ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՌԱԶՄԱԴՐՈՇԸ
Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: