ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:
ՊԱՀՀ պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչների վերաբերյալ: Հ. Քոթանջյանը նշել է, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ:
Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը ներկայացրել է Համալսարանի կրթական գործունեությունը: Պետի գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը ներկայացրել է անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում: ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը հանդես է եկել տարածաշրջանում քրդական գործոնի դերակատարության վերլուծությամբ: Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանն էլ ներկայացրել է կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերը:
Զեկուցումներից հետո հյուրերը ՊԱՀՀ մասնագետներին հարցեր են ուղղել ՀՀ վարած արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ՀՀ–Իրան հարաբերությունների, Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունների, ինչպես նաև վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հյուրերը կարևորել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ծավալվող հակամարտության պայմաններում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի՝ որպես Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունների միջև գիտափորձագիտական ձևաչափով ռազմավարական երկխոսության հարթակի, դերը:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