Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆՈՒ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ



ՀՐԵՏԱՆՈՒ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸԳնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային դիվիզիոնը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել զորամիավորման կազմում և պարգևատրվել է փոխանցիկ դրոշով: Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Տ. Հակոբյանը նշեց, որ անձնակազմը զորամիավորումում լավագույնի կոչումը կրելու պատիվը վաստակել է բարձր կարգապահության, մասնագիտական գերազանց պատրաստվածության և տեխնիկային տիրապետելու ունակությունները լավագույնս դրսևորելու շնորհիվ:

Ստորաբաժանման մարտական պատրաստության գործընթացը մշտապես հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում է: Առաջնագծում իրադրության զարգացմանը զուգահեռ նորանոր ուսումնական խնդիրներ են առաջադրվում հավանական մարտական իրավիճակներում հրետանային հաշվարկների վարպետությունը կատարելագործելու նպատակով: Դիվիզիոնը ուսումնական ծրագրին համապատասխան մասնակցել է ճամբարային հավաքների, որոնց ընթացքում զինծառայողները դաշտային պայմաններում մարտական տեխնիկան կիրառելու անգնահատելի փորձ են ձեռք բերել: Նմանատիպ ճամբարային հավաքներից մեկի ժամանակ էլ դիվիզիոնը մարտավարական զորավարժություն է անցկացրել «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում: Մարտկոցները մարտական հրաձգություն են կատարել, որի արդյունքում էլ ստորաբաժանումը «լավ» գնահատական է ստացել: Ինչպես նշում է փոխգնդապետ Հակոբյանը` յուրաքանչյուր այդպիսի միջոցառում նպաստում է առավել մարտունակ ու պատրաստված զինվոր ունենալուն:

ՀՐԵՏԱՆՈՒ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸԵրկրորդ տարին անընդմեջ զորամիավորումում լավագույնն է նաև դիվիզիոնի Դ-30 մարտկոցը, որի հրամանատարն է կապիտան Ս. Բալյանը: Խոստումնալից սպան, իր մասնագիտական գերազանց պատրաստվածության, նվիրված ծառայության շնորհիվ վայելում է և՛ հրամանատարների, և՛ զինվորների հարգանքն ու անվերապահ վստահությունը: Ընդհանուր դիվիզիոնի և մարտկոցի հաջողությունը կապիտանը օրինաչափ է համարում, նշելով, որ լավագույնը ճանաչվելու փաստն արդեն իսկ վկայում է ստորաբաժանման հետ տարվող լուրջ, նպատակային աշխատանքների մասին: Այն ամեն մի զինծառայողի՝ զինվոր թե սպա, անհատական ու թիմային աշխատանքի, ինքնաուսուցման արդյունք է:

Մեր այցելության ժամանակ մարտկոցի անձնակազմը հավաքակայանում տեխնիկայի ու սպառազինության սեզոնային սպասարկման աշխատանքներ էր իրականացնում: Մարտկոցի հրամանատարը պարզաբանում էր հրանոթի փակաղակի մեխանիզմների մաքրման, լվացման, սպասարկման կարգը՝ ընդգծելով, որ հրետանավորի գործում մանրուքներ չկան, հզոր ռազմական տեխնիկան էլ մշտական խնամքի ու սպասարկման կարիք ունի:

ՀՐԵՏԱՆՈՒ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ-Դ-30-ը ոչ պաշտոնապես համարվում է հրետանու «դիպուկահարը»,- նշեց կապիտան Բալյանը: -Միգուցե ավելի հզոր հրետանային միջոցներ կան, բայց այս հրանոթի ճշգրտությունը չափազանց բարձր է: Ուրեմն, նաև համապատասխան անձնակազմ պետք է պատրաստենք: Վերջին շրջանը հագեցած էր նորակոչիկների հետ մասնագիտական պարապմունքներով, նոր դիպուկահարների ենք պատրաստում: Նրանց համար օրինակ է մեր լավագույն հրետանային հաշվարկներից մեկը՝ կրտսեր սերժանտ Էրիկ Աբրահամյան, շարքայիններ Գարեգին Մակարյան, Շահեն Բաբաջանյան, Սմբատ Մանուկյան: Տղաները իրենց փորձը փոխանցում են կրտսեր ընկերներին, նաև շարունակում ամրապնդել ու կատարելագործել սեփական գիտելիքները:

Իմ անձնակազմի հետ ես լուրջ մարտական խնդիրներ կարող եմ կատարել:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Ազգային բանակ


10/05/2018