Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌԱՏՈՆԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ



ԵՌԱՏՈՆԸ ԲԵՐՁՈՐՈՒՄՄայիսյան այս հաղթանակների առթիվ տոնական միջոցառում կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, բնակավայրերում: Առավոտյան մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը: Այստեղ էին բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր: Հրապարակի հարևանությամբ գտնվող բլրակի վրա է Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիրը, որտեղ 3 խոնարհված պատերի վրա քանդակված են 300-ից ավելի այն քաջորդիների անունները, ովքեր ընկան Քաշաթաղի ազատագրման համար: Նույն հուշահամալիրում են 10-ից ավելի կոթողներ, խաչքարեր, որոնք նվիրված են Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման համար զոհվածներին, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և այլն: Ներկաները՝ շրջվարչակազմի, քաղաքում գործող այլ և ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում: Այնուհետև եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում, Արցախյան ազատամարտում և հետագայում անմահացած հերոսների: Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգերով, ասմունքով, երկրի տերը լինելու հավաստաիացումով, ողջունեցին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սաները: Իր շնորհավորական խոսքում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը կարևորեց Մայիսյան Եռատոնի դերը մեր ժողովրդի կյանքում՝ նշելով՝ Քաշաթաղի շրջանը, կազմավորման օրից, դարձել է այդ հաղթանակների կրողը և շենացնելով բազում քաջերի արյամբ ազատագրված ու սրբացած Հող-հայրենին, քաշաթաղցիներն անմասն չեն մնում նաև հայրենի երկրի պաշտպանության գործում:

ԵՌԱՏՈՆԸ ԲԵՐՁՈՐՈՒՄՀանդիսավոր մասի ընթացքում եղավ նաև պարգևատրման արարողություն: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանով 8 քաշաթաղցիներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահի հրամանով Եգոր Ասլանյանը պարգևատրվել «Հայրենյաց պաշտպան» մեդալով, իսկ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով «Հայրենասեր» ՀԿ համանախագահ Ստեփան Սարգսյանը և Արմո Ղահրամանյանը պարգևատրվել են «ԵԿՄ հուշամեդալով»: Պարգևները հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Իսկ միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով: Ներկաների համար ելույթ ունեցավ Բերձորի ժողգործիքների համույթը:

Զոհրաբ Ըռքոյան

♦♦♦

ԵՌԱՏՈՆԸ ԲԵՐՁՈՐՈՒՄՄայիսի 8-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում կայացավ արիության դաս՝ նվիրված Մայիսյան Եռատոնին: Դասը վարեցին Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը և ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Զոհրաբ Ըռքոյանը: Արիության դասից հետո, ՀՀ ԵԿՄ օրվա առթիվ, դպրոցի Հրանտ Դինքի անվան 11-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Բերձորի Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սպարապետի հուշակոթողի և Շուշիի ազատագրման մասնակից նահատակ-հերոսների խաչքարին: Աշակերտները երդվեցին՝ տերը մնալ հերոսների արյամբ ազատագրված Հող-հայրենիին և սիրել իրենց հայրենիքը, ինչպես Սպարապետն ու նրա զինակիցները:

Գայանե Ըռքոյան, դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Բանակ և հասարակություն


11/05/2018