Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՏ



ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՏՄայիսի 7-ին՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկը: Հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանն ընդունեց Քաշաթաղի պատվիրակությանը: Տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկելի է, կան կրակոցներ առաջնագծում, սակայն դրանք սովորական են: Այս օրերին Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց զինվոր եղբայրների համար պատրաստել էին նվերներ` քաղցրավենիքով և սննդամթերքով արկղեր և դպրոցականների նամակները զինվորներին:

Ներկա եղանք զորամասի առավոտյան արարողությանը, որի ընթացքում մեր երկու հանրապետությունների օրհներգերի ներքո զինվորները բարձրացրին Հայոց եռագույնները: Զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելեցինք առաջնագիծ՝ տանելով նաև քաշաթաղցի դպրոցականների նվերները: Մարտական հենակետեր էր այցելել նաև Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, նա նույնպես զինվորների համար նվերներ էր բերել: Հենակետի պատասխանատու, սերժանտ Գոռ Սարգսյանը զորամասի հրամանատարին զեկուցեց, որ որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել: Հաջորդ հենակետում ավագ լեյտենանտ Արմեն Ասոյանը դիմավորեց հրամանատարին և հյուրերին: Այստեղ ևս խաղաղ է իրավիճակը: Զինվորները աչալուրջ են: Հենակետերի զինվորներին աշակերտների կողմից նաև նամակներ էին հասցեագրված: Իշխանաձորից փոքրիկ Գիսանեն իր նամակի ծրարին ծաղիկներ, սրտիկներ, խաչեր է նկարել և զինվորներին անփորձանք ծառայություն է մաղթել՝ համոզված, որ սահմանը հսկող մեր զինվորները պաշտպանելու են իր ու բոլոր հայ մանուկների անդորրը: Եվս մի քանի մարտական հենակետ այցելեցինք, զինվորներին հանձնեցինք աշակերտների նվերները: Քաշաթաղի և Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարները, շնորհավորելով գալիք տոների առթիվ, հավաստիացրին, որ պատրաստ են ցանկացած հարցում օժանդակելու զորամասին, համագործակցելու հրամանատարության հետ: Հրաժեշտ տվեցինք սահմանի տղերքին՝ ևս մեկ անգամ համոզված, որ Հայրենի հողը հուսալի պաշտպաններ ունի:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Ազգային բանակ


17/05/2018