ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
1917 թ. փետրվարյան հեղափոխությունը արմատական փոփոխություններ կատարեց Ռուսաստանում: Կազմվեց Ժամանակավոր կառավարություն, որը քայլեր ձեռնարկեց երկրում սահմանադրական կարգեր մտցնելու եւ իրականացնելու բազմազգ կայսրության ժողովուրդների ազգային ինքնորոշման երազանքը:
Պատերազմից տուժած եւ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը եւս ողջունեց ինքնակալության տապալումը՝ հուսալով, որ վերջնականապես արդարացի լուծում կտրվի Հայկական հարցին, եւ հնարավորություն կստեղծվի արեւմտահայության համար վերականգնելու թշնամու ավերած օջախները:
1917 թ. հունիսի 21-ի դրությամբ ռուսական զորքերի կողմից գրավված Արեւմտյան Հայաստանը բաժանվեց 29 օկրուգի: Վանի օկրուգի կոմիսար նշանակվեց հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ, շուշեցի Կոստանդին Համբարձումյանը, որը հայտնի էր «Կոստի», «Ուխտավոր» անուններով: Ժամանակակիցները նրան անվանում էին «Վանի երկրորդ Արամ», իսկ Կ. Պոլսի նախկին պատրիարք եւ պատմաբան արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանը՝ «Երկրորդ Խրիմյան»: Իր անխոնջ եւ ազգանվեր աշխատանքով Կ. Համբարձումյանը կարողացել էր վաստակել վասպուրականցիների սերն ու հարգանքը: Նա այն հազվագյուտ գործիչներից էր, որ երբեւիցե չի քննադատվել ժամանակակիցների կողմից:
Ցավոք, Ժամանակավոր կառավարության ընդունած որոշ «հեղափոխական» օրենքները բացասական ազդեցություն են ունենում հատկապես ռուսական զինված ուժերում, որի հետեւանքով սկսվում է զինծառայողների դասալքությունը ռուս-ավստրիական եւ ռուս-թուրքական ռազմաճակատներից: Դասալքությունը զանգվածային է դառնում հատկապես 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: 1917 թ. դեկտեմբերին Վանից հեռանում են վերջին ռուսական զորամասերը:
Վասպուրականի հայության համար առաջնահերթ է դառնում սեփական զինուժի կազմակերպումը: Դեռեւս 1917 թ. հոկտեմբերին Վանի ջոկատի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի առաջարկությամբ սկսվում է վանեցիների զինակոչը, որով լրացվում է Վանի 5-րդ հարվածային հրաձգային գնդի մարտակազմը: Միաժամանակ, ոչ զինակոչային տարիք ունեցող բնակչությունից կազմվում է միլիցիա՝ աշխարհազոր, որը ոչ միայն հսկում էր ներքին կարգուկանոնը, այլեւ անհրաժեշտության դեպքում պետք է զբաղեցներ պաշտպանական դիրքերի որոշ տեղամասեր:
Դասալքությունը համակել էր նաեւ Վանի 5-րդ գնդի անձնակազմին, որի հետեւանքով գնդից միայն 7 սպա եւ 68 զինվոր ցանկություն հայտնեցին մնալու ու պաշտպանելու բնակչությանը:
Նման իրավիճակում Վանի հայկական իշխանությունը՝ կոմիսարիատը, արագացնում է տեղացիներից զինուժի կազմակերպումը եւ ուսուցումը: Կազմակերպվում են չորսամսյա ենթասպաների դասընթացներ, որոնք ավարտած 30 հոգին զբաղեցնում են տարբեր հրամանատարական պաշտոններ: Այս բոլոր աշխատանքներն իրականացվում էին կոմիսարիատի զինվորական տեսուչ Գրիգոր Բուլղարացին (Գրիգոր Քյոզյան) եւ պորուչիկ Տիգրան Ժամհարյանը: Զինակոչիկներից առանձնացվում է գնդացրորդների հատուկ խումբ. նրանց սովորեցնում են ոչ միայն կրակել գնդացիրներից, այլեւ սպասարկել զենքը:
Զորակոչը հնարավորություն տվեց կազմել 2376 հոգուց բաղկացած Վասպուրականի զորամասը: Այն բաղկացած էր 9 վաշտերից, որոնցից յուրաքանչյուրում կար 200-ից 250 հոգի: Սահմանվեցին զինվորական կոչումներ, որոնք վերացրել էր Ժամանակավոր կառավարությունը՝ զինվոր, տասնապետ, հիսնապետ, հարյուրապետ եւ վաշտապետ: Զորամասը գլխավորում էր զինվորական տեսուչն իր երկու տեղակալներով: Զինծառայողները զինված էին հիմնականում ֆրանսիական «Լեբել» եւ մասամբ ռուսական «Մոսին» հրացաններով:
Վանի հայկական իշխանությունն ամբողջությամբ վերցրեց բանակի ֆինանսավորումը ու պարենով ապահովումը: Յուրաքանչյուր զինվորի օրական տրվում էր 1,75 ֆունտ (1 ֆունտը հավասար է 409,5 գրամի) հաց, 28 ֆունտ բրինձ, 50 ֆունտ միս, 1/8 ֆունտ շաքար, 1/8 ֆունտ յուղ, 1/2 օճառ (ամսական): Սահմանվեց նաեւ զինծառայողների աշխատավարձը:
