկոչում է ու նոր հաղթանակների խոստում։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում