ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց ենթակա զորամասերից մեկի բազայի վրա գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Ռազմերթի իրականացում ԴՀԽ-ի ներգործության ներքո և անցումը պաշտպանության նշված շրջանում: Պաշտպանողական մարտի վարումը, մխրճված հակառակորդի կանգնեցումը, մոտեցող պահեստուժի հետ հակագրոհի անցկացումը և առաջնագծի վերականգնումը» թեմայով:
Կրակային փուլին մասնակցում էին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների հրամանատարները և տեղակալները:
Մինչ պլանային գործողությունների սկիզբը, զորավարժության մասնակից սպաները ունկնդրեցին բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Պողոսյանին, որը բացազատված ցուցադրական կետում մանրամասն պարզաբանեց զորավարժության նպատակն ու խնդիրները:
Համաձայն զորավարժության պլանի` «Գումարտակը և ուժեղացված ուժերը բերվում են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, կատարում ռազմերթ դեպի պաշտպանության շրջան, ռազմերթի ընթացքում ոչնչացվում է հակառակորդի ԴՀԽ-ը, բարեհաջող զբաղեցնում նախորոշված շրջանը և նախապատրաստվում պաշտպանության: Պաշտպանողական մարտի պլանավորման և կազմակերպման ընթացքում իրականացվում են ինժեներական աշխատանքներ, քողարկվում է ՍՌՏ-ն, նպատակային ներգործական աշխատանք է տարվում անձնակազմի բարոյակամային հատկանիշների ամրապնդման ուղղությամբ: Զորավարժության ղեկավարությունը վերահսկում է անձնակազմի մարտական ծառայության կրման ընթացքը, ստորաբաժանումների հրամանատարների աշխատանքը տեղանքում, նրանց կողմից ճիշտ որոշումների ընդունման և իրագործման ընթացքը և այլն:
Համաձայն պլանի` ստորաբաժանումները իրականացնում են պաշտպանողական մարտի վարում, կանգնեցվում է հակառակորդը, ապա անցկացվում է հակագրոհ մարտական հրաձգությամբ՝ ոչնչացնելով հակառակորդին և հաջողությամբ վերականգնելով առաջնագիծը»:
Վերլուծելով և ամփոփելով արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, զորավարժության ղեկավար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը սպայական կազմին մանրամասն ներկայացրեց զորավարժության ընթացքը, գոհունակություն հայտնեց ռազմերթը անվտանգ իրականացնելու համար, ինչպես նաև հայտնեց իր նկատառումները՝ որոշ ուղղություններում տեղ գտած բացթողումների վերաբերյալ և տվեց հստակ ցուցումներ՝ թերությունները շտկելու և հետևություններ անելու:
Այնուհետև հրամանատարը զորավարժության մասնակից անձնակազմին շնորհակալություն հայտնեց՝ այն կազմակերպված և անվտանգ անցկացնելու համար: Ապա հրահանգեց աչքի ընկած զինծառայողներին ներկայացնել խրախուսման:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Ազգային բանակ