Զորամասն ուներ թիկունքային ստորաբաժանում եւ բժշկական ծառայություն: Զենքը նորոգելու եւ այլ նպատակների համար կազմակերպվեց արհեստանոց, ուր ընդգրկվեցին զինագործներ, հյուսններ, երկաթագործներ, թիթեղագործներ եւ այլն:
Հայկական իշխանությունն առանձնացրեց հողամասեր, որտեղ զորամասի կարիքների համար պետք է հիմնվեին բանջարանոցներ՝ զինծառայողներին թարմ բանջարեղենով ապահովելու համար:
Պաշտպանական տեղամասերում ծառայություն իրականացնող զինվորների եւ սպաների պարենավորումը կարգավորելու եւ նրանց չծանրաբեռնելու համար թիկունքում որոշակի տարածությունների վրա հիմնվում են 18 կայաններ, որտեղ զինծառայողները կարող էին ոչ միայն սնվել, այլեւ հանգստանալ:
Վասպուրականի հայկական իշխանությունը, բացի ցամաքային զորքերից, ուներ նաեւ լճային ռազմական նավատորմ: Դա ռուսական Կովկասյան բանակից մնացած Վանի լճային նավատորմիկն էր՝ բաղկացած 10 մոտորանավակներից, որոնցից վեցը սպառազինված էին 37, 47 եւ 75 մմ տրամաչափի թնդանոթներով ու գնդացիրներով: Սակայն վառելիքի պակասի հետեւանքով հնարավոր չէր գործողության մեջ դնել բոլոր նավակները: Գործող երկու նավակները ղեկավարում էին երկու ռուս զինծառայողներ: Նշենք, որ Վանի այդ նավակները գործուն մասնակցություն ունեցան թուրք-քրդական ուժերի դեմ մղված կռիվների ժամանակ:
Հետաքրքրական հետեւյալ փաստը. փետրվարյան հեղափոխությունից հետո Պետրոգրադի ռազմական օկրուգի կայազորի շտաբի պետ, գեներալ Հակոբ Բագրատունին Բալթյան նավատորմում ծառայող միչման (հետագայում Խորհրդային Միության ծովակալ) Իվան Իսակովին առաջարկել էր գլխավորել Վանի նավատորմիկը, սակայն նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր:
Փաստենք, որ զինուժի կազմակերպման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում էին արտաքին աշխարհի հետ գրեթե առանց որեւէ կապ ունենալու: Ժամանակ առ ժամանակ հասնում էին տարաբնույթ լուրեր, որոնք հակասում էին մեկը մյուսին, ուստի հնարավոր չէր հստակ կողմնորոշվել:
1918 թ. փետրվարին օսմանյան բանակը եւ քրդական ջոկատներն անցնում են լայնածավալ հարձակման: Նրանց հաջողվում է գրավել Էրզրումը (Կարին), Սարիղամիշը եւ ընդհուպ մոտենալ Կարսի ամրոցին: Օսմանյան հրամանատարության հարձակման գլխավոր թիրախը Արեւելյան Հայաստանն էր, ուստի թուրքերը ձգտում էին թույլ չտալ, որ նոր կազմավորված հայկական բանակը համալրվի ի հաշիվ վասպուրականցիների: Թուրքերը դրդում էին քրդերին հարձակումներ գործել Վանի պաշտպանական դիրքերի վրա, մինչեւ իրենք կմոտեցնեն գլխավոր ուժերը:
Քրդական, ապա թուրքական հարձակումները ուժեղացան փետրվարին: Հայկական հրամանատարությունը որոշեց պաշտպանողականից անցնել հարձակողական գործողությունների եւ դուրս մղել հակառակորդին մի շարք կարեւոր դիրքերից: Որոշվեց օգտագործել զորատեսակի՝ ռազմական նավակների գերազանցությունը: Հրամանատարությունը մշակեց միաժամանակյա ջրային եւ ցամաքային հարձակում Ալջավազում (Արծկե) գտնվող թուրքական հենակետի վրա:
Թուրքերը, որոնք սպասում էին միայն ցամաքային հարձակման, խուճապի մատնվեցին, երբ իրենց դիրքերը հրետակոծվեցին լճից: Դրան հետեւեց հայկական հեծելազորի հարձակումը, եւ թշնամին խուճապահար փախուստի դիմեց:
Փետրվարի 13-ին փորձ արվեց նման եղանակով գրավել Ախլաթը, որը, սակայն, չհաջողվեց, քանի որ խիտ մառախուղը թույլ չտվեց արդյունավետ օգտագործել նավային հրետանին ու գնդացիրները:
Մարտին հակառակորդը ուժեղացնում է ճնշումը, ձեռնարկում է հարձակում, սակայն մարտի 8-ին ծանր պարտություն է կրում եւ հետո միայն վերսկսում է հարձակումը երկու հիմնական ուղղություններով՝ կենտրոնացնելով Առնիս գյուղի պաշտպանական դիրքերի վրա 2 հազար զինվոր, 10 թնդանոթ ու 12 գնդացիր, իսկ Ոստանի ուղղությամբ՝ 1500 զինվոր, 4 թնդանոթ, 6 գնդացիր ու մեծաքանակ քրդական ուժեր: Մարտերը շարունակվում են 3 օր:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Պատմության էջերից