ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Մայր հայրենիքին է կանչում» պաստառը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծված խորհրդային ռազմական քարոզչության ամենահայտնի գործերից է եւ ժամանակին այնքան հզոր ու ներգործուն ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա, այնքան ոգեշնչել ճակատայիններին, որ անձամբ Հիտլերը խոստովանել է, որ որոշել է Մոսկվան վերցնելուց հետո կախել հեղինակին:
Հանրահայտ այս պաստառի հեղինակը վրացի նկարիչ Իրակլի Թոիձեն (1902-1985) է, իսկ նկարում պատկերված է նրա կինը, նրա մշտական մուսան՝ Թամարա Թեոդորովնան:
Աշխարհում շատ հանճարեղ նկարիչներ են իրենց կնոջ, սիրելիի նկարը պատկերել, բայց ոչ մեկը թերեւս այսքան հարազատորեն ու ջերմորեն չի ընկալվել եւ ընդունվել:
Պատերազմի տարիներին «Մայր հայրենիքի» պաստառը փակցված էր ամենուր, մարտիկները նկարի փոքր տարբերակները երկյուղածորեն պահում էին իրենց ծոցագրպաններում, հարազատների լուսանկարների հետ:
Նկարի ստեղծման մասին պատմում է նկարչի որդին՝ Ալեքսանդր Թոիձեն.
«Հայրս աստվածատուր նկարիչ էր, ավարտել էր Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան և աշխատում էր մոսկովյան ամսագրերից մեկում՝ որպես պլակատիստ և պատկերազարդող: Մայրս՝ Թամարան, նույնպես նկարիչ էր եւ հորս հաճախ էր խորհուրդներ տալիս: Մայրս կատարյալ գեղեցկուհի էր, նրա երակներում գերմանական, իսպանական, լեհական և հրեական արյուն էր հոսում: Նա իր փառահեղ գեղեցկությամբ մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում էր, ու հայրս պաշտում ու նաեւ սարսափելի խանդում էր նրան: Ծնողներիս ճակատագիրը փոխվեց 1941թ. հունիսի 22-ին:
Մայրս պատմում էր, որ լսելով ֆաշիստների հարձակման մասին Սովետինֆորմբյուրոյի հաղորդագրությունը, խելահեղ արագությամբ, տագնապած վազել է հորս արվեստանոց, աղմուկով բացել դուռն ու սարսափահար ու հուսահատ ճչացել. «Պատերազմ է…»:
Երեւի նրա դեմքն այնքան արտահայտիչ է եղել, այնքան ալեկոծ, եւ հայրս այնպես է տպավորվել, որ հրամայել է. «Չշարժվե՛ս, կանգնի՛ր այդպես», ու ակնթարթորեն պատկերել է մորս փոթորկոտ եւ ազդու հայացքը:
Հինգ օր անց մորս պատկերով պաստառներն արդեն տպարանում էին, առաջին տպաքանակը անցավ մեկ միլիոնը…Հետո այն թարգմանվեց տարբեր լեզուներով եւ տարածվեց ամբողջ երկրում: Նկարում մայրս կարմիր հագուստով է, կարմիրը հաղթանակի գույնն է»:
♦♦♦
Նկարչի կինը թխահեր գեղեցկուհի է եղել, այդ ժամանակ ընդամենը 37 տարեկան, սակայն Իրակլի Թոիձեն միտումնավոր նրա դիմագծերը «հասարակացրել է», ծերացրել կերպարանքը, որ ավելի ընդունելի եւ ընդհանրական լինի, որ ամեն մեկը նկարը դիտելիս զգա, որ հարազատ մոր պատկերն է ՝ զավակների համար անհանգիստ ու մտահոգ, բայց միաժամանակ՝ որդիներին սրբազան հայրենիքի պաշտպանությանը կոչ անող և որդիների վերադարձին անհամբեր-անհամբեր սպասող…Հավաքական մոր կերպար…
Պատերազմից հետո շատ զինվորներ են խոստովանել, որ նկարում պատկերված կինն իրենց մորն է հիշեցրել, հարազատ օջախի ջերմություն ու կարոտ արթնացրել, ու նրանք անսահմանորեն ոգեւորված-ոգեշնչված են նետվել մարտի՝ հանուն Մայր հայրենիքի… Ավելին՝ շատերն էլ համոզված պնդում էին, որ նկարում հենց իրենց մայրն է պատկերված… Վետերան Ցիզիբովը վստահեցնում էր, որ «Մայր հայրենիքի» նախատիպը հենց իր մայրն է՝ Աննա Ցիզիբովը: Վերջինս որդուն պատմել էր, որ հացի հերթում իրեն նկարիչն է նկատել և հրավիրել արվեստանոց: Բազմաթիվ կանայք էլ ջանում էին ապացուցել, որ հենց իրենք են պատկերված նկարում …
Մինչ օրս էլ տարբեր վարկածներ, տարբեր կարծիքներ են հնչում: Չվիճարկելով ոչ մի վարկած, պարզապես կարելի է եզրահանգել. արվեստի ստեղծագործության մեծությունը նրանում է, որ ամեն մեկը ինչ-որ հարազատ նշույլ է տեսնում, հարազատ թրթիռ զգում, ապրում…
«Մայր հայրենիքի» կրկնօրինակները տարբեր թանգարաններում կհանդիպեք, իսկ բնօրինակը պահպանվում է Տրետյակովյան պատկերասրահում:
Հետագայում հայրենաշունչ նմանատիպ այլ պաստառներ եւս նկարեց Իրակլի Թոիձեն: (Դրանցից մեկում էլ պատկերված է ոչ միայն կինը, այլ նաև որդին՝ Սանդրոն), բայց ամենաճանաչվածը համարվում է «Մայր հայրենիքն է կանչումը»:
Պատ՝. ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Պատմության էջերից